Հոկտեմբերի 24-ի առավոտյան փարիզյան կրպակները սովորականի պես լցվեցին Libération թերթի շաբաթօրյա համարով։ Բայց այս համարը ( N 12247) մեզ՝ հայերիս համար առանձնակի հաճելի է, քանզի թերթի մշակութային բաժինը նվիրված է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և փարիզյան նորաբաց «Բնություն» ցուցահանդեսին։ Ֆրանսիական թերթը այդ նույն համարում տպագրել է նաև հանրահայտ ռեժիսոր Լեոս Կարաքսի «հիացմունքի խոսքը», որը ներկա էր Վարպետի նոր «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերային։

 

Հատուկ kinoashkharh.am-ի ընթերցողների համար ներկայացնում ենք Լեոս Կարաքսի հիացմունքի խոստովանության հայերեն թարգմանությունը։ 

«Առաջին անգամ Փելեշյանի մասին ինձ պատմեց մեծ ընկերս, օպերատոր Ժան-Իվ Էսկոֆիեն․ դա ութսունական թվականների սկիզբն էր, երբ միասին սկսել էինք կինո նկարահանել։ Նա վերադարձել էր ԽՍՀՄ կատարած ճանապարհորդությունից, արդեն չեմ հիշում եղել էր Վրաստանում թե Հայաստանում, բայց ձեռքին ուներ Փելեշյանի մի քանի ֆիլմերով VHS տեսաերիզ ՝ «Մենք», «Մեր Դարը», «Բնիկներ» և երևի ամենաաննախադեպը՝ «Տարվա եղանակները»։

Ո՞վ է այս մարդը, այնտեղ՝ արևելքում, ունակ այդքան խիտ և գլխապտույտ առաջացնող պատկերների զանգվածի։ Ես նրան պատկերացնում էի Ռոդենի նման՝ քարեր և հրաբխային ժայռեր մշակող վարպետի, կամ մոլեգնած խմբավարի, բայց նաև ծաղրածու լարախաղաց Տատիի տեսքով։ Ամենավերևում և այստեղ՝ ներքևում։

Նրա ստեղծագործությունը, նրա ֆիլմերը, դրանց վերնագրերը, բոլորը համառոտ են, խտացված, ատոմական։ Բայց ինչ-որ հրաշքով, կինոյի և մարդկության էությունը (այն ինչ դրանից մնացել է և կմնա մշտապես, ամեն ինչին հակառակ, մեզ հակառակ) այստեղ է։ Բոլոր տեսակի պատկերներից առաջ մոլորակի երեխաներին պետք է ցույց տալ Փելեշյանի պատկերները։ Որպեսզի նրանց կյանքը բացվի այս տարրական տեսարաններով (բնություն, կենդանիներ, մեր մեքենաներն ու մենք), և որպեսզի նրանց աչքերն ընկալեն այն, ինչ տեսնում է իրական հայացքը․  ազատություններից ամենաթանկագինը վերստեղծման կարողությունն է։

Ժան-Իվի տեսաերիզը նայեցինք, վերանայեցինք, փոխանցեցինք ձեռքից ձեռք այստեղ՝ Փարիզում։ Բայց պետք եղան տարիներ վերջապես տեսնելու համար Փելեշյանի ֆիլմերն իրական էկրանին։

Փելեշյանի աշխարհն ինձ չի լքել այդ օրվանից։ Ասես մանկության աշխարհ։ Այն բոլոր մարդկանց նման, ում մենք այդքան պարտական ենք, առանց նրանց երբևիցե հանդիպելու։ Քաջալերող է տեսնել նրան մեր ժամանակակիցների շարքում։

Շնորհակալ եմ ամենի համար, Արտավազդ Փելեշյան (ինչ հրաշալի է Ձեր անունը)»։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Սոխակյանի

Փարիզ, 2020


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10