Էկզիստեքստ  (մաս 2)

***

Կոնսի ուսանող ապրիլյանի մասնակից Հրաչն աբսոլյուտ լսողություն ուներ. Շնիտկեի ու Շուբերտի փոխարեն լսում էր գաուբիցա ու սմեռչ, ու որ ավելի տպավորիչ էր՝ փակ աչքերով լսում էր լոկացիա․ «գըմփ»՝ «ЦОР»–ի հետևներն ա», «գըմփ»՝ «Շուշվա կոմն ա», «գըմփ»՝ «Բալուջա ա», «դըմփ»՝ «հօ՛պ, մերոնք են»։ Երբ մտածեցի, որ վերջինս կարա դառնա հակաօդային ուժերի մասին պատմող գրքի լավ վերնագիր, Հրաչը փորձեց կիսվել գիտելիքներով՝ «սենց ասեմ, որ հեշտ ջոկես՝ «գըմփոցները» իրենք են՝ «դըմփոցները» մերոնք»։

***

(գը՜մփ) … Արեգի հետ մեկական նիսուշի պատ գրկած պպզեցինք … (գը՜մփ) … Արեգը առաստաղի տակ մնալու փոխարեն մտորեց մարդ մնալու մասին՝ «մեկ-մեկ սենց պահերին անկախ ինձանից ուզում եմ մերոնք դրանց սաղին մինչև վերջին մարդ գըմփցնեն նախույ» … (գը՜մփ) … հետո վերջին պահին ինձ զսպում եմ … որ ուժեղ մնամ. . . (գը՜մփ)։

***

«Ռուսը»՝ այդ օրերին ահա տարբեր կոնտեքստներում հնչող երկրորդ ամենատարածված բառը։

Ավելի շատ հնչում էին միայն՝ «մերոնք»։

***

«Մենակ մարդկանց ա պետք նկարել, որովհետև հիմա մենք մենակ ենք», – նայելով ֆոտոխցիկի Ստեփանակերտ օբյեկտիվում միայնակ դեգերող տատիկին, բարձրաձայն մտածեց Միրզոյան Կարենը։

***

Արտասահմանցի լրագրողներից մեկը, լսելով «Արցախի պաշտպանության բանակ»՝ ներողություն խնդրելով, բացատրեց, որ իրավունք չունի կողմնապանություն անել հարձակվողի ու պաշտպանվողի բաժանելով ու ստիպված ա նշել պարզապես` «բանակ»։ Զարմացավ, երբ բացատրեցինք, որ կողմնապանության հարց չի, ու որ Արցախի բանակը իրոք կոչվում ա` «Պաշտպանության»։

***

Պարգև Սրբազանը գիշերով հրահանգավորեց գնդերեցներին գիշերային ճակատադիր լապտերներ հասցնել առաջնագիծ։ Գնդերեցների՝ ավելի ապահով, բարլուսով շարժվելու ակնարկն անգամ անիմաստ էր…լուսարձակները պետք են մինչև բարլուս, ավելին՝ պետք են բարլուսի համար։

***

Արեգին գռուզիտ էի անում «տրամաբանական» հարցերով, թե բա` «կարո՞ղ ա սենց գնանք, որ սենց չըլնի, նենց չանենք՝ նենց ըլնի» մինչև մի պահ կանգ առավ ու ասեց` «հասկացի՛, էս անտերի մեջ լոգիկա չկա», որից հետո առաջարկեց քնապարկերով գնալ ու գիշերն անցկացնել արդեն տրաքցրած պադստանցիայում, քանի որ թշնամին այն արդեն շարքից հանել էր ու էդ ուղղությամբ էլ չէր խփի. էդ պահին, ըստ լոգիկայի` Ստեփանակերտի ամենաապահով տեղն էր։

Քիչ անց  երկրորդ անգամ խփեցին Ղազանչեցոցին՝ բեկորներով սպանելով տրամաբանության վերջին բարակ շերտը։ Հա էլի, էս անտերի մեջ չկա լոգիկա։

***

Պատահաբար տեսա երևանաբնակ գյումրեցի Ծո Արտակին. «Որ պանիկավատ չէնե, ընկերուհուս ասի ` «գործերով կերթամ Լեnնագան համ էլ ընգերներիս տենամ», էգա ստե, հեն ա նոր սմս է գրե` «ամոթից մարդու չեմ ըսե օր Լեննագան ես»

***

– Ախպեր, ստե ջոկում ես, որ մինչև ստե սաղ փոքր բոզի տղեք էին` էլ էն գայիշնիկը, որ հավայի վրեդ ակտ գրեց, էլ վերևի հարևանդ, որ 3 անգամ պատալոկդ ջրեց, էլ սուդյան, որ հայերի գոլը չհաշվեց …արա ախպեր բայց էս Պատերազմը… արա էս ինչ Մեծ Բոզի Տղայա

***

– Գիտես չէ՞, որ էն հայտնի նկարի «Ճիչը»՝ Գյանջայում ա, նկարիչն էլ ղարաբաղցի ա։

– Մու՞նկ

– Մունկ չէ ապեր` Մո՛ւնք։

***

– Նենց չի որ սաղ կյանքս երազել եմ աֆիցեր ըլնեմ։ 3 տարեկան աղջիկս կուզեմ խոսքի՝ պրագրամիստ ըլնի, 5 տարեկան տղես էլ, խոսքի` ջութակ նվագի, բայց որ ինքը վաղը–մյուս օր ջութակ նվագի` ես պտի էսօր–էգուց զինվոր ըլնեմ…

շարունակելի․․.

——————————-

Կարեն Ավետիսյան

Արցախ, 2020, հոկտեմբեր

(Լուսանկարում` Հայաստանի նվագախմբերի առաջատար երաժիշտները… առաջնագծում)

ՀԳkinoashkharh.am-ը ներկայացնում է կինոքննադատ Կարեն Ավետիսյանի Արցախյան հուշագրությունների շարքը՝  առանց հատուկ միջամտության։