Էկզիստեքստ

***

Լինում են սիրուն տեսարաններ, բայց լինում են և «լսարաններ». Մալիբեյլու գյուղի բալկոնից բացվել էր աշխարհի ամենագեղեցիկ լսարանը. սև մթության մեջ ոչինչ չէր երևում, բայց առաջին անգամ տագնապի ու պայթյունի ձայների փոխարեն լսվում էր ծղրիդ, չակուրտակ ու դիմացինիդ՝ ոչ թե հևոցի կամ հոգոցի, այլ ատամների արանքում մնացած սխտորի ու սիգարետի կուշտ ղուլաբի ձայնը։

Իդիլիան տևեց հաշված րոպեներ,լռությունը կոտրեց աշխարհի ամենաահասարսուռ ձայնը՝ ինքնաթիռինը։Դրան հաջորդեց լույսի շլացնող առկայծումը, որից հետո կոծկում ես շունչդ ու աչքերդ՝ հաշվելով պայթյունից առաջ աշխարհի ամենաերկար երեք վայրկյանները…

***

Էսօր տեսա արդեն 3-րդ դեպքը, երբ գմփում ա տուն, սաղ փախնում են դուրս, մտնում պադվալներ ու ամեն անգամ հայտնվում ա չստերով ու անթև մայկայով մի բիձա, որը դանդաղաքայլ դուրս ա գալիս շեմից ու առանց շտապելու ձեռքը պարզելով սահմանից էն կողմ ասում ա « քու՛**մ ձեր մերը» ու շրջվում մտնում ա ներս։

***

Ղարաբաղցու «զավտրիկը» անպակաս էր անգամ ապաստարաններում՝ 4 պայթյուն, 4 ապաստարան, 4 բաժակ հիսուն. դուրս գալուց պատրաստ էի ու անկաշկանդ՝ միանալու Ալիևի ծնողների բարձրաձայն կենակցմանը։

***

Մի պահ ինձ թվաց Կրակովն ա, ես էլ Վլադիսլավ Շպիլմանն եմ. ԱԻՆ-ի հաղթանդամ տղերքից մեկը հեկեկում էր պատին հենված, մոտեցա տեսնեմ ինչ ա եղել, պարզվեց հենց նոր Ֆորդի մեջ դիակներ ա բարձել. «Ախր ոնց կարամ ես իրանց ապրանքի պես շարել իրար վրա Ֆորդի կուզովում՝ իրանք իմ համար են զոհվել, իմ թագավորներն են, ես իրանց ծառան եմ, ոնց կարամ տենց անեմ, ո՛նց…թագավորներիս…»։

***

Թվում էր, թե պարզապես շատ վտանգավոր ա, մինչև, որ Դոնբասում եղած ազգությամբ բասկ, աժդահա լրագրող Պաբլոն ասաց՝ «Тут, блядь, опаснее!»։

***

Ղազանչեցոցի պայթյունից անմիջապես հետո մտանք ապաստարան՝ տեսնելու ռմբակոծման պահին եկեղեցում եղած երախաներին։ Մայրը ամբողջ կոկորդով լացում էր, մինչև 4-ամյա տղան թռվռալով անդոշակ մահճակալի ցանցին բերանբաց պատմում էր՝ «ես տեսա՛, տեսա՛ ՝ էրկու սամայլյոտ էին, մամ, սենց պյու՜մ-պյու՜մ»։

***

Սթրեսից շեղվելու համար Արեգի հետ որոշեցինք գնալ շոփինգի, միակ բաց խանութը «Հայդուկ»-ն էր։ Խանութպանը առաջարկեց շալվարը փոխել հանդերձարանում, Արեգը խնդաց. «սաղ քաղաքը որձ ա, բայց իրանք հանդերձարանի զանավեսկեն քաշում են»։

Մինչ փոխվում էինք «Հայդուկ»-ի դիմաց մի ԱԹՍ արձակում էր դքի վրա լռված ժիգուլու ձայներ։Խանութից մեկը դուրս եկավ փողոց, կանգնեց ԱԹՍ-ի դիմաց ու գոռաց անօդաչուի օդաչուին՝ «ա դե ֆտառոյ քցի, այ պիդառած»։

