Արեգը զրույցից առաջ թեյ է պատրաստում: Արտասահմանցի գործընկերը, որ Հայաստան է եկել օրեր առաջ, սպասում է, որ շուտով Արեգն իրեն Արցախ է տանելու՝ տեսնելու այն, ինչ մնացել է: Զրուցում ենք:

«Տարօրինակ է, բայց ես Արեգի մեջ բարկություն չեմ տեսնում: Հիմա՝ քեզ հետ խոսելիս, քո մեջ էլ չեմ տեսնում»,- ասում է արտասահմանցին:

«Մենք այնքան բան ենք կորցրել… Հիմա դեռ միայն տխրում ենք, գուցե հետո զայրույթ լինի, երբ տխրելու էլ տեղ չմնա»,- ասում եմ ես:

Զրուցակիցս գլխով է անում ու թույլ ժպտում:

– Ընկերդ ասում է՝ մեջդ զայրույթ չկա:

– Դեպի դուրս՝ չկա: Ավելին՝ գուցե շատ վատ է հնչում, բայց կողքի հայացքից նայելով… Ինչ ծրագրել էին, արեցին: Կարողացան: Վարկած կա, որ ծրագրում էին այս ամենին հասնել 15 օրում: Չկարողացան: Ինչքա՜ն երկար տևեց: Բայց գինը… Շատ թանկ էր, շատ ծանր:

Գիտե՞ս՝ կյանքում էլ է այդպես. մարդիկ միշտ ինչ-որ բաներ են ուզում անել քեզ հետ՝ դպրոցում, բակում, աշխատավայրում, ընտանիքում, բանակում: Մյուսները միշտ  քեզ հետ կապված ծրագրեր ունեն: Դու միշտ այդ պրոցեսի մեջ ես: Դու դրան կա՛մ պատրաստ ես, կա՛մ ոչ: Մենք կարող էինք պատրաստ լինել և ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս վիճակից՝ թե՛ մարդկայն, թե՛ տարածքային, թե՛ բարոյական, թե՛ ռեսուրսների իմաստով: Բայց մենք… Որքան հնարավոր էր փչացնել, փչացանք: Եվ մենք ենք դա թույլ տվել: Թուրքը չի եկել, ձեռքներս բռնել և ասել՝ «վատ սովորեք, որպես քաղաքացի՝ ձեզ վատ պահեք, մի հարգեք իրար»: Ոչ: Մենք ենք դա արել: Ուղղակի իրականության հետ բախումը շատերի համար շոկային էր, որովհետև մարդիկ չէին պատկերացնում՝ մենք ո՞վ ենք: Իհարկե, խոհանոցային, երթուղային տաքսիների մակարդակում այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց հիմա մարդիկ տեսան իրականությունը: Ես դա 2016 թ.-ին էի տեսել՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ տանջվեցի, տառապեցի, փլվեցի, ոչնչացա… Այս անգամ… Երբ ոչինչ ես, ոչինչ չես կորցնում այլևս…

– Մենք՝ բոլորս, ասում ենք՝ սա մեր պատերազմն էր: Ծանր էր, դժվար էր: Բայց չկա մեկը, ում համար այս պատերազմն ավելի իրենը լիներ, քան դու: Դու պատկերացնում էիր՝ ի՞նչ ես գնում նկարելու:

– Ենթադրում էի, բայց ոչինչ չէի պլանավորում: Անգամ 10 րոպե հետոն չէի պլանավորում: Այնտեղ ինչ-որ բան պլանավորելը ոչ թե անիմաստ, այլ խնդալու բան էր: Դու ուղղակի չգիտես՝ կհասցնե՞ս արտաբերել հաջորդ բառդ, թե՞ ոչ: Ուղղակի ընկնում ես պատերազմի ալիքի մեջ ու սկսում ես տեղում կողմնորոշվել: Իրականությունն ամեն հաջորդ վայրկյանին փոխվում է, և դու ընդունում ես դա:

– Իսկ այդ իրականությանը հե՞շտ է հարմարվելը:

– Եթե ինքդ քեզ անծանոթ ես, չէ: Մենք միշտ ինչ-որ իրավիճակներ ենթադրում ենք: Օրինակ՝ ի՞նչ կանենք, եթե երեկոյան, անմարդ փողոցում մեզ վրա շուն հարձակվի, կամ՝ ինչպիսին է լինելու մեր առաջին հանդիպումը մարդու հետ, ում սիրահարված ենք: Ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք խոսելու: Բայց այդ պատկերացումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Նոր ստեղծվող իրականության մեջ դու սկսում ես ինքդ քեզ հետ ծանոթանալ: Ես ինձ հետ 2016 թ.-ին ծանոթացա: Իհարկե, այս անգամ էլ եղան իրավիճակներ, որոնք ինձ համար անծանոթ էին: Անցյալ անգամ, ինչպես ասում են՝ «ինքս ինձ հետ խոսեցի, պարզվեց՝ մի հրաշք անձնավորություն եմ»: Այդ ժամանակ ինքս իմ մասին վատ բան չպարզեցի: Բայց այս անգամ մի դեպք եղավ… Գիտե՞ս՝ երբ պատրաստ չես, խաբվելը հեշտ է: Իհարկե, հիմա հարյուր պատճառ կարող եմ գտնել, արդարացում, բայց… Ոչ թե ինչ-որ վատ կամ սխալ բան եմ արել, ուղղակի արել եմ մի բան, որը չէի պատկերացնում, թե կանեմ: Որովհետև չէի պատկերացնում նաև այդ իրավիճակը: Մենք միշտ, ինչ-որ իրավիճակներ պատկերացնելիս, շատ հանգամանքներ հաշվի չենք առնում: Բայց, երբ դա տեղի է ունենում իրականում, դու ստիպված ես լինում հաշվի նստել այդ հանգամանքների հետ: Ընդամենը իրականությունն ու պատկերացումներս «չսինքրոնիզացվեցին»:

– Ի՞նչ էր:

– Տարհանման օրը: Մեզ ուղղակի խաբեցին, ու մենք էլ խաբեցինք ինքներս մեզ: Նորմալ չէ, որ տարհանում են հայտարարում, և զենքով մարդիկ լքում են քաղաքը: Այդ ժամանակ արդեն շատերի ձեռքին զենք կար, այդ թվում և իմ: Վերջին օրերին գիշերները հերթապահություն էինք անում: Հետ ես նայում, ու հասկանում ես, որ դա աբսուրդ էր. այդքան զինված մարդիկ դուրս եկավ Ստեփանակերտից, այն դեպքում, երբ հայտարարում էին, որ քաղաքի վրա են հարձակվելու: Այդ օրվա զզվելի զգացողությունը մնաց, մինչև հիմա:

– Ի՞նչ կարող էիր անել:

– Մնալ, ինչպես մյուսները, ովքեր որոշեցին մնալ: Օրինակ՝ հայրս: Ու իրենց առաջ մեղքի զգացումը մնաց… Հետո հորս հարցերցի, ասաց՝ «Ինչպե՞ս էիր պատկերացնում, որ ես դուրս գայի»: Չէի պատկերացնում: Բայց այդ պահին ուղեղդ ֆիքսում է այն, ինչն իր համար ավելի նախընտրելի է, օրինակ՝ խոստումը, որ դուրս կգա հայրդ: Չգիտեմ… Երևանում երկու օր մնացի, հետո հետ գնացի: Եռակողմ հայտարարության մասին Երևանում իմացա: Այդ երկու օրը տնից ընդհանրապես դուրս չեմ եկել: Չգիտեի՝ դուրս գամ ո՞ւմ տեսնեմ, ի՞նչ ասեմ, կամ ի՞նչ լսեմ: Ո՞վ կարող էր ինչ-որ բան ասել, որ լսես… Ամեն ինչ արվեց, ամեն ինչ լսվեց…

– Իսկ 2016 թ.-ին ի՞նչ կոտրվեց մեջդ:

– Չկոտրվեց: Խզվեց: Լիքը կապ խզվեց իմ բաղկացուցիչ մասերի հետ՝ հայրենիք, պետություն, կառավարություն… Բնազդի մակարդակի փոքրանում, դառնում ես այն «Է»-ն, որովհետև ուրիշ ոչինչ չես ունենում: Միայն ինքդ քեզ, մի 60 տարեկան հրացան ու 4 «մագազին» փամփուշտ: Ապրիլյանի ժամանակ ես «Եղինկներում» էի: Այդ ժամանակ հասկացա, որ ես ճակատից չեմ վախենում: Ես վախենում եմ, որ թիկունքից մեր հետևից չեն գա: Որովհետև ոչինչ արված չէր, որ մենք այլ կերպ մտածեինք:

– Դու 2016 թ.-ին կռվել ես: Ի՞նչն էր ավելի հեշտ՝ կռվելը, թե՞ ուրիշների կռիվը նկարելը:

– Ուրիշինը չէր, հենց դա է: Ուրիշինը չէր: Նույնն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ աստիճանի պատասխանատվություն ես վերցնում ինքդ քեզ վրա՝ գործդ անելիս: Մարդիկ կան, որ սահմանի վրա կանգնած են, բայց ավելի քիչ բան են անում, քան, օրինակ, ծառը: Ծառը, գոնե, թթվածին է տալիս, թռչունները վրան բույն են դնում… Մարդիկ կան մակաբույծ են: Կապ չունի՝ որտեղ ես՝ թիկունքում, թե սահմանին: Կապ ունի՝ թե ինչ պատասխանատվություն ես ստանձնում: Եվ, եթե վերցրածդ պատասխանատվությունն այնքան է, որ գիշերը կարողանում ես քնել, ուրեմն՝ քո կռիվն է:

– Եղբայրդ ծառայում էր այս ընթացքում:

– Երեքն էլ:

– Շա՞տ էիր մտածում նրանց մասին:

– Գիտե՞ս՝ նման տեղերում անընդհատ չես կարողանում ինչ-որ մեկի մասին մտածել: Այդպես կարող ես անել, եթե, օրինակ, ինքդ ինչ-որ ապահով տեղում ես: Իհարկե, մտածում էի, ոչ միայն մտածում էի, այլև անում էի. Ընկերոջս խնդրել էի՝ ԱՄՆ-ից ինչ-որ անհրաժեշտ բաներ էր ուղարկել՝ ջերմադիտակ (տեպլավիզոր) և այլն: Բաներ, որոնց շնորհիվ նրանց՝ ողջ մնալու հավանականությունը մի փոքր կմեծանար: Բայց, եղել է, որ չեմ հասցրել ուղարկել: Եղել է, որ զորամասում ուղարկածս ուսապարկն ուղղակի անհետացել է, տեղ չի հասել… Եղել է, որ հասկացել եմ՝ այլևս չեմ հասցնի ուղարկել եղբորս, կողքիս այլ մարդիկ են եղել, տվել եմ նրանց, ասել եմ՝ «Տղերք, ախպորս համար էի բերել, ձեզ եմ տալիս»: Բայց, միևնույն է… Շատ մենակ ես մնում այդ ժամանակ: Իհարկե, սկսում ես հոգ տանել ինչ-որ մարդկանց մասին, իրենք՝ քո մասին, բայց… Մենության մի կերպ կա, որ նորմալ է դառնում, որովհետև միտքդ, ուղեղդ միշտ արթուն պետք է լինի: Որովհետև ինքդ քեզ ամեն քայլիդ համար պետք է պատասխան տաս, ամեն որոշմանդ համար: Եթե որոշում ես գնալ նկարահանման մի տեղ, որտեղ շատ վտանգավոր է, դու պետք է գիտակցես, որ կարող ես այլևս չվերադառնալ: Չմտածես, որ ամեն ինչ լավ կլինի, սուրճդ էլ չդնես կրակին այն հույսով, որ կվերադառնաս, կխմես… Գուցե անես նման բան, բայց դա էլ պետք է իմաստ ունենա: Օրինակ՝ տարհանման օրը ես տուն չմտա: Ոչինչ հետս չվերցրեցի, որպեսզի հետ գամ: Ես պատրաստ էի ամեն ինչ կորցնել, բայց դա նաև չկորցնելու գինն էր: Այդ պատրաստակամությունը: Գիտե՞ս, երբ մտածում ես, թե քանի մարդ է կորցրել իր տունը, ամեն ինչ, երբ մտածում ես, որ քո մեքենայով կարող ես մեկ կամ մի քանի հոգու հետդ դուրս բերել, ինչպե՞ս կարող ես մտածել իրերդ հետդ վերցնելու մասին:

Թիկունքի մարդկանց մասին ես ավելի քիչ մտածում: Ավելի թիկունքի: Ստեփանակերտն այս անգամ թիկունք չէր: Տարածքը, ընդհանրապես, 2D էր դարձել, քարտեզի տափակ պրոյեկցիան: Ու, երբ գիտես, որ կան մարդիկ, ովքեր դուրս են դրանից՝ գոնե անվտանգության իմաստով, սկսում ես նրանց մասին ավելի քիչ մտածել: Նախ, որ չգժվես, հետո, որ կենտրոնացումդ պահպանես: Իհարկե, կան մարդիկ, ում մասին չմտածել չես կարողանում, որովհետև քո լինել-չլինելը ուղիղ ազդեցություն ունի նրանց վրա:

– Ի՞նչն էր խանգարում քեզ այդ ընթացքում ամենաշատը:

– Ինֆորմացիայի փակ լինելը: Տաբուները շատ էին, ու դա ոչ միայն խանգարում էր վավերագրել այն, ինչ պետք էր վավերագրել, այլև ինչ-որ անհասկանալի վախեր էր ստեղծում: Այդ տաբուները մեծացնում էին տագնապի մասշտաբները: Տեղում աշխատած բոլոր լրագրողները դա գիտեին՝ «կամերայով» մարդը բոլորի թշնամին էր: Մարդիկ կարծում էին, որ, եթե իրենց նկարում ես, ուրեմն հենց այդ պահին իրենց խփելու են: Ու դու չէիր կարողանում բացատրել, որ նկարածդ հիմա որևէ տեղ չի հրապարակվելու, որ մնալու է խցիկի մեջ և այլն: Մի օր Շուշիում մի պատի վրա «Բլոջիկներիցս» էի նկարել… Մարդիկ կարծել էին, թե ադրբեջանական նշան է, թե լրտես է եկել, գիշերը նշան է արել այդ պատի վրա, քանի որ այն ապաստարանի մոտ էր: Առավոտյան պատը քանդել էին, որ նկարածս չերևար:

– Ասում ես՝ այնտեղ ինֆորմացիան քիչ էր: Այստեղ էլ շատ էր: Շատ էր ու անիմաստ:

– Հա, աղմուկ էր: Հիմա էլ է աղմուկ: Սարսափելի աղմուկ: Ոչ ոք չի ուզում ձայնը կտրել, լռել: Ոչ ոք չի ուզում մի քիչ նստել, մտածել՝ ինչ եղավ: Առանց խոսելու, առանց բղավելու, ուղղակի մտածել՝ ինչ եղավ մեզ հետ: Ախր այդ աղմուկի մեջ… Բոլորն իրենց կաշին փրկելու մասին են մտածում, իրենց ֆիզիկական գոյության մասին: Իսկ իր ֆիզիկական գոյության վախը զգացող մարդը չի կարող մտածել այն մասին, որ ուրիշի երեխան վերմակ չունի, մրսում է, որ Մարաղայում մարդիկ չհասցրեցին իրենց այգու արքայախնձորը հավաքել…

– Ե՞րբ հասկացար պատերազմի իրական մասշտաբները: Հատկապես՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի փորձդ, երբ քառօրյա կոչվող պատերազմն, իրականում, ամիսներ տևեց: Մտածո՞ւմ էիր, որ այսքան երկարատև ու այսքան սարսափելի կլինի այս անգամ:

– Իրականում, դժվար է հավատալ նրան, ինչ կա հիմա: Դժվար էր հավատալ, որ թուրքերը կգան, կհասնեն Շուշի: Միևնույն է, անգամ, եթե բավարար տեղեկություն ունենաս՝ «ախտորոշում դնելու համար», միշտ մի վերջին հույս կա, որ լավ կլինի: Դու իրականությունը չես տեսնում և սկսում ես հորինել ինչ-որ բաներ, որովհետև այդ իրականությունն անհնար է ընդունել ինքնակամ: Դա նման է կյանքի և մահվան ընկալմանը: Մենք՝ բոլորս էլ գիտենք, որ կյանքում միակ երաշխավորված բանը մահն է, բայց, միևնույն է, բոլորս էլ ապրում ենք այնպես, ասես երբեք չենք մահանալու:

– Իսկ ե՞րբ հասկացար, որ ամեն ինչ վատ է:

– Շատ լավ հիշում եմ այդ օրը: Հոկտեմբերի 25-ի գիշերն էր: Ընկերներիցս Տիգրան Շահբազյանը մի օրով եկել էր Ստեփանակերտ: Գիշերը նստեցինք, ոչինչ չենք խոսել, ոչինչ: Առավոտյան 5-ի կողմերը սկսեց պատմել, պատմեց Հադրութի մասին, որտեղից գալիս էր: Մի պատմություն պատմեց՝ տարեց հոր ու որդու մասին, որ հրաժարվել էին դուրս գալ գյուղից ու մնացել էին իրենց տանը, երբ բոլորը դուրս էին եկել (խոսքը 61 օր անտառներում թաքնված Միքայել և Գեղամ Պետրոսյանների մասին է, որոնց հաջողվել էր ողջ մնալ- Ս.Մ): Դրանից հետո հիվանդացա: Երկու օր անշարժ պառկեցի: Այդ ժամանակ հասկացա՝ սա վերջի սկիզբն է:

– Ի՞նչ կուզենայիր նկարել, որ չկարողացար:

– Բժիշկներին: Այդ դժողխքում անել գերմարդկային գործ՝ առանց որևէ բան ասելու, խոսելու: Լուռ անել իրենց գործը: Իսկ իրենք սարսափելի բաներ էին տեսնում: Ու դրանից հետո չէին գոռում, չէին բողոքում, մարդուն չէին սպանում իրենց ներսում: Փոխարենը՝ իրենց գործն էին անում: Երևի դա ամենասիրուն բանն էր, որ տեսել եմ պատերազմի ընթացքում: Երբ տեսնում ես այդ մարդկանց գործը, հասկանում ես, որ նրանց համար առաջնահերթությունը մարդու կյանքն է:

Զինվորներին կուզենայի ավելի շատ նկարել: Դիմանկարներ:

– Ինչո՞ւ:

– Հիշելու: Նրանց՝ մոռացված չլինելու համար: Մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 21-ի համար հոլովակներ էի նկարել՝ զինվորների մասնակցությամբ: Չգիտեմ՝ նրանցից քանիսը ողջ մնացին: Միայն գիտեմ՝ Հադրութում նկարածս 6 տղաներից 2-ն այլևս չկան: Այդ հոլովակները դարձան նրանց վերջին խոսքը:

Անցյալ տարի նախագիծ արեցինք՝ «Արտեֆակտը՝ հետևանք»: Պատերազմի հետևանքների մասին էր: Մեր հերոսներից մեկը Արամն էր: Տարհանման օրը գնացի Ստեփանակերտի գերեզմանոց, ման եկա, նկարեցի… Նոր փորված գերեզմաններից մեկի խաչի վրա Արամի նկարը տեսա: Զոհվել էր: Հետո Արամի կինը գրեց ինձ՝ Արամի օգտահաշվից: Նայում ես՝ նամակ ունես Արամ Մկրտչյանից… Նկարներ էր խնդրում… Եսի՞մ:

– Ինչի՞ց ես թևաթափ եղել:

– Ինձ համար, ընդհանրապես, շատ կարևոր են հարաբերությունները: Մարդ-ծառ, ծառ-ճիճու, մարդ-երկիր, մարդ-մարդ… Պատերազմի ժամանակ այդ հարաբերությունները շատ ծայրահեղ են: Կողք կողքի տեսնում ես ֆանտաստիկ հարաբերություններ: Օրինակ՝ մի տղայի, ում բոլորը «գժի» տեղ են դնում, իսկ ինքը հավաքում է կենդանիներին, որոնց տերերն իրենց թողել, գնացել են: Հավաքում ու հոգ է տանում:

Ընկերներս օգնություն էին ուղարկում Ստեփանակերտ: Ես, գործերի արանքում, բաժանում էի այդ օգնությունը: Բաժանելու օր ունեինք: Հերթական անգամ Ստեփանակերտի կենտրոնում մի շենքի բնակիչների համար օգնություն էինք տարել: Բաժանեցինք, վերջացրեցինք, ու, երբ ձեռքս մեկնեցի մի տարեց մարդու՝ հաջողություն ասելու համար, նա բռնեց ձեռքս ու համբուրեց: Այդ պահին քանդվեցի: Մտածում ես՝ ինչպե՞ս կարելի մարդկանց հասցնել այն վիճակին, որ ձեթ ու բրինձ բերողի ձեռքը համբուրեն: Ախր ես ո՞վ եմ, որ իմ ձեռքը համբուրում ես: Ախր սա է ձեր սարքած երկիրը, ախր դուք ինչպե՞ս եք ինչ-որ վեհ գաղափարներից խոսում, դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու ժողովրդից, հայրենիքից, որևէ բանից:

Մարաղայի, Քարվաճառի տարհանումը… Մարաղա ընդամենը 5 մեքենա էին ուղարկել՝ մարդկանց օգնելու համար: Մարդիկ օգնության կարիք ունեն, և դու՝ որպես պետություն, պարտավոր ես օգնել նրանց, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք՝ լավն են, վատն են, հանցագործ են, սրիկա են… Եթե դու, առանց նրանց հարցնելու, տալիս ես նրանց տունը թշնամուն, ապա առանց հարցնելու էլ պետք է օգնես նրանց:

Մարդիկ կային, որ ընդամենը մի քանի ժամ ունեին՝ գյուղն ազատելու համար: Մի կնոջ հանդիպեցինք, որ «Գազել» էր վարձել՝ կարծեմ 100.000 դրամով, տան իրերը հանելու համար: Ու գիտե՞ս՝ ինչ էր տանում՝ վերմակ-դոշակները, որովհետև այդ մեքենայով այլ բան տանել չէր կարող: Եվ, ընդհանրապես, ավել բան չուներ էլ տանելու: Այդ տանն եղած բոլոր իրերն իրար հետ հնարավոր էր գնել 1000 դոլարով, բայց դա իր ամբողջ կյանքի վաստակն էր: Իր ամբողջ կյանքի վաստակը հնարավոր էր գնել 1000 դոլարով: Բայց նա դա էլ չկարողացավ փրկել:

Մարաղայում մի ջահել ընտանիք տեսանք: Տունը 2 ամիս առաջ էին ավարտել: Հարմարավետ, փոքր տունիկ: Աղջիկները, որ երևի 10 տարեկան էլ չկային, բազմոց էին քարշ տալիս, օգնում էին ծնողներին: Հասկանո՞ւմ ես՝ ամբողջ կյանքում երազես մեծանալու, ընտանիք ունենալու, տուն սարքելու, ծառ տնկելու մասին, անցնես այդ բոլոր «կլիշեների» վրայով ու այդ ամենը վերացնես քո ձեռքով:

Կամ 30 տարի տուն սարքես, հետո ձեռքդ չգնա՝ այրես: Տղադ անի դա: Տես, դա էլ է հարաբերության մասին: Սերունդը, որ սարքողն էր, այրել չկարողացավ: Սերունդը, որ սարքողը չէր, այլ օգտագործողը, չուզեց, որ ուրիշն այն օգտագործի: Ինքը չգիտեր՝ սարքելն ինչ է: Դրա համար էլ այրեց:

Ոչ մի տեղ չի տեղավորվում այս ամենը: Եվ ամենավատը գիտե՞ս որն է: Մարդիկ, ում այդկերպ են վերաբերվել, նույն կերպ էլ վերաբերում է մյուսներին, բնությանը, պետությանը: Երբ ես որևէ մեկի հետ ծանոթանում եմ, իհարկե, ինձ համար կարևոր է իմ և այդ մարդու հարաբերությունը, բայց ինձ համար ավելի կարևոր է այն, թե ինչպիսին են նրա հարաբերությունները մյուսների հետ:

Մենք կյանքի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մենք ուղղակի կատարվում ենք դրա մեջ, բայց մենք դրան չենք վերաբերվում: Մենք չենք վերաբերվում մեր մշակույթին, մեր մարդկանց… մենք ուղղակի կանք: Կեղտոտ շրջապտույտ է, որի մեջ ընկած՝ պտտվում ենք:

Տես՝ մենք այնքան լավ բաներ ունենք ստեղծած՝ կինո, երաժշտություն, արվեստ, խոհանոց, գինի, հազար բան… Բաներ, որ որպես երևույթ լավն են, բայց մենք այդ ամենը վատ ենք անում: Մենք անգամ մեր ստեղծածի նկատմամբ վերաբերմունք չունենք: Մեզ անընդհատ սովորեցնում են, որ պետք չէ լավ անել, որ ինչպես էլ անենք, կլինի: Այդպես էլ արեցինք, դրա համար էլ այսպես եղավ:

– Ասում էիր՝ 2016 թ.-ից հետո մեջդ շատ բան փոխվեց: Իսկ այս անգա՞մ:

