Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին Կինոյի տան փոքր կինոսրահում կցուցադրվի հեղինակի «Զինվորը և կովը» կատակերգությունը, որի տևողությունը 118 րոպե է: Այն նկարահանվել է 1959 թվականին:

Ֆիլմը պատմում է Չարլզ Բալլայի մասին, որին կյանքը սովորեցրել էր չհուսահատվել որևէ իրավիճակում: Թվում է, թե ոչինչ չէր կարող ավելի վատ լինել, քան գերմանական գերությունը: Դրա համար Չարլզը որոշում է ամեն կերպ գնալ տուն: Թեև, իրականում, այնքան էլ չէր տառապում գերության մեջ. նա աշխատում էր հաճելի ֆերմայում` գերմանացի բարի տիրուհու մոտ: Բայց, միևնույն է, առանց Փարիզի նրա կյանքը հաճելի չէր: Չարլզը տիկնոջից խնդրում է մի կով:
Եվ վերցնելով մի դույլ կաթ՝ քայլում է դեպի Ֆրանսիա: Մի զվարճալի գյուղացի քայլում է մի կովի հետ` ձեռքին մի դույլ:
Ո՞վ կկասկածի, որ նա փախուստի է դիմում: Եվ ոչ ոքի մտքով չի անցնում կանգնեցնել Չարլզին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը դեռ տարիներ առաջ Շառլ Ազնավուրի հրապարակի  աստղային պուրակում տեղադրել է Անրի Վեռնոյի աստղը: