Կարմիր գորգ չկա, չկան կանանց դեկոլտեներն ու օծանելիքի բույրերը, տղամարդկանց տոնական հանդերձանքը,  չկա փառատոնային տրամադրությունն ու ոգևորությունը, որը Երևանին ամեն տարի հաղորդում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և որին Երևանն արդեն սովորել էր  ու սպասում էր: 

Համավարակը ստիպեց, որ «Ոսկե ծիրանը» հուլիսին չանցկացվի, այլ տեղափոխվի նոյեմբեր, իսկ պատերազմը խանգարեց, որ կինոփառատոնի ավանդական ծրագրերն ու կինոդիտումներն իրականացվեն:

Համավարակի պայմաններում ընդունված է ֆիլմերն առցանց ցուցադրել, բայց «Ոսկե ծիրանի» ֆիլմերը ներկայացվելու են կինոդահլիճում: Նոյեմբերի 1-ին կինոփառատոնը բացվեց Նորա Մարտիրոսյանի՝ Կաննի փառատոնի ծրագրում ներգրավված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով, որի համահայկական պրեմիերան պետք է տեղի ունենար հենց Արցախում:  Ի դեպ, եթե ամեն ինչ ընթանար ըստ նախատեսվածի, «Ոսկե ծիրանը» պետք է անց կացվեր նաև Արցախում, բայց պատերազմի պատճառով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերան կայացավ ոչ թե Արցախում, այլ Երևանում:

Փառատոնի բացման առիթով Ֆրանսիայից Հայաստանին հեռավար կերպով ողջույնի,  քաջալերման խոսք հղեց կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանը:

«Ոսկե ծիրանի» հիմնական ծրագիրը կրում է «Նվիրում Արցախին» խորագիրը, որն ընդգրկում է 6 ֆիլմ՝ մեծ մասամբ արցախյան պատերազմի թեմաներով: «Նվիրում Արցախին» ծրագրի շրջանակում Կինոյի տանը, որտեղ անց է կացվում «Ոսկե ծիրանը», հաջորդ 6 օրերին կցուցադրվեն արցախյան պատերազմի թեման արծարծելու պատճառով մոսկովյան փառատոնից հանված Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմը, ինչպես նաև Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա», Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեմայով «Բլոկադա», Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմերը: Ի դեպ, Մարատ Սարգսյանն այս օրերին առաջնագծում է:

«Ոսկե ծիրանի» ձևաչափն ու ծրագրերը փոխվել են, բայց ընդգծվել ու իրականացվում է մեկ այլ առաքելություն: Ցուցադրվող ֆիլմերի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Տոմսերի արժեքը 1000 դրամ է:

Փառատոնի պատասխանատուները նախատեսել են կինոցուցադրությունները շարունակել նաև կինոթատրոններում, որտեղ կներկայացվեն ոչ միայն «Նվիրում Արցախին» ծրագրի, այլև մրցութային մյուս 12 ֆիլմերը: Կհաջողվի՞ նպատակն իրականացնել. ամեն ինչ կախված է համավարակի ու պատերազմի թելադրած պայմաններից:

«Ոսկե ծիրանի» շրջանակում Կինոյի տան ճեմասրահում ներկայացված է խաղաղության ու պատերազմի թեմայով պաստառների ցուցահանդես: Հայաստանի, Սփյուռքի և Արցախի 20-ից ավելի արվեստագետներ ստեղծագործել են, նկարել ու պատկերել իրենց մտորումները, սիմվոլները խաղաղության ու պատերազմի մասին: Պաստառները նույնպես վաճառվում են. հասույթը կփոխանցվի հիմնադրամին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման առիթով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատեց, որ հատկապես այս օրերին պետք է հանրային տրամադրությունը բարձր պահել, աշխատել, ստեղծել, այլապես անգործությունը կվերաճի հիասթափության ու հուսալքության: Իսկ հայտնի ճշմարտություն է, որ թիկունքն ու ճակատն ուղիղ գծով են միացված, և թիկունքում տիրող տրամադրություններն անմիջապես են փոխանցվում ռազմաճակատին:

Նաիրա Փայտյան


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10