Ամերիկացի ժամանակակից լավագույն արձակագիրներից մեկի Մայքլ Քանինգհեմի Փուլիցերյան մրցանակ ստացած «Ժամերը» (1998) վեպում մի հետաքրքրական դրվագ կա. վեպի երեք գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Կլարիսա Վոնը ծաղկի խանութ մտնելիս դերասանուհի Մերիլ Սթրիփին է հանդիպում: Քանինգհեմը hարցազրույցներից մեկում համեստորեն խոստովանում է, որ վեպի այդ դրվագը գրելիս մտքով իսկ չի անցել, թե իր չորրորդ վեպը հրատարակելուց չորս տարի անց համաշխարհային կինոյի՝ Մերիլ Սթրիփի մեծության աստղը «երկնքից» կիջնի ու կխաղա էկրանացման մեջ, ընդ որում ոչ թե սեփական, այսինքն դրվագային, այլ վեպի գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Կլարիսա Վոնի դերը (մնում է ափսոսալ, որ Կլարիսա Վոնի դերակատարն չէր կարող հանդիպել դերասանուհի Մերիլ Սթրիփին ու զարմանալ, որ փողոցում նրա պես կինոաստղի է հանդիպել):

Քանինգհեմի համար անակնկալ է եղել նաև, որ իր վեպն աշխարհով մեկ հանրահայտ դարձրած էկրանացման երեք գլխավոր հերոսուհիներն էլ մեկը մյուսից փայլուն կինոաստղեր են ընտրվել՝ «աշխարհի լավագույն դերասանուհի» (Քլինթ Իսթվուդի կարծիքը) Մերիլ Սթրիփից բացի Ջուլիանա Մուրը՝ Լորա Բրաունի դերը կատարելու և վերջապես իր հմայքը Վիրջինիա Վուլֆի նևրոտիկ կերպարին հաղորդելու համար անզուգական Նիքոլ Քիդմանը, որ ֆիլմի հաղթարշավի արդյունքում մրցանակների մի ամբողջ բույլ է հավաքուm (Բեռլինի կինոփառատոնի, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակները, «Ոսկե գլոբուս», Օսկար): Այսպես, ռեժիսորական իր կարիերան Քանինգհեմի վեպի հրատարակման տարին կարճամետրաժով սկսած Սթիվեն Դոլդրիի «Ժամերը», որ, ըստ էության, 2002-ի ամենահաջողակ ֆիլմերից էր, երեք կանանց կյանքի մեկ օրն (ըստ ամենայնի հունիսյան, թեև ֆիլմում Կլարիսա Վոնի կյանքի այդ օրը ձմեռային օր է) է ներկայացնում՝ ընդգրկելով մի ամբողջ դարաշրջան, ստեղծելով պատումի երեք շերտ, երեք զուգահեռ իրականություն, որոնք կապակցվում են Վիրջինիա Վուլֆի և Միսիս Դելոուեյի կերպարով, վերջում հանգուցալուծվում Լորա Բրաունի և Կլարիսա Վոնի հանդիպումով:

Ո՛չ ֆիլմը, ո՛չ վեպը իրադարձություններով հարուստ չեն, ավելին՝ հերոսներն ինչ-որ իրադարձությունների են նախապատրաստվում, ինչպես էկզիստենցիալ վեպերում: Վուլֆն իր «Միսիս Դելոուեյ» վեպի շուրջ է մտորում (Քանինգհեմը Վուլֆի վեպի նախնական վերնագիրն է փոխառել), Լորա Բրաունն ամուսնու ծննդյանն, իսկ Կլարիսա Վոնը նախկին սիրած տղամարդու՝ Ռիչարդի վեպի մրցանակաբաշխության արարողության է պատրաստվում: Վուլֆի վեպի հերոսուհու անունը Կլարիսա է, ամուսնու անունը՝ Ռիչարդ, այդ իսկ պատճառով «Ժամերը» վեպի ՁԻԱՀ-ով հիվանդ և իր կյանքի վերջին օրն ապրող Ռիչարդը, որ գրական մրցանակաշխությունից առաջ ինքնասպան է լինելու, Կլարիսային միսիս Դելոույ է անվանում. Ռիչարդն, ըստ էության, Վիրջինիա Վուլֆի կերպարի պրոեկտումն է այլ ժամանակաշրջանում, այս տղամարդկային կերպարանափոխությունը Քանինգհեմին հնարավոր է Վուլֆի «Օռլանդո» վեպն է հուշել:

Դոլդրիի՝ հիմնականում Քանինգհեմի վեպին հարազատ էկրանացումն իրականության այս եռաշերտ իրականությունը շատ ավելի ակնհայտ ու ցցուն կերպով է փորձում կապակցել՝ կտրուկ և «կոպիտ» մոնտաժի ու շեշտակի անցումների միջոցով, մինչդեռ Քանինգհեմի վեպում ամեն ինչ անհամեմատ նրբորեն է արված: Քանինգհեմն ակնարկում է՝ վստահելով ուշադիր ընթերցողի նրբանկատությանը և վեպն այդպիսի ընթերցողների համար է, Դոլդրին ուղղակի «բղավում» իրականության այդ երեք շերտերի առնչության մասին, ուստի ֆիլմը «զանգվածային» հանդիսատեսի համար է (Դոլդրին իրավացիորեն չի վստահում ժամանակակից մարդու երևույթները կապակցելու կարողությանը և ընդգծում ու տեսանելի է դարձնում այն կապերը, որ ինքը նկատել է վեպի պատկերների միջև):

Կինոպատումի դրվագը հանկարծակի ընդհատվում և հերոսների ընդհատված խոսքի իմաստային շարունակությամբ կամ պատկերի միջոցով անմիջապես կապակցվում է հաջորդող դրվագի հետ: Ըստ որում ֆիլմում ավելի ցայտուն է այն տպավորությունը, որ բոլոր հերոսուհիները՝ Լորան և Կլարիսան Վուլֆի գիտակցության իրողությունն են (մոդեռնիստները՝ հատկապես Պրուստը, Ջոյսը և Վուլֆը որդեգրել էին բերգսոնյան այն տեսությունը, թե աշխարհը մեր գիտակցության փաստն է և մեր գիտակցությունից դուրս պարզապես գոյություն չունի) և սա ըստ էության Վուլֆի ստեղծագործական մեթոդն արդարացնող որոշում է, քանի որ նրա վեպերը գրված են «գիտակցության հոսքով», այսինքն իրականությունը հերոսները գիտակցության և բոլոր հերոսները միասին գրողի գիտակցության փաստն են:

Լորա Բրաունը, որ հյուրանոց է գնում ինքնասպան լինելու մտադրությամբ (բայց և որպես սեփական մտադրությունից ետ կանգնելու հնարավորություն իր հետ վերցնում է Վուլֆի «Միսիս Դելոուեյ» վեպը) հյուրանոցում քնում ու երազ է տեսնում, թե ինչպես է ջուրը ծածկում անկողինն ու ջրահեղձ անում իրեն (վեպի և ֆիլմի հերոսներից մեկի ազգանունն ըստ ամենայնի հենց այդ պատճառով է Ուոթերս): Որքան էլ իր հարցազրույցներից մեկում Քանինգհեմը պնդի, թե նախապես չի ծրագրում իր վեպերի հանգուցալուծումները, որպեսզի կերպարները չաշխատեն այդ հանգուցալուծման ուղղությամբ, այնուամենայնիվ թե՛ ֆիլմը, թե՛ վեպն սկսվում են Վուլֆի՝ ջրահեղձության ինքնասպան լինելու տեսարանով, այսինքն հանգուցալուծմամբ, հետո Լորան զարթնում է հյուրանոցի համարում և ֆիլմում դրան անմիջապես հաջորդում է իր վեպի հերոսուհու ճակատագիրը վճռած Վուլֆի խոսքերը՝ Միսիս Դելոուեյը չի մահանալու, և այսպես Լորա Բրաունը ևս (ինչպես և Կլարիսա Վոնը), մի ակնթարթ նույնանում է Միսիս Դելոուեյի հետ, որպեսզի հաջորդ ակնթարթին նորից օտարվի այդ կերպարից՝ «կերպարանափոխվելով» Լորա Բրաունի, որն իբրև կյանքի շարունակության իր ձեռքը վերցնի «Միսիս Դելոուեյ» վեպն ու ընթերցի այն:

Այսպես, կիսատ թողած գիրքն ընթերցելը և ամուսնու ծննդյան համար նոր տորթ թխելու որոշումը դառնում են կյանքը շարունակելու որոշումներ: Ի դեպ շատ հետաքրքիր է նաև չստացված տորթի՝ որպես ձախողված կյանքի մետաֆորը, որ ռեժիսոր Դոլդրին կարծես այնքան էլ ճիշտ չի ըմբռնել: Ֆիլմում այնպիսի տպավորություն է, որ ընկերուհու այցից հետո նրա քաղցկեղի լուրն առնելուց նեղսրտած է Լորան այդ տորթը նետում աղբարկղը, այնինչ վեպում այն Լորայի չստացված կյանքի փոխաբերությունն է: Այսպիսով և վեպը և ֆիլմը ի թիվս բազմաթիվ խնդիրների ընտրության ազատության և մարդու պատասխանատվության խնդիրներն են բարձրացնում:

 ՄԱՅՔԼ ՔԱՆԻՆԳՀԵՄ, «ԺԱՄԵՐԸ», Եր., «Դարակ», 2020 թ., 288 էջ:

ՍԹԻՎԵՆ ԴՈԼԴՐԻ, «ԺԱՄԵՐԸ», ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2002, 114 րոպե:

 

Հեղինակ՝ Հրաչ Սարիբեկյան


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10