Կարեն Ավետիսյան․Էկզիստեքստ (մաս 5)
Էկզիստեքստ
* * *
Արցախ գնալու նախագիշերը երազիս տեսա իբր խորը ձմեռ էր, դեկտեմբերի վերջին օրը։ Մի խումբ զինվորներ մնացել էին հանձնած հողերի անտառներում՝ պարտությունից անտեղյակ։ Տուշոնկաների դատարկ բանկեքով զարդարել էին եղևնին ու զինվորական բամբ կոկորդով ու կարոտամաշ աչքերով երգում էին․
«Դիիինգ-դոոնգ,
ինչ լա՜վն է եղևնիիին,
Զի՛լ զանգերն իր թե-վե-րիի՜ին»։
* * *
Երկար դադարից հետո ամբողջ պատմերազմն առաջնագծում անցկացրած վիրավոր զինվորն ասաց․
«Մեկը ես՝ թուրքին ո՛չ տեսել եմ, ո՛չ վախեցել, ո՛չ էլ պարտվել, գոնե դրանցից մեկնումեկը ըլներ, որ իմանայի խի եմ եկել»։
***
Էկրանին հերթական անգամ զոհվածների անունները կարդալիս, որոշեցի մտքում բանաստեղծություն գրել ու մոռանալ։ Հիմա կցկտուր հիշում եմ, թե բոլորին ճանաչել եմ, մեկից պարտքով փող եմ ուզել, մյուսի հետ մի բաժակ բան եմ խմել, էն մյուսից նեղացել եմ…
* * *
– Ո՞ւր էիր որ
– Հաստատ չեմ կարա ասեմ, Ջեբրայիլում էի, ապո ջան, էտի բեռմուդսկի տրիուգոլնիկ էր, նենց որ, հաստատ դժվար ա ասել ուր էի։
* * *
– Ջոկատից հետս լավ պինդ տղերք էին մնացել, զե՛նք էլ ունեինք, դու՛խ էլ. շարվանք, նայինք իրար, նահանջի մասին խոսք չկար, մեկ էլ տեսանք վերևներս բեսպիլոտնիկ ա ֆռում, կապ տվինք, մերոնք ասին՝ «գնացեք, մերն ա»։ Մեր տանկը 20 մետր գնաց, էդ բեսպիլոտնիկը խփեց մեր տանկին՝ մեջը սաղ զոհվան, մերոնք զենքերը թողեցին՝ հելան։
Թե թուրքից չէինք վախում՝ «մերոնցից» վախեցանք։
* * *
– Ո՛չ բռոննիկ ունեի, ո՛չ կասկա, դե ծեպլավիզըրի մասին խոսք էլ չկար։ Հերս զանգեց, ասեց․ «Ինչի՞ կարիք ունես», ասի՝ «Պապ, Հայրենիքի»։
* * *
Մտքիցս դուրս չէին գալիս կամավոր Սևակի խոսքերը, որը զոհվելուց առաջ առաջնագծից ասաց՝
«Մենք էստեղ ենք, որովհետև մեր դիվանագետները, արվեստի գործիչները, գիտնականներն ու մնացած բոլորը իրենց տեղերում պարտվել են . . .»։
* * *
Նոր Մարաղայի տան այգում գլուխը կախ լուռ նստած էր պատերազմի արհավիրքով անցած Լյոկան, որը մնացած հաշված ժամերի ընթացքում կամ պիտի տեղահաներ 2-րդ անգամ կորցրած տան էղած-չեղածը կամ մոր գերեզմանը, որտեղից օրհնություն ստանալով՝ խոստացել էր երբևէ սկսել իր հարսանիքի արարողությունը։
Տեղահանման հաջորդ օրը Արեգի ու Անժելայի հետ նրան այցելեցինք Ստեփանակերտում։ Երկար զրույցները հաճախ ընդհատող նույնքան երկար դադարներից մեկի ժամանակ միացրեց դեռ 2019-ին գրած իր երգը։
Ու եթե ռումբերը, արկերը, գլխամաշկաբաց դիակները մեզ համար այդպես էլ չդարձան արցունքաբեր, ապա մեկ տարի առաջ գրված նրա տողերը արդեն դիմանալու չէին․
«Երազում եմ ունենալ սեփական անկյուն,
Որտեղ քնեմ հանգիստ՝ անունը դնեմ «տուն»։
——————————-
Կարեն Ավետիսյան
Արցախ
2020, նոյեմբեր
Լուսանկարը՝ Արեգ Բալայանի (Լյոկան՝ վերջին անգամ Նոր Մարաղայի իր տան այգում)
Հ․Գ․kinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝ առանց միջամտության։