21 փաստ Նատալի Դելոնի մասին
Փարիզում իր մահկանացուն կնքեց Նատալի Դելոնը, որին աստղային ուղեծիր էր հանել եբեմնի ամուսինը՝ Ալեն Դելոնը: Նատալին այդպես էլ ոչ մեծ աստղ դարձավ, ոչ էլ առավել ևս մեծ դերասանուհի, բայց նրա կյանքի ուղին լի է հետաքրքիր փաստերով:
1․Ֆրանսիացի դերասանուհի համարվող Նատալի Դելոնը ոչ մի կաթիլ ֆրանսիական արյուն չունի: Նրա իսկական անուն-ազգանունը Ֆրանսին Կանովաս է, ծնվել է 1941-ի օգոստոսի 1-ին Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի Ուջդա քաղաքում իսպանացի ծնողներից (այն ժամանակ ֆրանսիական Մարոկկոն ընդգրկում էր երկրի հյուսիսային մասը, իսկ հարավը Իսպանիայի տիրապետության տակ էր). հայրը Օրանից էր՝ եվրոպական ծագումով ալժիրցի, իսկ մայրը՝ Մելիլյայից, որը Մարոկկոյին սահմանակից իսպանական ինքնավար քաղաք է: Ֆրանսինն ընդամենն ութ ամսական էր, երբ հայրը հեռացավ ընտանիքից, և նա հասակ է առել խորթ հոր և վատառողջ մոր հովանու տակ:
2․Մինչև ճակատագրական հանդիպումն Ալեն Դելոնի հետ Ֆրանսինն արդեն հասցրել էր ամուսնանալ: 1959-ին նա բոլորել էր 18 տարին, երբ դարձավ Գի Բարթելեմիի կինը. երեխայի էր սպասում այդ ֆրանսիացի զինվորականից: Մի քանի ամիս անց ծնվեց նրանց դուստրը: Իսկ ամուսնությունը երկար չտևեց, և 1962-ին Ֆրանսինը Մարոկկոյից ճանապարհվեց Փարիզ՝ դստերը թողնելով ամուսնու խնամքին:
3․Նա 21 տարեկան էր, երբ փարիզյան գիշերային ակումբներից մեկում հանդիպեց Ալեն Դելոնին, որը հարսնացուի՝ Ռոմի Շնայդերի հետ էր: 27-ամյա շլացուցիչ Դելոնն արդեն բռնել էր աստղային վերելքի ուղին, նկարահանվել Կլեմանի «Վառ արևի տակ», Վիսկոնտիի «Ռոկկոն և նրա եղբայրները», Անտոնիոնիի «Խավարում» ու պակաս նշանակալից մի շարք այլ ֆիլմերում, իսկ 1959-ից՝ «Քրիստին» համատեղ կինոնկարից հետո սկիզբ առած նրա սիրավեպը Ռոմի Շնայդերի հետ բոլորի շուրթերին էր. չքնաղ զույգին «Եվրոպայի նշանվածներ» էին կոչում:
4․Դելոնն իր կապը սիրուհու հետ խնամքով թաքցրել է Ռոմիից: Նրա ամուսնությունը Նատալիի հետ տեղի ունեցավ 1964-ի օգոստոսի 13-ին հույժ գաղտնի պայմաններում՝ Փարիզից հեռու, Լուար-է-Շերում. նորահարսը երեխայի էր սպասում (տե՛ս 2): Ամուսնական համեստ ծեսից հետո զույգը միանգամից մեկնեց մեղրամիսը Միացյալ Նահանգներում անցկացնելու: Ռոմի Շնայդերին Դելոնն իր որոշման մասին հայտնեց 15-էջանոց հրաժեշտի նամակով, որտեղ գրել էր. «Քեզ եմ վերադարձնում ազատությունդ՝ սիրտս քեզ մոտ թողնելով»:
5․Մեկուկես ամիս անց՝ 1964-ի սեպտեմբերի 30-ին, Լոս Անջելեսում ծնվեց Դելոնի և Նատալիի որդին՝ Անտոնին: Ամուսինները, որոնց այն տարիների ռոմանտիկ ոգով «տասներորդ մուսայի դիցական զույգ» էին անվանում, Միացյալ Նահանգներում անցկացրին մոտ մի տարի:
6․Նատալի Դելոնը խոստովանել է, որ ամուսնական տարիներին Ռոմի Շնայդերի շուքը, այնուամենայնիվ, իրենց ուղեկից է եղել. «Ալենը երբեք չէր խոսում նրա մասին, բայց ես մերթընդմերթ դեմքով անցնող տրտմության ստվեր էի տեսնում»:
7․Նման հռչակավոր աստղի կողքին Նատալին ուղղակի դատապարտված էր կինոյում հայտնվելու: Նրա դեբյուտը կայացավ Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայը» թախծալի դրամայում (1967), որտեղ, կարելի է ասել, մարմնավորել էր ինքն իրեն՝ Դելոնի հերոսի սիրած կնոջը:
8․Ֆրանսին Կանովասի արտիստական կեղծանունն է դարձել առաջին ամուսնուն թողած իր դստեր՝ Նատալիի անունը, և երկրորդ ամուսնու Դելոն հանրահայտ ազգանունը: Վերջինս կինոաշխարհում մեծ ծառայություն պիտի մատուցեր նրան. հայտնի ազգանունը շատ դռներ է բացում:
9․Նատալի Դելոնն իր մեծ համբավի շրջանում աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի համարումն ուներ:
10․ Ամուսնությունը Ալեն Դելոնի հետ ընդամենը մի քանի տարի տևեց. պատշոնապես ամուսնալուծությունը կայացավ 1969-ի փետրվարի 14-ին, բայց արդեն 1967-ի հոկտեմբերից ամուսիններն առանձին էին ապրում: Նատալիի խոսքերով՝ ինքը «շատ միամիտ» է եղել. «նա անհավատարիմ էր, իսկ ես՝ ոչ: Հեռացա՝ ամեն ինչ հետևում թողնելով: Վերցրի որդուս ու նրա դայակին և այլևս ոչինչ»: Չար լեզուները պնդում էին, թե Նատալին, ամուսնու հրապուրանքներից զատ, ավելի ու ավելի դժվար էր համակերպվում նրա դերասանական կարողություններին վերաբերող գովեստներին և դրանց համեստ դրսևորմանն իր խաղի առնչությամբ: Ինչևէ, ամուսնալուծությունը վրա հասավ այն բանից հետո, երբ 1968-ին Դելոնը, Ժան Էրմանի «Ժեֆ» ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպելով Միրեյ Դարկին, կապվեց նրա հետ, մի կապ, որն ամբողջ 15 տարի տևեց:
11․ Երկրորդ և վերջին անգամ Ալեն Դելոնն ու Նատալին համատեղ նկարահանվեցին 1971-ին Ժակ Դերեի «Հանգիստ-հանգիստ» կատակերգության մեջ:
12․ Դելոն զույգի ամուսնալուծությունից հետո Անտոնիի խնամքով ավելի շատ զբաղված էին նրա կնքահայրն ու կնքամայրը՝ արտիստական գործակալ Ժորժ Բոմը կնոջ հետ. Անտոնիի հայրն ապրում էր Միրեյ Դարկի հետ, իսկ մայրը զբաղված էր իր դերասանական կարիերայով:
