Խորհրդային նոր ալիք

Խորհրդային նոր ալիքը, որ ի հայտ եկավ առաջին հերթին Անտոնիոնիի, Բերգմանի և Ֆելլինիի կինոնկարների ազդեցության տակ (այլ ոչ թե ֆրանսիական նոր ալիքի, որ ոգեշնչել է Նոր Հոլիվուդին և նրան ժամանակակից մյուս հոսանքները), ընդունված է բաժանել երկու ուղղության՝ բանաստեղծա-գեղանկարչական և բանաստեղծա-վավերագրական: Այս հոսանքի երևան գալուն նպաստեց «ձնհալի» սկիզբը, ստեղծագործական ոլորտների վրա պետության վերահսկողության ժամանակավոր մեղմացումը: «Ազատության մեկ կումն» իսկ բավական էր, որպեսզի վախվորած բողբոջները ամուր շիվեր արձակեն և գեղեցիկ ծաղիկներ տան:

Բանաստեղծա-գեղանկարչական ուղղությունը կենտրոնացած էր այլաբանական սյուժեների, խորհրդանշանների, ալեգորիաների և տեսողական փոխաբերությունների օգտագործման վրա: Կինոլեզուն այդ դեպքում կարևորվում է ոչ պակաս, քան սյուժեն, որը հաճախ բոլորովին մղվում էր երկրորդ պլան: Ռեժիսորները կարող էին պատմել ամբողջական պատմություններ, նույնիսկ երբ իրենց հերոսները բառ անգամ չէին արտաբերում: Լայնորեն օգտագործվում էին տեսողական «հանգեր» ու «կրկներգեր», որոնք պետք է «հանգավորեին» պատկերված քչախոս գեղեցկությունը: Այս ալիքի վառ ներկայացուցիչներն են Ա. Տարկովսկին, Ս. Փարաջանովը, Տ. Աբուլաձեն:

Իսկ բանաստեղծա-վավերագրական ուղղությունը ենթադրում էր ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական կինոյին հատուկ հնարքների միախառնում, ինչը հանդիսատեսին հանգեցնում էր անսովոր «տեղաշարժված» տեսակետի: Ստեղծվում էր «գաղտնի կինոխցիկով» նկարահանման տպավորություն, ինչը ուժեղանում էր էկրանին կատարվող իրադարձությունների առօրեականությամբ: Պատկերելով ժամանակակից կենցաղը, ռեժիսորները ձգտում էին հասնել դեպքերի գործնականում փաստագրական հավաստիության: Հասարակ մարդկանց հասարակ կյանքը ծնում էր հակամարտություններ և լուծում դրանք:

Առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվում նկարահանման և մոնտաժի վարպետությանը: Դրանց օգնությամբ էլ լուծվում էին այն խնդիրները, որոնց համար բանաստեղծա-գեղանկարչական ուղղության մեջ պատասխանատու էին տեսողական կերպարները: Պլանների արագ փոխարկում, որոնք ակնթարթաբար հակազդում են հերոսների տրամադրության վրա: Դարաշրջանի նոր վառ ուղղություն՝ ներկադրային մոնտաժ, երբ օպերատորը, չդադարեցնելով նկարահանումները և կարիք չզգալով միմյանց սոսնձման, հասնում էր անհրաժեշտ շեշտադրության օգտագործելով միայն կինոխցիկի հնարավորությունները՝ փոխելով ֆոկուսը, մոտեցնելով ու հեռացնելով կինոխցիկը, այն տեղափոխելով նկարահանման հրապարակով մեկ:

Նոր խորհրդային ալիքը գոյություն ունեցավ գրեթե մեկ տասնամյակ՝ 50-ականների վերջից մինչև 60-ական թվականների վերջը և հնարավորություն ընձեռեց ի հայտ գալու նոր անունների, որոնք ընդմիշտ մտան խորհրդային և համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ: Սկիզբ առնելով «ձնհալի» ժամանակ, ալիքը ետ հորդեց երկրի հասարակական-քաղաքական կյանքում այսպես կոչված «լճացման» հաստատմամբ:

Գլխավոր ֆիլմերը

* Իվանի մանկությունը (1962), ռեժ.՝ Անդրեյ Տարկովսկի

* Թռչում են կռունկները (1957), ռեժ.՝ Միխայիլ Կալատոզով

* Ես քայլում եմ Մոսկվայով (1963), ռեժ.՝ Գեորգի Դանիելիա

* Մոռացված նախնիների ստվերները (1964), ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով

* Իլյիչի ուղեկալը կամ Ես քսան տարեկան եմ (1959/1965), ռեժ.՝ Մարլեն Խուցիև

(շարունակելի)


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10