Սանտիմետրերին նորմալ վերաբերվող Մետրը
Տարիներ առաջ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրընկալել էր Օլեգ Տաբակովի ղեկավարած Չեխովի անվան գեղարվեստական թատրոնին ու Արմեն Ջիգարխանյանին: Տաբակովն ու Ջիգարխանյանը միասին բեմում էին: Երկու հսկա կաղնիների խաղն իսկապես թատերական երևույթ էր, վարպետության դաս:
Ներկայացումից հետո արտիստները զրուցեցին լրագրողների հետ: Հարց հնչեց՝ պարոն Ջիգարխանյան, ինչպե՞ս եք վերաբերվում նորելուկների մեծ հավակնություններին. նրանք հաճախ իրենց Մետր են համարում:
Ջիգարխանյանն իրեն հատուկ հանգստությամբ պատասխանեց. «Նրանք Մետր են, իսկ ես՝ սանտիմետր. նորմալ եմ վերաբերվում»:
Հոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձավ 85 տարեկան: Ռուսաստանը նրա հոբելյանը նշեց, մենք պատերազմում էինք Արցախի համար ու, ցավոք, չկարողացանք հավուր պատշաճի անդրադառնալ արտիստի տարեդարձին:
Նոյեմբերի 14-ին Արմեն Ջիգարխանյանը վախճանվեց: Եվ կարևոր չէ, որ նա ալեզարդ ծերունի էր, բավականաչափ երկար կյանք էր ապրել. նրա գնալով 1960-70-ականների հայ կինոյի ոսկե դարաշրջանը փակվեց: Արտիստական այն հատկանիշները, այն կերպարները, որ ձևավորել էին Ջիգարխանյանն ու նրա սերնդակիցները, դասական անունն էին վաստակել: Եվ պատահական չէ, որ թեև Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Ջիգարխանյանն այդպես էլ ոչ մի ֆիլմում միասին չխաղացին, բայց այդ քառյակին ժողովուրդն ընկալում էր որպես մեկ ամբողջություն՝ նույն սերնդի, նույն դերասանական նույն դպրոցի արվեստագետների:
Արմեն Ջիգարխանյանն ազգային էր ու նույնքան համամարդկային, ազգային էր, այդ պատճառով էլ համամարդկային էր: Նրա դերսանական երանգապնակը հարուստ գույներ ուներ, շռայլ արտահայտչամիջոցներ, կերպարների ընկալման, յուրացման ու դրսևորման յուրահատուկ ձեռագիր: Այնքա՜ն տարբեր ու բազմազան դերեր, որոնցում Ջիգարխանյանին արտաքնապես ճանաչելն անգամ դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ այնքա՜ն ջիգարխանյանական ու ինքնատիպ: Այպես կարող է խաղալ, կերպարի էությունը ցույց տալ միայն նա: Մեկ՝ հասարակ գյուղացի, որ հայի նահապետական, գենետիկ խառնվածքն ու ազգային ինքնագիտակցության մարմնացումն է՝ կոշտ ու արդարամիտ, նուրբ ու համառ, մեկ՝ ինտելիգենտ ատամնաբույժ, մեկ՝ աշխարհն իր եռանկյունում ծրարած դարբին, մեկ՝ բազազ Արտեմ, մեկ՝ սպարապետ. և սա դեռ հայկական կինոյում, հայկական էկրաններին: Իսկ ռուսական կինոյում Ջիգարխանյանի կերտած կերպարների մրցունակությունն ու անվերապահորեն անմրցելի լինելը կասկածից վեր է:
Արմեն Ջիգարխանյանը 1960-ականներից մինչև 2015 թվականը խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում: Նա հասցրեց տեսնել հայկական կինոյի վերածնունդն ու այդ զարթոնքի մասնակիցը դառնալ, առանցքային դերակատարը լինել: Ջիգարխանյանը հասցրեց տեսնել նաև հայ կինոյի հետընթացը, ընկրկումները: Երբեմն առաջարկներ ստանում էր՝ խաղալու հայկական ֆիլմերում: Մի անգամ ասաց. «Մինչև դերս ուզում եմ հասկանալ, սցենարի մեջ եմ խճճվում, սցենարն եմ ուզում հասկանալ, դերս եմ մոռանում: Դա նրանից է, որ կապ չկա սցենարի ու դերի միջև, դրամատուրգիա չկա: Ես էլ ասում եմ՝ չէ, ախպեր, սա իմ բանը չէ, ես դեռ էդքան չեմ աճել»:
Արտիստը հասցրեց խաղալ նաև 21-րդ դարի կինոյում, երբ «էքշըն» ժանրը պարտադրում էր իր կանոններն ու պահանջները: Սակայն պրոֆեսիոնալին, իրական արտիստին ժամանակակից հովերն, իհարկե, չեն վախեցնում ու չեն կաշկանդում:
«Ինձնից թևավոր խոսքեր, լեգենդար ասույթներ չպահանջեք, ես սխալական մահկանացու եմ, որը երբեք կյանքը չի խառնում բեմի հետ»,- մի անգամ ասաց արտիստը:
Նաիրա Փայտյան