Էս օրը մի քանի մասից է  բաղկացած։ Հիմա երրորդն եմ պատմում։

Էս օրը մի քանի մասից էր բաղկացած։ Հիմա երրորդն եմ պատմում։ Եղբայրական գերեզմանոցում էի շրջագայում։ Քայլում էի, մտածում, ցավում… նկարում։ Հանդիպեցի գերեզմանափոր Ասրիին. իրականում էս անմարդկային գործը իրենը չի, ինքը էքսկավատորի վարորդ ա, ընդ որում՝ լավագույններից մեկը։ Ուղղակի էս շրջանում գերեզմանափոսեր շատ էին պետք ու ձեռքով փորելու չէր։ Ասրին թևաթափ կանգնած էր։ Ասում էր, որ էլ չի կարողանում, էլ ձեռքերը չեն բարձրանում, էլ չէր ուզում…

Պատմեց, որ իր տղան էլ ժամկետային ծառայող ա ու սահմանին ա։ Ու չի կարողանում գնալ մոտը։ Ուզում էր զենք վերցնել միանալ զավակին, բայց ստիպված էր փոս փորել, ամեն անգամ՝ նոր փոս` տարբեր տեղեր։ Ու էս ամեն ինչը կրակոցների ու ռմբակոծությունների տակ։

Խաղաղ կանգնած խոսում էինք՝ չնայած, որ զուգահեռ մեր զրույցին՝ Շուշիում պայթյունների ու կրակոցների ձեները իրար հերթ չէին տալիս։ Ժամանակ առ ժամանակ մեր գլխի վրայով մոլորված փամփուշտներ էին թռչում շվալով։ Բայց կանգնած խոսում էինք, ասես էդ դժոխքը մեր շուրջը չէր, ասես տենց էլ պիտի լիներ։

Մեր զրույցի մեծ մասը լռությունից էր կազմված։ Նայում էինք շիրիմներին ու երկլռում։ Ու ամենազարհուրելին իմ գլխում պտտվող միտքն էր, չար ու դաժան միտքը՝ նրա մասին, որ արդյո՞ք Ասրին ամեն փոսը փորելուց սպասում էր, որ իր որդին կարող ա հայտնվի էդտեղ։ Եսի՞մ․ պատերազմը բթացնում ա մեզ, մեր հույզերը։ Կյանքն ու մահը մեկ են դառնում, սահմանը կորում ա ամեն ինչի։ Իրականությունն ա դառնում միակ ճշմարտությունը։

*

Պատահաբար գտա նաև իմ շատ սիրելի ընկեր Արամի գերեզմանը։ Արամը էն մարդկանցից էր, որ 300 տարին մեկ են ծնվում։ Արամը իսկական ղարաբաղցի տղա էր։ Տենց տղեքի ուսերին էր Ղարաբաղի պատիվը, Ղարաբաղի պատասխանատվությունը։ Քիչ մնացին իրանք։ Ավելի քիչ։

Կենդանի փարոսները պայթեցին մեռնող աստղի պես ու ցրվեցին մեր մեջ։ Մնումա մեր ներսում պահենք իրանց լույսը։

*

Ասրիին էդ օրվանից հետո չեմ տեսել։ Հուսով եմ՝ որդին վերադարձել ա։

©AregBalayan

Տեքստը և լուսանկարները Արեգ Բալայանի

Օր Էվակուացիոյ, Օր 42, Ստեփանակերտ

07.11.2020