– 2016 թ.-ից հետո սկսեցի քիչ խոսել: Հիմա՝ ավելի քիչ:

– Ինչո՞ւ:

– Անիմաստ է: Չեն լսում: Մարդիկ չեն լսում՝ միմյանց, իրենք իրենց: Իսկ, եթե չեն լսում, ասելն իմաստ չունի: Ո՛չ ասելու բան կա, ո՛չ լսելու: Հիմա ես բավարար գիտելիք, փորձ ու ինֆորմացիա չունեմ՝ վերլուծություններ ու հետևություններ անելու: Հիմա իմ առջև մի քանի անհայտով հավասարում է, որը ոչ միայն լուծել չեմ կարող, այլև՝ ձևակերպել: Ընդհանրապես, մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք ձևավորված խնդիր: Պատերազմի ընթացքում էլ չունեինք: Անգամ #հաղթելու_ենք կամ հաղթանակ բառը ձևակերպում չուներ:

Վերջերս մի տեղ բանավեճ եղավ: Մեկն ասաց, որ կարծում է, որ Նոր տարի նշել պետք չէ: Հարցրեցի՝ ինչո՞ւ: Ասաց՝ «որովհետև պետք է բռունցք դառնանք»: Ասում եմ՝ «Լավ, բայց ի՞նչ է նշանակում՝ բռունցք դառնալ: Իմ իմացած բռունցքը 5 ծալված մատն է: Դուք, բռունցք ասելով, ի՞նչ նկատի ունեք»: Ասում է համախմբում: Բայց ինչի՞  շուրջ: Նա պատասխան չուներ: Մարդիկ անգամ իրենց ասածի ձևակերպումը չունեն:

Մարդիկ ո՛չ պատերազմն էին ձևակերպել, ո՛չ խաղաղությունը, ո՛չ հաղթանակը: Ո՞րն էր հաղթանակը: Որ բոլորը ողջ մնայի՞ն, թե՞ որ տնտեսությունը չտուժեր, թե՞, գուցե, բոլորը մեռնեին, բայց երկիրը մնար: Ո՞րն էր: Մենք պետք է պարզ բաների վրա սովորենք ձևակերպել, որ կարողանանք ավելի մեծ, ավելի կարևոր երևույթների ձևակերպում տալ:

– Դու ինքդ քեզ համար պատասխան գտել ես՝ ի՞նչ տեղի ունեցավ:

– Հա: Մեր արածների ու չարածների տրամաբանական շարունակությունը:

– Իսկ դա հիմա ես հասկանում՝ որոշ ժամանակ հետո, թե՞ ընթացքից էլ էր որոշ բաներ պարզ:

– Չէ, ընթացքից շատ բան պարզ չէր: Իհարկե, լուսավոր վերջի չէի սպասում, բայց այսպես էլ չէի պատկերացնում: Ընթացքում ուղղակի փորձում ես չցնդել, չկորցնել քեզ: Իհարկե, հույս ունես, բայց բաներ կան, որոնց համար արդեն ուշ է: Եթե դու 30 տարեկան ես և լողալ չգիտես, խորտակվող նավում լողալ սովորելու համար արդեն ուշ է: Պետք է ընդունես, որ լողալ չգիտես, և մտածես՝ ինչպես փրկվել՝ առանց լողալ իմանալու: Հիմա, խորտակվող նավում փրկության ուղիներ գտնելու փոխարեն՝ մարդիկ մտածում են, թե ով է մեղավոր, գոռում են, իրար են մեղադրում: Իսկ ինչ-որ մեկը նույն խորտակվող նավի վրա կանգնած նայում է օվկիանոսին ու մտածում, թե ինչ սիրուն է այն: Ու հիանում է, որովհետև չգիտի՝ այլևս հնարավորություն կունենա՞ հիանալու կյանքով: Իսկ կյանքը միակ բանն է, որով հնարավոր է և արժե հիանալ: Անկախ ամեն ինչից:

– Իսկ պատերազմի ընթացքում ունեցե՞լ ես հիացմունքի պահեր:

– Հա:

– Լո՞ւրջ:

–  Հա: Միշտ: Կյանքում հաստատ ավելի շատ առիթ կա հիանալու, քան հակառակը: Կյանքում լիքը սիրելու բան կա:

 

Հարցազրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի

Լուսանկարները՝  Արեգ Բալայանի