«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ)  ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY)  խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։

Ինչպես հայտնում են «ՌեԱնիմանիա»-ի պատասխանատուները, 2021 թվականի հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։

«ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ ֆիլմն այս օրերին, ի թիվս այլ նախագծերի, մասնակցել էր «Անեսսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին։

6-րդ  անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով, և ճանաչվելով լավագույնը, հնարավորություն էր ստացել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։

«Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»: Պատերազմական իրավիճակում հայ մշակույթը ներկայացնող արվեստագետն իր ֆիլմով հաղթանակ գրանցեց։

«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմության մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն կենդանի է մնում ճամբարներում շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, ով ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաև «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16