Լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, որը  2014-2019 թվականներին զբաղեցնում էր Եվրոպական կինոակադեմիայի կառավարման խորհրդի պատասխանատուի պաշտոնը, դարձել է կինոակադեմիայի (EFA) նոր նախագահը: Ինչպես նշված է EFA կայքում, Հոլանդը այդ պաշտոնում փոխարինելու է գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսին, որը 1996 թվականից ղեկավարում էր Եվրոպական կինոակադեմիան :

Ագնեշկա Հոլանդի խոսերով․ «Դա դժվար ժամանակաշրջան է, և անկախ կինոնկարների և հանդիսատեսի ներգրավվածությունից՝  ստեղծագործական ուժը պահպանելու համար մենք պետք է օգտագործենք մեր ողջ փորձն ու երևակայությունը: Կարծում եմ, որ Եվրոպական կինոակադեմիան մեծ դեր կունենա դրանում, և ես ուրախ եմ, որ դրա մասն եմ կազմում»:

Բացի Վենդերսից, լիազորությունները վայր է դրել  նաև EFA տնօրեն Մարիոն Դորինգը։ Նրան փոխարինելու է  Մատիս Վոութեր Նոլին:

«Մենք ջերմորեն ողջունում ենք ինչպես Ագնեշկային, այնպես էլ Մատիսին, սակայն,  հարկ է նշել նաև, որ Վիմ Վենդերսի և Մարիոն Դորինգի հեռանալը Ակադեմիայից նշանավորվում է մի ամբողջ դարաշրջանի ավարտով: Ակադեմիայի ապագան կապահովեն այս երկու նոր նշանակումները․ նրանց ունեցած փորձն ու դիրքը ոլորտի զարգացման համար խոստումնալից է մեր հարափոփոխ ժամանակներում », – ասել է EFA- ի նախագահ Մայք Դաունին: