Կարեն Ավետիսյան․Էկզիստեքստ (մաս 8)
Էկզիստեքստ
***
Դավոն տեսել էր հետպատերազմական առաջին պրիզիվը` կամերայից աչքեր փախցնող ու վիզը ծուռ էրեխեքով լի վայենկամատի միջանքներ։ Ասում ա` ավելի ահավոր բան վաղուց չէր տեսել։
***
Սիմոնյանը զոհվել էր, նա ով, որ 11 տարի առաջ դրոշի պոստի նարյադ փակել տալուց մեզ համոզում էր` «արա, հասկացեք, դրոշի պոստը ամենալավ նարյադն ա` դու շարքային, բայց սաղ քեզ չեստ են տալիս»։
Հարցրեցի` ո՞նց ա զոհվել, ասին` հետ վերցրած տարածքում մեր դրոշը դնելուց։
Թաղումը արդեն բաց էի թողել, աճյունի փոխարեն` պատվի առա զորամասի դիմացի էն նույն դրոշը . . . եսիմ . . .
***
Ասին Ջրիկ Կարոյի ձեռն են վաղը ամպուտացնելու ու կարող ա հետն էլ` ոտքը։
– Ալո՛, Կարո ջան, բարև ախպերս, ո՞նց ես։
– Սենց էլի, ոտուձեռ եմ ընգել, ախպեր ջան։
– Իմացա ցավդ տանեմ, չգիտեմ ինչ ասեմ, պինդ մնա, բա ոտիդդ մոմենտով ի՞նչ են ասում։
– Նոր եմ ջոկում որ եթե մի ոտս ու մի ձեռս կտրեն, լրիվ բառի բուն իմաստով իմ մասին ա լինելու, էն որ ասում են` «փառք աստծո ոտով–ձեռով եմ» ։
Մի պահ իրականությունից կտրված սկսեց վրա–վրա հումորներ անել «ոտի վրա խաբելու», «ձեռին զանգելու» ու տենց բաների մասին։
Վերջում էլ ասեց` «ապեր, մինչև օպերացիաս, որոշել եմ սաղ կայֆերը անեմ, հիմա մի ձեռով հետդ եմ խոսում, մի ձեռով էլ` շռում»։
***
Անժելայի հետ անդադար վիճում էի, որ եղել ա ոչ թե «դավաճանություն», այլ «անգործություն»։
Հանկարծ Անժելան էդ երկուսի մեջ դրեց հավասարության նշան ու հավասարումը լուծվեց` իր հետ միասին մեզ էլ լուծելով բութ ու անդարման ցավի մեջ։
***
Արեգից սովորեցի վախն ու տագնապը հաղթահարել ցինիզմով։ Երկու տրաքած շենքերի արանքում էինք, մոտակայքում լսվեց նոր պայթյուն։ Մեկս մտավ մի շենքի մեջ, մյուսս` մյուս։ Արեգը հայացք գցելով ապականված շուրջբոլորը տեսավ, որ զուգարանը նախորդ պայթյունից ամենաքիչն ա վնասվել ու պաղկվեց էնտեղ։ Ես էլ մնացի մյուս շենքի գարաժում, մի քանի րոպեից նոր պայթյուն` արդեն մեր կողքին…ավանդական` «սա՞ղ ես»–ի փոխարեն գոռացի դեպի դիմացի` դատարկությունից արձագանքող շենք` «շաուրմեն սոխով ես ուտում թե՞ առանց»… մի քանի վայրկյանից լսվեց պատասխան` «առանց . . .մեկ էլ ասա թող կծու չդնեն»։
***
– Շնորհավո՛ր, ցավդ տանեմ։ Գիտեմ, որ դեբիլ հարց ա, բայց ո՞նց ըտտե դիմավորեցիք։ Վաբշե եմ ասում, նկատի չունեմ` տոնածառ եք զարդարել կամ տենց ։
– Ապեր, կակռազ հենց տոնածառ էլ զարդարել ենք, ասեմ իմանաս։
Չաստից դուրս լանջին մի հատ սիրուն յոլկա ունեինք, ճաշարանից վերցրինք 13 հատ տուշոնկա, ամեն մեկի վրա գրեցինք զոհված տղեքրի անունները` «Վահե», «Արտյոմ», «Անդրանիկ», «Կարո» ու իրանցով զարդարեցինք յոլկեն։ Տուշոնկեքը բացեցինք, մեջինները դատարկեցինք, որ զակուսկա ունենանք, տեղն էլ դրեցինք սուխոյ սպիրտ, որ «խաղալիքները» տոնածառի վրա վառվեն…իրանց հիշատակի պես…
(շարունակելի․․․)
——————————————————————————————
Կարեն Ավետիսյան
Լուսանկարը` Արեգ Բալայանի
Արցախ, 2020-2021
Հ․Գ․kinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝ առանց միջամտության։