Ժամեր առաջ Փարիզում բացվեց Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» խորագրով ցուցահանդեսը։ Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնը մարդաշատ է։ Տնօրեն Էրվե Շանդեսը, որը նաև ցուցահանդեսի համակարգողն է, մեծ հուզմունքով ներկայացրեց հյուրերին Վարպետի հետ տարիների համագործակցության պատմությունը։  

«Առաջին անգամ Փելեշյանի կինոյի մասին ինձ պատմեց ռեժիսոր Անդրեյ Ուջիկան, որն այսօր նույնպես ներկա է բացման արարողությանը,- ասաց Էրվե Շանդեսը,-նա ինձ տեսաերիզով  փոխանցեց «Տարվա եղանակները» և «Մեր Դարը»։

Հիշում եմ, երբ տեսա դրանք, իրապես ցնցվել էի, տպավորությունը շլացուցիչ էր։ Մենք անմիջապես սկսեցինք մտածել ռեժիսորի հետ առաջին հնարավոր համագործակցության մասին։ Պատասխանը եղավ «Ժողովրդական արվեստ» ցուցահանդեսը (2001թ), որի շրջանակներում մենք շտապեցինք ցուցադրել «Տարվա եղանակները»։

Հաջորդ տարի արդեն  «Այն, ինչ պատահում է» ցուցահանդեսի շրջանակներում ընդգրկվեց «Մեր դարը» ֆիլմը։ Փելեշյանի հետ համագործակցությունը ստացավ տարիների ընթացք՝ շարունակվելով հիմնադրամի թե՛ փարիզյան պատերի ներսում, թե՛ միջազգային ցուցահանդեսներում։ 2005 թվականին մենք ձեռնամուխ եղանք Փելեշյանի  նոր ֆիլմի ստեղծմանը, քանզի Վարպետի վերջին ֆիլմը՝ «Կյանքը», նկարահանվել էր 1993 թվականին։ Անցան տարիներ, ավելի ճշգրիտ՝ 15 տարի, և մենք այսօր վերջապես հանրության դատին ենք ներկայացնում «Բնություն» նոր ֆիլմը։ 15 տարի, որի ընթացքում սակայն մեր ամուր կապը Արտավազդ Փելեշյանի հետ շարունակվում էր բազմաբնույթ զրույցներով և քննարկումներով։ Այս տարիների ընթացքում մենք  հոգու խորքում փայփայում էինք ՝ մի օր արդյունքը տեսնելու հույսը։ Դուք այդ ֆիլմի առաջին հանդիստեսն եք»։

Էրվե Շանդեսը բացման խոսքն ամփոփեց անձնական հորդորով․ «Բնություն» ֆիլմը եզակի բանաստեղծություն է, օրհներգ, ուրեմն խնդրում եմ դիտեք այն իր առաջին իսկ վայրկյաններից։ Բաց թողնելով ֆիլմի անգամ մի քանի րոպեն, կնշանակի ձախողել ամենը, կորցնել ֆիլմի ողջ հմայքը։ Ինչպես բանաստեղծությունը պետք է կարդալ առաջին իսկ տողերից, այնպես էլ Փելեշյանի կինոն պետք է դիտել առաջին վայրկյաններից»։

Պատրաստման փուլում է նաև Արտավազդ Փելեշյանին նվիրված կայքէջը, որը ըստ հիմնադրամի տնօրենի, կլինի ցուցահանդեսի բնական շարունակությունը։

Բայց սա ամենը չէ, Փելեշյանի ֆիմերին նվիրված փարիզյան աշունը սահուն անցնելու է ձմռան․ դեկտեմբերի 10-14-ը հանրահայտ Սինեմատեկ Ֆրանսեզը ծրագրում է կազմակերպել Վարպետի ամբողջական ֆիլմացանկի հետայաց ցուցադրութունը։ Փելեշյանի արվեստի սիրահարների ֆրանկոֆոն բանակը հուսով է, որ շուտով Հայաստանում երկինքը նորեն կլինի անամպ և խաղաղ, իսկ Վարպետը կկարողանա ճանապարհորդել Փարիզ և տեսնել իր «Բնությունը» մեծ էկրաններին։

Լիլիթ Սոխակյան

Հոկտեմբեր 2020,Փարիզ


    Լեհական մշակույթի օրեր՝ Հայաստանում

    Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։ Նախագիծը կազմակերպել...

    |4 Դեկտեմբեր 2020,00:10