Մահացել է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից դեկտեմբերի 10-ին մահացել է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը: Այս մասին հայտնում է լատվիական Delfi կայքը՝ հավելելով, որ Կիմ Կի Դուկը նոյեմբերի 20-ից գտնվում էր Լատվիայում և նախատեսում էր կացության կարգավիճակ ու տուն ձեռք բերել Յուրմալայում:
Կորեական կինոյի նոր ալիքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը ՝ հարավկորեացի ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր, մոնտաժող, նկարիչ և դերասան Կիմ Կի Դուկը կյանքից հեռացավ իր 60-ամյակից մեկ շաբաթ առաջ:
Կինոյի անվանի վարպետը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին: 17 տարեկանում նա սկսել է աշխատել գործարանում: 20 տարեկնում մեկնել է բանակ։ Հինգ տարի ծառայել է կորեական ծովային հետևակում։ Դրանից հետո երկու տարի էլ ծառայել է կույրերի եկեղեցում։ 1990-1992 թվականներին Ֆրանսիայում սովորել է նկարչություն, տարվել կինոյով, սկսել է գրել սցենարներ:
1996-ին նա նկարահանել է իր առաջին ռեժիսորական դեբյուտը՝ «Կոկորդիլոսը» ֆիլմը: Կիմ Կի Դուկը կյանքի ընթացքում նկարահանել է շուրջ 25 ֆիլմ և արժանացել մրցանակների՝ «Պիետա», «Դատարկ տուն», «Սամարացի աղջիկը», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն», «Հասցեն`անհայտ», «Կղզի» եւ այլ ֆիլմերի համար: Կիմ Կի Դուկը Վենետիկի, Կաննի եւ Բեռլինի կինոփառատոների դափնեկիր է։
2014 թվականին Կիմ Կի Դուկը Երեւանում մասնակցել է 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ արժանանալով «Փարաջանովյան թալեր» հեղինակավոր պարգևին: