Հոկտեմբերի 15-ին բոլորեց ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյի (1920-2002) ծննդյան 100-ամյակը: Հիշարժան հոբելյանի առթիվ կինոգետ Զավեն Բոյաջյանն անդրադարձել է  առայսօր մեզ սակավածանոթ նրա կինեմատոգրաֆին և դրա հայկական արմատներին:   

ՊԱՏՄԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ժան Գաբենի մոգական հմայքը ժամանակին համարվում էր ամենահիմնավոր երաշխիքն ուզածդ ֆիլմը դիտարժան դարձնելու համար: Բայց Գաբենն ինքը այլ կարծիք ուներ: Ծանրակշիռ լրջությամբ նա հավատացնում էր. «Ֆիլմ նկարելու համար անհրաժեշտ է առաջինը` լավ պատմություն, երկրորդը` դարձյալ լավ պատմություն և երրորդը` կրկին լավ պատմություն»: Գաբենին հինգ ֆիլմում նկարահանած Աշոտ Մալաքյան-Անրի Վեռնոյը, որին վիճակված էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականից վերաճել մինչև Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, այդ պատվիրանի դավանորդն էր. «Ես նկարներուս մեջ պատմություն պատմող եմ»:

Մի անգամ Մարաքեշում (Մարոկկո) Վեռնոյն ականատես էր դարձել, թե ինչպես է ոմն արաբ, մոտ երկու հարյուր հոգի գլխին հավաքած, ինչ-որ պատմություն անում: «Այդ տեսարանը մեծ տպավորություն գործած է վրաս,- խոստովանել է նա:- Ատիկա սինեմայի մեկ ձևն է: Արաբը հաջողած էր մագնիսացնել իր ունկնդիրները»: Վեռնոյը հետամուտ էր այս մագնիսացմանը, ուստի ամենից հաճախ տուրք է տվել սուր սյուժետային կինեմատոգրաֆին: 1951-ից մեկմեկու հաջորդած նրա 36 լիամետրաժ ժապավեններից շատերը՝ Գաբենի, Դելոնի, Բելմոնդոյի, Վենտուրայի, Մոնտանի մեծության աստղերի մասնակցությամբ, քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական ֆիլմեր՝ ներկայացնելով ամերիկյան թրիլերի ֆրանսիական տարբերակը, որը ֆրանսիացիներն իրենք նախընտրում են պոլար կոչել:

Վեռնոյն իր գործունեության բեղուն տարիներին՝ 60-70-ականներին, նույնիսկ վաստակել էր ֆրանսիական կինոյի «ամենաամերիկյան ռեժիսորի» համբավը: «Սարսափ քաղաքում» ֆիլմի հերոսի՝ մոլագար մարդասպանին հետամուտ ոստիկանության կոմիսար Լըտելյեի մասին ասում են, թե Փարիզի կենտրոնում վեսթերն է խաղում: Շատերի համոզմամբ այդ նույնը կարելի էր ասել և իր՝ Վեռնոյի մասին: Նա, իրոք, պոլարի հմուտ վարպետ էր, իր գործի գիտակ, որն ամենից ավելի կարևորում էր անակնկալ շրջադարձերով լի սյուժեն, տագնապալի լարումն ու հնարամիտ խաղաքայլերը: Բայց պատմություն անելու նրա սերը կապակցվում էր հոլիվուդյան «սև» ֆիլմի սրբազան կանոններից մեկի հետ: Մինչդեռ Վեռնոյը, ինչպես ինքն է խոստովանել, դրա համար պարտական էր ոչ թե Հոլիվուդին, այլ իր հորը՝ Հակոբ Մալաքյանին. «Հայրս միշտ ու միշտ թուրքին վայրագության պատմությունը կըներ, ու ես ակնապիշ կլսեի զինք. «Հայրիկ, անգամ մըն ալ պատմե»,- ըսելով կաղաչեի: Հիմա սկզբունքս այդ է. կարենալ հորս պես պատմել, որպեսզի հանդիսատեսն ուզե դարձյալ լսել զիս»: Այսպիսով, Վեռնոյը ոչ միայն յուրացրել էր տարագիր հոր պատմելու արվեստը՝ իր հայկականությունից քաղած ամենամեծ դասը, այլև դա դարձրել իր կինեմատոգրաֆի անկյունաքարը:

Նրա վրա խոր հետք էր թողել նաև իր մանկության դրվագներից մեկ ուրիշը: Վեռնոյը մտաբերում էր, որ առաջին անգամ որոշել են ընտանիքով կինոթատրոն գնալ, երբ Ֆրանսիա է հասել Ռուբեն Մամուլյանի ֆիլմերից մեկը: Բայց հայրը, տեսնելով, թե տոմսերն ինչ թանկ արժեն, հրաժարվել է ֆիլմը դիտելուց՝ այն պատրվակը բռնելով, որ հոգնած է և ավելի լավ է վերադառնա տուն՝ հանգստանալու: Այդ դեպքից խորապես ազդված որդին, իր վկայությամբ, վճռել է այնքան փող վաստակել, որ «հաշվելով չծախսեն»: Հազիվ թե ֆրոյդիստական չափազանցություն հնչի այս ցավագին վերհուշի դերը Վեռնոյի կարիերայում, որովհետև նա սկզբից ևեթ նախընտրեց այն կինոն, որն ընդունված է ժամանցիկ, շահութաբեր կոչել: Բայց Վեռնոյը նրանցից էր, ովքեր, այս պիտակներից խոցված, ամեն կերպ տքնել են լայն սպառման կինեմատոգրաֆի հարգը բարձրացնել, ավելի լուրջ կշիռ ու գեղարվեստական արժեք տալ: Նա հույսը չէր դնում միայն առաջնակարգ աստղերի մասնակցության վրա: Վեռնոյի ֆիլմերը, որոնցից շատերի սցենարի համահեղինակն է նա, լի են փոխաբերություններով, գրական հղումներով ու դիցաբանական զուգահեռներով: Կոմիսար Լըտելյեի հետապնդած մոլագարն իրեն համեմատում է «Ոդիսականի» և «Աստվածային կատակերգության» մեջ հիշատակվող առասպելական Մինոսի հետ, որը պատիժ է սահմանում մեղավոր հոգիներին: Օգյուստ Լը Բրետոնի վեպի հիման վրա նկարահանված «Սիցիլացիների կլանը»՝ արկածախնդիր գանգստերական կողոպուտի մի պատմություն, չեխովյան բնաբան ունի:  «Ի…, այսինքն՝ Իկարոս» դետեկտիվի բնաբանը քաղված է Բորիս Վիանի «Օրերի փրփուրը» վեպից, երկրի նախագահն այստեղ մեջբերում է Բեռնարդ Շոուին, իսկ գլխավոր հերոսի՝ դատախազ Անրի Վոլնեի ճակատագիրը հիշեցնում է դիցական Իկարոսի տխուր ոդիսականը:

Բայց հայ հանդիսատեսի հիշողության մեջ Վեռնոյի անունն ամենից առաջ զուգորդվում է 90-ականների սկզբին ասպարեզ եկած «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» ֆիլմերի հետ: Անձնական հուշերից հյուսված այս մելոդրամները Աշոտ Մալաքյանի հիշատակի տուրքն էին իր աստանդական ընտանիքին ու հայկական արմատներին, դարձ ի շրջանս յուր, որ եզրափակեց նրա գրեթե կեսդարյա կինոուղին:

     Զավեն Բոյաջյան