13․Մի դերասանուհու համար, որը ոչ մասնագիտական կրթություն ունի, ոչ էլ աչքի է ընկել առանձնակի բնատուր ձիրքով և իր վերելքի համար, փաստորեն, ամենից շատ պարտական է Դելոնի պես գիսաստղի շողերի տակ հայտնվելու պատեհությանը, Նատալի Դելոնը բավական բարեհաջող կինոուղի է անցել: Ճիշտ է, թատրոնում ձախողման է մատնվել, բայց 60-ականների երկրորդ կեսին Դելոնի թեթև ձեռքով մուտք գործելով կինո՝ պարբերաբար նկարահանվել է մինչև 80-ականները, խաղացել Էտիեն Պերյեի, Կլոդ Բերիի, Ջոզեֆ Լոուզիի, Քրիստիան-ժակի, Ռոժե Վադիմի, Մանֆրեդ Փուրցերի, Վեռներ Շրյոթերի և այլ ճանաչված ռեժիսորների բազամազան ֆիլմերում, ընկերակցել մեծ աստղերի, ինչպիսիք են Ռոբեր Հոսեյնը, Անթընի Հոփքինսը, Ռիչարդ Բըրթոնը, Ֆրանկո Ներոն, Բրիժիտ Բարդոն, Ռընո Վեռլեն, Մել Ֆերերը, Սամի Ֆրեյը և այլք:
14․Դելոնից հետո Նատալին սիրային արկածներ է ունեցել ևս երկու նշանավոր տղամարդու հետ. մեկը Էդուարդ Դմիտրիկի «Կապտամորուսը» ֆիլմում (1972) նրա խաղընկերը դարձած Ռիչարդ Բըրթոնն է, մյուսը՝ ամերիկացի երգիչ և դերասան Էդի Ֆիշերը: Երկուսն էլ տարօրինակ զուգադիպությամբ Էլիզաբեթ Թեյլորի ամուսիններն են եղել:
15․ 80-ականներին Նատալի Դելոնն առժամանակ վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ թմրանյութերից ունեցած իր կախվածությունը բուժելու:
16․Վերջին՝ 30-րդ ֆիլմը, որտեղ նա խաղացել է, Սթիվ Սյուիսայի «Մենշ» քրեական դրաման է (2009), որտեղ խաղընկերներից մեկը որդին է՝ Անտոնի Դելոնը:
17․Կարիերայի մայրամուտն ապրող շատ աստղերի պես Նատալին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր՝ 1982-ին նկարահանելով «Սա պատահար է կոչվում» դրաման իր սցենարով (որտեղ խաղում է բժշկական սխալի հետևանքով զավակին կորցրած մոր դեր) և «Քաղցր ստեր» կատակերգությունը (1988):
18․ Նատալի Դելոնն է Ռոման Պոլանսկու «Մոլեգնություն» հայտնի թրիլերում (1988) հնչող «Island Life» երգի հեղինակը:
19․ 1994-ին լույս է տեսել Նատալիի հեղինակած «Փոթորկի բովում» վեպը, 2006-ին՝ «Լաց մի՛ լինի, լուրջ բան չկա» հուշերի գիրքը, որ ներծծված է հումորով:
20․ Թեև Դելոնի անձնական կյանքում կանանց պակաս երբեք չի նկատվել, Նատալի Դելոնն է եղել նրա միակ օրինական կինը։ Ամուսնալուծությունից հետո Դելոն զույգը պահպանել էր բարեկամական հարաբերությունները. վերջերս Անտոնին լուսանկար էր հրապարակել, որտեղ պատկերված էին 2020-ի Սուրբ ծնունդը համատեղ նշող տարեց ծնողները:
21․ Նատալի Դելոնը կյանքից հեռացավ 2021-ի հունվարի 21-ին «արագընթաց քաղկեղից», ինչպես նշել է որդին: Նա 79 տարեկան էր: 2017-ին՝ դարձյալ 79 տարեկանում, մահացավ Միրեյ Դարկը, իսկ Ռոմի Շնայդերը վաղուց է հրաժեշտ տվել կյանքին՝ 1982-ին: Մահը սկսել է ավելի հաճախ այցի գալ Ալեն Դելոնին:
Զավեն ԲՈՅԱՋՅԱՆ