Կայե դը սինեմայի (Cahiers du Cinéma) դեկտեմբերյան համարի լույս տեսնելուն երկար էինք սպասում, հավանաբար ցուցահանդեսի բացման օրերից։ Իհարկե, ամեն ամիս Կայե կարդալը սովորական մի բան է կինոյի նորություններին հետևող ֆրանսիացիների համար, բայց դեկտեմբերյան համարը պետք է լիներ մի քիչ ավելի լավը, քանզի պատմելու էր Փելեշյանի նոր «Բնություն» ֆիլմի և ռեժիսորի փարիզյան ցուցահանդեսի մասին։

Վերջապես, համարը հայտնվեց գրասեղանիս վրա։ «Փելեշյան․ հրաբխի ներքևում» խորագիրը կրող մեծ հոդվածը հերթական հարգանքի տուրքն է Վարպետին։ Իսկ տողերը, որոնցով հեղինակ Էրվե Օբրոնն ավարտում է իր խոսքը, երևի դեռ երկար կմնան այդ նույն գրասեղանիս վրա։ Օբրոնն ասում է՝

«Այս օրերին, երբ Եվրոպան կրկին լիովին լքել է Հայաստանը, այս օրերին, երբ Լեռնային Ղարաբաղում մարդիկ այրում են իրենց տներն ու հեռանում, այս օրերին Փելեշյանի կինոն դիտվում է լիովին այլ կերպ: Ճգնավոր՝ այո։ Տիեզերագնաց՝ նույնպես։ Նաև սպելեոլոգ կամ երկրաբան, որը ժայռեր է պայթեցնում, վերջապես գտնելու համար իր տեղը, եթե անգամ այն լինի ստորգետնյա, նույնիսկ եթե պետք լինի փակվել մոնտաժային սենյակում, կամ պարզապես կենդանի թաղվել: Փելեշյանի կինոյի թերևս ամենագեղեցիկ պատկերներից մեկը «Բնիկների» այն մոլորված կենդանին է, որը պայքարում է, անվերջ պայքարում՝ փորձելով դուրս գալ փոսից, այն փոսից, որը կմնա իրենը»։

Կայե դը Սինեմայի մեկ այլ լրագրող՝ Արիել Շվեյցերը, ցուցահանդեսի բացման օրերին զրուցել է ռումինացի ռեժիսոր Անդրեյ Ուջիկայի հետ, որը 2005 թվականից հետևում  է «Բնություն» ֆիլմի ստեղծման վերուվար ճանապարհին։ Սիրով, Ձեզ ենք ներկայացնում «Մարդկային տեսակի փխրունության հայելի» խորագիրը կրող հարցազրույցի հայերեն տարբերակը։

Ինչպե՞ս ծնվեց «Բնություն» ֆիլմը

Փելեշյանի հետ մենք ծանոթացանք 1993 թվականին։ Ցանկություն կար համագործակցելու իմ հեղինակած «Out of the Present» ֆիլմի շուրջ՝ ցույց տալով ռազմական հեղաշրջման մի դրվագ։ Սակայն միտքը կիսատ մնաց, իսկ մեր կապը՝ շարունակվեց։ Երբ 2001 թվականին Կարտիե հիմնադրամը պատրաստում էր «Ժողովրդական արվեստ» խորագիրը կրող ցուցահանդեսը, ես առաջարկեցի հիմնադրամի տնօրեն Էրվե Շանդեսին, ներառել նաև «Տարվա եղանակներ» ֆիլմը, որը Էրվեին պարզապես ցնցեց։ 2005 թվականին Կարտիե հիմնադրամը, ZKM Filminstitut-ի հետ միասին, որի տնօրենն այդ ժամանակ ես էի, որոշեց Փելեշյանին առաջարկել նոր ֆիլմի գաղափար։ Այն պետք է լիներ պատասխան 1983 թվականին նկարահանված «Մեր դարը» ֆիլմին, որն ինքնատիպ մտորում է քսաներորդ դարում տեխնիկական «առաջընթացի» աղետալի հետևանքների շուրջ: Նոր ֆիլմի գաղափարը պետք է կառուցվեր բնության և բնական աղետների արխիվային պատկերների շուրջ (միտքը ծագել էր Թաիլանդում տեղի ունեցած ցունամիից հետո): Ֆիլմի ստեղծումը պահանջում էր երկար ուսումնասիրություններ և բանակցություններ նյութերի իրավատերերի հետ։ Աշխատանքը տևեց այնքան ժամանակ, մինչև որ բյուջեն սպառվեց, և ֆիլմը դադարեցվեց: 15 տարի անց, շնորհիվ Երևանի «Ժողովրդական արվեստի հանգույց» (Folk Arts Hub) հիմնադրամի աջակցության, ֆիլմը վերջապես պատրաստ էր։

