Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում իրականցնում է  կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր։ Մինչև նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականացվելու է  Telefilm Canada-ի հետ  համագործակցությամբ։ «Ոսկե ծիրան»-ն առաջին անգամ է համագործակցում Telefilm Canada-ի հետ, և վերջինս աջակցել է կանադական նորագույն բացառիկ ֆիլմերի ցուցադրություն իրականացնել հայ հանդիսատեսի համար, ինչպես նաև իրականացնել օնլայն նախաձեռնություններ։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2019 թվականի սեպտեմբերին՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաև լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երևանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին, որն ի դեպ, 10 տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր և այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Տորոնտոյի ՄԿՓ-ում Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ և Լավագույն ֆիլմ «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմ մրցանակին արժանացած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», հայ-կանադական համատեղ արտադրության Կարինե Թորոսյանի «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։

Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոններում։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկայանա նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև  Telefilm Canada-ի ներկայացուցիչը։


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10