***

Առաջին անգամ արթնացանք առանց տագնապի ազդանշանի։ Շահբազյան Արամը մայկեն վրեն քցելով, ճպռոտած աչքերով լուրջ դեմքով խնդաց՝ «ապե, սիրենա չկա, կարո՞ղ ա ստե են»։

***

Ամենաանհամապատասխան պահին Արեգը որոշեց սնարյադի վրա «բլոճիկ» նկարել, ես էլ նկարեցի իրան՝ նկարելիս։ Լրիվ, էն որ ասում ա՝ սաղ թողած թիթեռ էինք նկարում, հետո հորինեց հեշթեգ, որն ասում ա ավելին, քան պաշտոնականները՝ #ՀինՏներնԵնք։

 

***

Ամենածանր գիշերը որոշեցի անցկացնել աթեիստի համար ամենատրամաբանական հանգրվանում՝ եկեղեցու ապաստարանում։ Դրսում ռմբակոծում, արկերի կարկուտ, եկեղեցում՝ հատակին կիսալուսնաձև տեղավորվել էին մարդիկ՝ ահելից ջահել, մեջտեղում երկու իրար զուգահեռ նստարաններ՝ երեք քահանաներով ու մեջտեղում  ծնկաչոք, բռունցքները քունքին, կոպերն աչքերին սեղմած, տիեզերքի ամբողջ ուժը գմբեթի տակ  կենտրոնացրած Պատերազմի Սրբազանը՝ Պարգևը։

Ասում են, աթեիզմը հօդս է ցնդում ինքնաթիռի առաջին թափ տալուց, սուտ ա՝ աթեիզմը հօդս ա ցնդում, երբ ինքնաթիռ ես տեսնում վերևումդ օդային տագնապի ժամանակ։

***

«Չաթլախները խելքները տվել են պուլտերին, էտի կռիվ չի, ցիրկ ա, դե թո՛ հելնեն դեմներս», – ասաց պահեստազորի մի սպա, որը ցավոք, շատերի պես պատրաստվում էր հաջորդ պատերազմին։

***

Խոսեցինք վախից, հարցրեցի՝ «ըստ ձեզ, խոսքի՝ Քյոխը, մեջը վախ ունի՞», պատասխանեցին՝ «թուրքից  չէ, բայց իհարկե՛ ունի. ենթագիտակցական վախ, որ հանկարծ կարող ա մի օր չլինել Եղնիկների միակ ու անկրկնելի հրամանատարը, էդ շատ հզոր վախ ա, քանի դեռ իրա մոտ էդ վախը կա՝ կա նաև թուրքերի վախը իրանից»։

***

Զինվորներից մեկը տուն խոսալուց ասաց․ «Մամ ջան, ցավդ տանեմ, Քյարամի ախպերն ա ֆրոնտում ու իրա մերը դիմանում ա, դու ձև չունես չդիմանաս»։

***

Գնացինք Բարդակի Ազատին տեսակցության, վիրավոր էր, դուռը բացեց աշխարհի ամենակենսուրախ մարդը, ում լվացքի մեքենան հանում էր ռմբակոծման ձայներ, որոնք ընդհատվում էին թութակին ուղղված իր ժպտերես սուլոցներով՝ «Չիկո-Չիկո»։

***

Ապաստարանի դիմաց բիձեքը խոսում-խնդում էին, համեմատաբար վաղուց պայթյուն չէր եղել։ Մեկը մյուսին ասում էր․«վայթե իրանց կյանքի վերջին պատերազմն էլ պրծավ»: Էդ ասաց նոր պայթյունից վայրկյաններ առաջ…

շարունակելի․․.

——————————-

Կարեն Ավետիսյան

Արցախ, 2020, հոկտեմբեր

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի Արցախյան հուշագրությունների շարքը՝  առանց հատուկ միջամտության։