Ո՞րոնք են օգտագործված պատկերների աղբյուրները։ 

Դրանք և՛ սիրողական կադրեր են, որոնք հաճախ նկարահանվել են բջջային հեռախոսներով, և՛ հեռուստաալիքային արխիվներ, ինչպես  National Geographic-ը կամ Weather Channel-ը, կամ էլ անկախ օպերատորների նյութեր։ Հիմնական մարտահրավերը կայանում էր առանձնացնել արժեքավոր և յուրահատուկ ուժ ունեցող պատկերները այս անեզր օվկիանոսում։ Եվ ըստ իս, Փելեշյանին դա տպավորիչ կերպով հաջողվել է։ Նա չցանկացավ պատկերները դարձնել ավելի մաքուր և գրավիչ։

Իսկ ի՞նչ կասեք ֆիլմի ձայնային ուղեկցման մասին։ 

Այն բաղկացած է ինչպես բնական ձայներից, այնպես էլ ավելացված: Բայց գիտեք, այսօր համացանցում գտնվող պատկերների մեծ մասն արդեն վերամշակված և պոստ սինխրոնիզացված են, և երբեմն շատ դժվար է հասկանալ թե ձայնը բնական է, թե ոչ: Դա յուրատեսակ ձայնային կրկնագիր է, որը պատկանում է պատկերների աշխարհին, որտեղ
սահմանները իրականի և մտացածինի, բնականի և արհեստականի բավականին մշուշոտ են։

Ինչպիսի՞ տեղ է գրավում «Բնություն» ֆիլմը Փելեշյանի ֆիլմացանկում։

Բոլոր առումներով, «Բնությունը» պահպանում է Փելեշյանի նախորդ ֆիլմերի ռիթմիկ և սիմֆոնիկ ընթացքը, բայց սա առաջին անգամ է, որ նա օգտագործում է երկար հաջորդական կադրեր (ներառյալ սիրողական կամերայով նկարահանված մոտ հինգ րոպե տևողությամբ Ճապոնիայի ցունամիի տեսարանը): Կարծում եմ, որ այս փոփոխությունը պայմանավորված է թվային պատկերի հետ, որը չի ենթարկվում նույն ժամանակային սահմանափակումներին, ինչ ժապավենը և թույլ է տալիս կամ պահանջում մոնտաժի ուրիշ մոտեցում։

Ինչու՞ցուցահանդեսի շրջանակներում որոշվեց «Բնություն» ֆիլմը ցուցադրել «Տարվա եղանակների» դիմաց։

«Բնությունը» ինչ-որ չափով «Տարվա եղանակների» հակակետն է: Վերջինս նկարագրում է մարդու հարաբերությունները բնության հետ` առաջարկելով ներդաշնակության հնարավորություն, անգամ, եթե ֆիլմը պարունակում է վրդովված բնության կամ դրա հետ մարդու պայքարի պատկերներ: Այն դեպքում որ «Բնություն» ֆիլմում ներդաշնակությունն ու միասնությունը լիովին քայքայված են, բնությունը կատաղել է մարդկության դեմ և ասես վրեժ է լուծում: Ֆիլմը մարդկային տեսակին առաջարկում է իր փխրունության հայելին՝ դրդելով նրանց կասկածի տակ դնել գոռոզությունը: Բայց Փելեշյանը ֆիլմն ավարտում է խաղաղ բնության պատկերներով, ինչ-որ տեղ հիշեցնող կորցրած դրախտը կամ միգուցե իրականություն, որի համար մենք դեռ կարող ենք պայքարել:

Երաժշտությունը կենտրոնական դեր է խաղում ֆիլմի սիմֆոնիկ մեծության մեջ։ 

Փելեշյանի ֆիլմերում դասական երաժշտության օգտագործումը կապված է սովետական ​​ռեժիսորների, մասնավորապես Էյզենշտայնի, Վերտովի և Էսթեր Շուբի հանդեպ Փելեշյանի ունեցած մեծ սիրո հետ, նաև կինոն՝ որպես պաթոսի վեկտոր ընկալման գաղափարի հետ։ Խորհրդային Միությունում 1930-ականներին կինոյի զարգացմանը խոչընդոտեց ստալինիզմի և սոցիալիստական ռեալիզմի ժամանումը։ Բայց Փելեշյանը շարունակեց ավանգարդիստական ավանդույթները՝ շնորհիվ իր մոնտաժի և երաժշտության, որը ընդգծում է պատկերների մեծությունը: Ահա թե ինչու Սերժ Դանեյը Փելեշյանի մեջ տեսնում էր 1920-30-ական թվականների ավանգարդ խորհրդային կինոյի և 1960-70 թվականների արդիականության միջև գտնվող բացակա օղակի։

Ֆրանկոֆոն մեր ընթերցողները կարող են այս զրույցի ամբողջական բնօրինակը կարդալ Կայե դը Սինեմայի դեկտեմբերյան համարում։ Իսկ ես կուզենայի միայն մեջբերել Սերժ Դանեի վերոհիշյալ խոսքի ճշգրիտ տարբերակը։ Մոսկվայում Փելեշյանի հետ ծանոթանալուց հետո, մեծ կինոքննադատ Դանեյը գրել է՝ «Հանկարծ, ունեցա (հաճելի) զգացողություն,​​ որ հայտնվել եմ կինոյի իրական պատմության բացակա օղակի դիմաց» (Libération, 1983): 

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020