Կաննի և Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոների պատասխանատուներն հանդես են եկել հայտարաությամբ՝  ի պաշտպանություն ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունները չեղարկելու՝ ադրբեջանական  իշխանությունների հերթական քաղաքական ճնշումներին ու պնդումներին։ 

Ֆիլմի գերակշիռ մասը նկարահանվել  է Արցախում։

«Variety»  հանդեսն անդրադարձել է այս խնդրին, նշելով, որ ադրբեջանական կողմը բազմաթիվ նամակներ է հղել փառատոների պատասխանատուներին՝   ֆիլմի ցուցադրությունները չեղարկելու  և  փառատոնային ծրագրերից հանելու վերաբերյալ։

Հանդեսը հայտնում է, որ այս առիթով, փառատոների պատասխանատուներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ֆիլմի դեմ ադրբեջանցիների սկսած արշավանքին և ճնշումներին՝  հօգուտ ֆիլմի և աշխատանքային թիմի։

«Ֆիլմը չի տարածում և սերմանում ատելություն ժողովուրդների միջև: Ֆիլմը մի պոետիկ երազանք է ազատության մասին », – ասել է  Տալլինի «Սև գիշերներ» փառատոնի տնօրեն Տինա Լոկկը:

«Ֆիլմն ավելին է․այն մեզ մտածել է տալիս բնապատկերների, ժողովուրդների, հույսի և մարդկային պարզ երազանքների մասին», – ասել է  Կաննի փառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Թիերի Ֆրեմոն և ավելացրել․«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել և հասկանալ այդ ամենը: Սա  է կինոյի իրական դերը»:

Ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Տալլինի «Սև գիշերներ» փառատոնի խաղարկային մրցույթի ծրագրում: Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը ներկա կլինի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի տալլինյան հաջորդ ցուցադրությանը:

Arizona Films Distribution- ը  հայտնում է, որ ֆիլմն այս շաբաթ ցուցադրվելու էր Ֆրանսիայում, սակայն համավարակի  նոր ալիքի պատճառով հետաձգվել է։ Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է 2021 թվականի հունվարի 20-ին: Ֆիլմի պրոդյուսերն է Sister Productions- ը:

Հ․Գ․«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ  ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետություն՝ ուսումնասիրելու օդանավակայանը և կանաչ լույս տալու դրա վերաբացմանը: Այստեղ նա հանդիպում է Էդգար անունով տղայի, որն օդանավակայանի մոտակայքում տարօրինակ առևտրով է զբաղվում: Երեխայի և բնակիչների հետ շփման ու մտերմության արդյունքում, Ալենը բացահայտում է այս մեկուսացած երկիրը և դիմում ռիսկերի՝ որպեսզի օդանավակայանը վերաբացվի:

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ Գրեգուար Կոլանը, Հայկ Բախրյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Նարինե Գրիգորյանը և Վարդան Պետրոսյանը։