Ֆրանսիայում, ինչպես նաև այս  օրերին բազմաթիվ այլ երկրներում, մշակութային կյանքը վերցրել է պարտադրված արձակուրդ։ Թանգարան կամ կինոթատրոն գնալը դարձել է փարիզեցիների ամենամեծ երազանքը։ Ավելին, օրեր առաջ, Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկրում պարետային ժամը դառնում է 18:00-ից սկսած:

Այսպիսով, մեզ մնում է կամ երեխաների հետ միաժամանակ գնալ քնելու, կամ միացնել հեռուստացույցը, որոշ դեպքերում՝ համակարգիչը, և դիտել հետաքրքիր ծրագրեր, կամ ավելի լավ է՝ ֆիլմեր։ Այս հարցում, փրկության է գալիս Լուվրի թանգարանն իր արվեստառատ առաջարկով։ Աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանն իհարկե ֆիզիկապես փակ է, սակայն աշխատանքային թիմը գտել է արվեստի ճառագայթման նոր տարբերակ։ Լուվրում ամեն տարվա հունվար-փետրվար ամիսներին անց են կացվում «Արվեստի կինոյին նվիրված միջազգային օրերը» (JIFA-Journées internationales du film sur l’art

Այս տարի, որոշվեց միջոցառումն անցկացնել առցանց։ Եվ լավ նորությունն այն է, որ ֆիլմերի մեծ մասը կարելի է դիտել անվճար։  14 տարի շարունակ կազմակերպվող այս միջոցառումն առաջին անգամն է, որ առցանց է առաջարկում դիտել իր ամբողջական ծրագիրը՝ 14 գեղեցկագույն ֆիլմեր արվեստի վերաբերյալ։

Միջոցառումը մեկնարկում է վաղը՝ հունվարի 22-ին և կտևի մինչև հունվարի 31-ը։ Սակայն, ֆիլմերի հղումները ակտիվ կմնան իրենց ցուցադրությունից հետո ևս տասն օրերի ընթացքում։ Ֆիլմերի անվճար տեղադրումը հնարավոր դարձավ Լուվրի թանգարանի և մի շարք պրոդյուսերների բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ֆրանսիայում կինոթատրոնները և մյուս մշակութային հաստատությունները այսօրվա տվյալներով՝ առաջիկայում վերաբացման հեռանկար չունեն։

Եվ այսպես, հունվարի 22-ից Լուվրի կայքէջում անվճար կարելի է դիտել վավերագրական ֆիլմեր, լսել ռեժիսորների մասնակցությամբ կազմակերպված կոնֆերանսներ և քննարկումներ՝ Վելասկեսի, Պիկասոյի, Մատիսի, Վան Էյկ եղբայրների, Ժաումե Պլենզայի և շատ ուրիշ մեծ արվեստագետների մասին։

Ի դեպ, Ժաումե Պլենզայի աշխատանքներով երևանցիները կարող են հիանալ նաև ոչ առցանց, պարզապես զբոսնելով Կասկադի Գաֆէսճեան քանդակների պարտեզով։

Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ վիրտուալ իրականությանը և համակարգչային էկրաններին փոխարինելու կգան մի ժամանակ այդքան սովորական թվացող կինոթատրոնային մութ դահլիճներն ու հարմարավետ բազկաթոռները։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2021թ․