Էկզիստեքստ

***

Էն չարաբաստիկ օրը հայտնվեցի Ազգային ժողվում, որն ավելի շատ նման էր թալիբա-ռուանդական սխոդկայի՝ գարշելի գրիֆոնների ու զազրադեմ օռկերի ժնջիլաթող աղաղակներով։

***

Հաջորդ օրն Արցախում էի… Թեկուզև թևաթափ, այն անհամեմատ ավելի գրկաբաց էր, քան մաղձաթափ Երևանը, նամանավանդ, որ Քարվաճառի ծառերի և հաղթանակի հույսի հետ միասին կտրել էին նաև կապն ու համացանցը. արտաքին աշխարհ չկար, միայն դեպի ներս, միայն դեպի ցավ։

Արեգը փորձեց երկու բառով ամփոփել էղածը՝

«Էսի կապիտուլիացիա չէր՝ կապիկուլյացիա էր»։

***

Գնացինք Հովիկի մոտ, որն «աշխարհի վերջի» նման չէր հավատացել էվակուացիային ու մնացել էր Ստեփանակերտում, որի ամենակենսառատ օբյեկտներից մեկում ապուրի անուշ հոտի փոխարեն մեր ծխախոտի հոտն էր, օդային հրետանածխի փոխարեն՝ անօգնական ղուլաբի քուլաները և զինադադարի պայթուցիկ լռությունը։

Թե լռությունը քար էր, ապա մենք՝ ազգովի քարինտակ։

***

Երեկոյան սեղանին բոլորս նայում էինք կոտրված Վալերին, որը Ղարաբաղն էր Արեգի համար, Արեգի, որը Ղարաբաղն էր շատերիս համար։ Կարծես այդժամ բոլոր ղարաբաղները կոտրված էին, բոլոր ղարաբաղները՝ կորսված, երբ հանկարծ փոքրամարմին հսկա Վալերը բարձրացրեց բոլորիս ծանրությամբ լցված բաժակը, ասելով՝ «Ցանկացած պարտությունը նոր հաղթանակի սկիզբն է»։ Երևի առաջին անգամ ողջ պատերազմի ընթացքում, այն էլ՝ պարտվելուց հետո, հավատացինք, որ …

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

***

Պաղ Ստեփանակերտով մեկ արձակելով սառնաշունչ հոգոց՝ Մարիան արձանագրեց՝ «Պատերազմը մտավ բոլորիս տները»։ Նրան սփոփելու անզորությունը մտքումս ձևակերպեց տարօրինակ եզրահանգում՝ «Գոնե վերջապես բոլորս մի ընդհանուր բան ունենք»։

***

– Էսօր ու՞ր կարանք գնանք, որ հեռու չլինի։

– Ու՛ր ուզեք, Ղարաբաղում էլ հեռու տեղ չկա։

***

«Պինդ եղեք», բոլորն ասում էին իրար, խլելով ուրիշներից և ինքներս մեզանից ամենաթանկը՝ փխրուն լինելու խոցված իրավունքը։

***

Դադիվանքում պոստերից իջած զինվորները վերջին մոմն էին վառում, մեկը Տեր Հովհաննեսին խնդրեց վերջին անգամ մկրտվել, մյուսը կեսից չկարողացավ վերջին անգամ Հայր Սուրբը երգել, իսկ վանիքց դուրս գալուց առաջ պատերազմի և տեղահանման սարսափը զգացած մեկը վառվող մոմերի կողքին հասցրեց հայերի կողմից համայն մարդկությանը թողնել մի վերջին հաղորդագրություն։

#ՀինՏներնԵնք

(շարունակելի․․.)

——————————-

Կարեն Ավետիսյան

2020, նոյեմբեր

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի էկզիստեքստ շարքի հերթական հատվածը՝  առանց  միջամտության։


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10