Ռուս արվեստագետները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փրկելու Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացումից
Ռուսաստանի մշակույթի գործիչները բաց նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում` դրանց հետագա պահպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար: Այս մասին հայտնում է tvrain.ru -ն։
Բաց նամակում ռուսաստանցի արվեստագետները ( Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենձիսը, Բորիս Գրեբենշչիկովը, Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլիա Աուգը, Զախար Պրիլեպինը և այլք) խորը մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և ճարտարապետական ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ, «որոնք վտանգի տակ են, և ռազմական գործողությունների ավարտից հետո կարող են ենթակա լինել ոչնչացման, ավերման և վանդալիզմի»:
«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալացվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար, տալով նրանց անհրաժեշտ կարգավիճակ և ընդգրկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»,- ասվում է բաց նամակում։