Նրանք կխլեն իմ կղզին
Հունվարի 26-ի երեկոյան Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանի առցանց հարթակում տեղի ունեցավ «Նրանք կխլեն իմ կղզին» («They Will Take My Island ») կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսոր Ատոմ Էգոյանի և կոմպոզիտոր Մարի Կույումջյանի համահեղինակած այս ֆիլմը ստեղծվել է 2021 թվականին։ Կարդալով միայն վերնագիրը, կարելի է հասկանալ, որ սա Ատոմ Էգոյանի հերթական սիրո խոստովանությունն է Արշիլ Գորկուն։
Կարճամետրաժ և չափազանց հուզիչ այս ֆիլմի խորագիրը փոխառվել է Գորկու համանուն կտավից՝ ստեղծված 1944 թվականին։ Ողջ ֆիլմը կառուցված է Արշիլ Գորկու և իր մոր հանրահայտ լուսանկարի շուրջ, օգտագործված են հատվածներ «Արարատ» ֆիլմից, որոնք զուգորդվում են Կույումջյանի երաժշտական հատվածներով։ Հարցազրույցներ են իրականացվել Արշիլ Գորկի հիմնադրամի նախագահ և արվեստագետի թոռնուհի Սասկիա Սպենդերի հետ, նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Փարքեր Ֆիլդի և Վիրջինիայի գեղարվեստի թանգարանի փոխտնօրեն Մայքլ Թեյլորի հետ։
«Նրանք կխլեն իմ կղզին» ֆիլմը թափանցիկ զուգահեռներ է անցկացնում Գորկու աշխատանքների և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակների պատկերագրության միջև։ Ֆիլմը ցույց է տալիս նաև այն հոգևոր ուժեղ կապը, որն Ատոմ Էգոյանը ստեղծել է Արշիլ Գորկու հետ ոչ միայն իր ստեղծագործական, այլ նաև անձնական կյանքում։ Սա ֆիլմի թերևս ամենահուզիչ հատվածներից է, երբ լսվում են Արսինե Խանջյանի հայերեն և Ատոմ Էգոյանի անգլերեն խոսքերը՝ ուղղված իրենց որդուն՝ Արշիլին, բացատրելով, թե որքան կարևոր հայ արվեստագետի անուն է կրում իրենց երեխան։ Ի դեպ, Էգոյանի անձնական արխիվներից այս հատվածները ռեժիսոր Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանն արդեն մեջբերել էր իր՝«Հայաստաններ․Արտիստների ժամանակը» ֆիլմում։
«Նրանք կխլեն իմ կղզին» ֆիլմը կարելի է դիտել Մետրոպոլիտեն թանգարանի Յութուբյան էջում։
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2021թ․