«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով (2021թ. հունվարի 11-20-ը): Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր 5 օր, սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր:

«Կինոաշխարհ»-ի հետ զրույցում «Ռոլան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանն ասաց.- «16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նախատեսվում էր իրականացնել 2020թ. նոյեմբերի 2-12-ը առցանց ձևաչափով, հետաձգվեց: Երբ անցած տարեսկզբին սկսեցինք նախապատրաստվել 16-րդ «Ռոլան»-ի անցկացմանը, մեր երկրի ամենակարևոր խնդիրը դեռևս միայն համավարակն էր։ Համավարակը հաղթելու կոչը դարձավ մեր փառատոնի նշանաբանը, և փառատոնի ծրագրերն ու աշխատանքները կազմակերպվեցին այդ կարգախոսի շուրջ։ Սակայն սպասվում էր շատ ավելի մեծ փորձություն՝ Արցախյան նոր պատերազմը, որը փոխեց թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքը՝  բերելով նոր իրականություն: Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում որոշեցինք անցկացնել 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին»։

Շուրջ  29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից առցանց կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից:               «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային անվանակարգերը՝ «Գրան Պրի», «Լավագույն Խաղարկային ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ), «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ), «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ», «Լավագույն Ռուսական ֆիլմ»:  «Ռոլան» 16-րդ մանկապատանեկան միջազգային փառատոնի այս տարվա մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը՝ «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ» նոր անվանակարգը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ , ցուցահանդես-մրցույթներ:

16-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով  կկակայան բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր  «Իմ փոքրիկ քույրիկը » խաղարկային ֆիլմի (ռեժ. Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան, 2019թ), «Երալաշ» մանկապատանեկան ամսագրի ամենանոր թողարկումների (գեղ. ղեկ. Բորիս Գրաչևսկի, Ռուսաստան, 2020թ.), «Վիշապագորգը» անիմացիոն ֆիլմի (ռեժ. Գայանե Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի պրեմիերաները: Փառատոնի ժյուրիի համար ծրագրում ընդգրկված է 2019 թ.-ի Օսկար մրցանակաբաշխությանը առաջադրված «Դուստրը» ( ռեժ. Դարյա Կասչեևա , Չեխիա, 2019թ. ) ֆիլմը:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից  է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի»  հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ Անահիտ (ռեժ. Դավիթ Սահակյանցը) անիմացիոն ֆիլմը, Անիկո (ռեժ. Աննա Հարությունյանֆիլմը,  «Ձյունը» ֆիլմը (ռեժիսոր՝ Արեն Մալաքյան), Քաղաքային երազողները (ռեժ.Արծրուն Մանուկյան) անիմացիոն ֆիլմը:

Վեբինարներին կմասնակցեն անվանի կինոգործիչներ, որոնք  առցանց հանդիպումներ և ինտերակտիվ վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների և պատանիների համար՝ չեխ կինոգետ, կինոքննադատ Պավել  Բեդնարիկի  «Չեխական կինեմատոգրաֆի դերը համաշխարհային կինոյի կոնտեքստում» թեմայով դասախոսությունը, բելառուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-անիմատոր Միխայիլ Տումելյայի  «Ինչպես է ստեղծվել անիմացիան» թեմայով վեբինարը, ուկրաինացի նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ Նատալյա Չերնիշևայի «Ժամանակակից անիմացիայի առանձնահատկությունները» թեմայով վարպետության դասը, լեհ ռեժիսոր, դոկումենտալիստ  Թոմաշ Նիթթելի «Ինչպես ֆիլմի վերնագիր ընտրել» թեմայով վեբինարը, հունգարացի ռեժիսոր, պրոդյուսեր, մանկավարժ Նանդոր Գրոշչի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի քննարկումը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ  առցանց ձևաչափով՝

1) «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Վրաստան, Ուկրաինա)

2) «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)

Ցուցահանդես-մրցույթներին ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի կլինեն փառատոնի առցանց հարթակում: Միջազգային ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և մասնակցության վկայականներով:

Լավագույն աշխատանքները 12.01.2021-30.01.2021-ը կցուցադրվեն  Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային  կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:  Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Վանաձորի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային  կենտրոնում 12.01.2021 ժամը 14:00-ին:

«Ռոլան» միջազգային փառատոնի հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա առցանց մասնակցելու  փառատոնի բացման և փակման արարողություններին՝  նկարահանված ֆիլմերի ձևաչափով: Բացման և փակման արարողությունները ներկայացնող ֆիլմերը կցուցադրվեն՝ 11.01.2021. ժամը՝ 18:00-ին և 20.01.2021. ժամը՝ 18:00-ին:

Փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին կարող եք հետևել «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Էլեն Դանիելյան