«Անտարես» հրատարակչությունն «Արգելված գրքեր» մատենաշարով լույս է ընծայել հույն մեծանուն գրող Նիկոս Կազանձակիսի «Վերջին փորձությունը» վեպը Շամրիկ Խաչատրյանի թարգմանությամբ: Ժամանակին աղմուկ հանած այս գրքի էկրանացումն է Մարտին Սլորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմը, որն իր հերթին դարձավ կինոյի պատմության ամենաաղմկահարույց գործերից մեկը: Զավեն Բոյաջյանն անդրադարձել է գրքի և ֆիլմի շուրջ բորբոքված կրքերին:

Թեքսասի քրիստոնեական համալսարանի գրականության և կրոնագիտության պրոֆեսոր Դարեն Ջ. Ն. Միդլթոնն իր «Ընդհատված ալելույա. Նիկոս Կազանձակիսը և քրիստոնեական աստվածաբանությունը» ուշագրավ գրքում, որը լույս է տեսել 2007-ին՝ հունական գրականության հսկայի մահվան կեսդարյա տարելիցին, իրավամբ նկատել է, թե «մինչ քրիստոնյա գրողների մեծ մասը կենտրոնանում է Աստծու անփոփոխության, Հիսուսի աստվածայնության և Տիրոջ ողորմածությամբ մեր փրկության վրա, Կազանձակիսը շեշտել է Աստծու փոփոխականությունը, Հիսուսի մարդկայնությունը և իր՝ Տիրոջ փրկությունը մեր ջանքերի գնով»:

Ըստ էության, Միդլթոնն ամենից ավելի կարևորում է «ավանդական ուղղափառ քրիստոնեական դավանանքի կազանձակիսյան անսովոր մեկնությունը»: Ամեն դեպքում հենց այդ մեկնությունը տեղիք տվեց սկանդալային մեծ աղմուկի, որը դարձավ գրողի լավագույն գործերից մեկի՝ «Վերջին փորձությունը» վեպի տևական ուղեկիցը: Ավետարանական երեք փորձությունից զատ Հիսուսին վիճակված այս չորրորդ՝ պարականոն փորձության պատմությունը, որտեղ խաչված Քրիստոսն աննկատ հեռանում է Գողգոթայից՝ սովորական մահկանացուի կյանքով ապրելու, նման բովանդակության պատճառով դժվարանում էր հրատարակիչ գտնել Հունաստանում, ուստի սկզբնապես լույս տեսավ Նորվեգիայում 1951-ին:

Կազանձակիսի հայրենիքում գիրքն առաջին անգամ հաջողվեց լույս ընծայել միայն չորս տարի անց, երբ արդեն հրատարակվել էր նաև Շվեդիայում և Գերմանիայում: Եթե «նոր քննադատության» հայրերից դարձած անգլիացի անվանի գրականագետ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսի կարծիքով Կազանձակիսն իր վեպում «փորձել է վերականգնել վաղ քրիստոնեության արժեքները, ինչպիսիք են սերը, եղբայրությունը, մարդկայնությունն ու անձնուրացությունը», ապա եկեղեցականների արձագանքն արմատապես այլ էր: Հունական ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը Աթենքից որոտաց. «Ֆրոյդի տեսություններից և պատմական մատերիալիզմից ներշնչված սույն վեպը անվայել, գռեհիկ ու անարգական ձևով խեղաթյուրում է և արատավորում Ավետարանի ճանաչումն ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածամարդ բնույթը»: Հոգևորականները չբավարարվեցին «Վերջին փորձությունը» խստիվ դատապարտելով. նրանք «սրբապիղծ» հեղինակին իր կրոնական ու քաղաքական հայացքների համար բանադրելու և այդպիսով ուղղափառ եկեղեցուց արտաքսելու իսկական արշավ ձեռնարկեցին: Կազանձակիսն այդ քայլին այսպես արձագանքեց. «Դուք նզովում եք ինձ, սուրբ հայրեր, ես ձեզ օրհնում եմ. թող ձեր խիղճը նույնքան մաքուր լինի, որքան իմը, իսկ դուք նույնքան բարոյական ու կրոնասեր լինեք, որքան ես»: Ինչևէ, գրքի տարածումը Հունաստանում աստվածանարգման մեղադրանքով՝ համապատասխան օրենքի հիման վրա կասեցնել տալու կղերական ճիգերը հաջողության չարժանացան, և վեպը ոչ միայն մնաց վաճառքի համար թույլատրելի, այլև ավելի լավ սպառվելու հավելյալ երաշխիք ձեռք բերեց, ընդ որում՝ նաև Հունաստանի սահմաններից դուրս. օրինակ՝ ֆրանսերեն հրատարակության շապիկին հատուկ նշված էր, թե խոսքը մի գրքի մասին է, որի համար Կազանձակիսին բանադրանքով են սպառնացել: Իսկ երբ «Վերջին փորձությանն» ընդդիմացավ և կաթոլիկ եկեղեցին՝ ի դեմս Պիուս XII պապի գլխավորած Վատիկանի, վեպը 1953‑ին ընդգրկելով արգելված գրքերի իր ցանկում, Կազանձակիսը, ինչպես և նշել են գրողի կենսագիրները, վերջապես համաշխարհային ճանաչման հասավ: Ավելացնենք, որ նա Վատիկանին էլ անպատասխան չթողեց՝ մի հեռագիր ուղարկելով, որտեղ մեջբերել էր վաղ քրիստոնեության շրջանի հայտնի գրող և աստվածաբան Տերտուլիանուսին. «Քո դատաստանին եմ դիմում, Տեր»:

Ի վերջո հունական ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը՝ ի պատիվ իրեն, հրաժարվեց Կազանձակիսին բանադրելու մտադրությունից, Վատիկանն էլ մի քանի տարի անց ընդհանրապես վերջ տվեց արգելված գրքերի ցանկեր հրապարակելուն: 1961-ին ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Աթենագորաս I-ը գրողի ծննդավայր Հերակլիոնում (Կրետե) նույնիսկ հայտարարեց. «Կազանձակիսը մեծ մարդ է, և նրա գործերը զարդարում են պատրիարքարանի գրադարանը»: Բայց «Վերջին փորձության» ոդիսականն այսքանով չավարտվեց: Մոտ չորս տասնամյակ անց՝ 1988-ին, երբ ամերիկյան կինոյի վարպետ Մարտին Սկորսեզեն, ասպարեզ հանեց Կազանձակիսի վեպի էկրանացումը «Քրիստոսի վերջին փորձությունը» վերնագրով, կրքերը վերստին և այն էլ՝ անասելի բորբոքվեցին, այնպես որ, 50-ականներին չպայթած ռումբը որոտաց հապաղումով:

Սկորսեզեն իր նվիրական կինոնախագծերից մեկին ձեռնամուխ էր եղել դեռ 1983-ին. Կազանձակիսի գրքին նա ծանոթացել էր դրանից շատ առաջ՝ 1972-ին, դերասանուհի Բարբարա Հերշիի շնորհիվ, որին հետագայում բաժին ընկավ Մարիամ Մագդաղենացու դերը էկրանացման մեջ: Բայց կրոնական խմբավորումներից ստացած բողոքի նամակների, ինչպես և բյուջեի ուռճացման պատճառով «Փարամաունթ» կինոընկերությունը վերջիվերջո չեղարկեց այդ նախագիծը: Սկորսեզեին հաջողվեց ֆիլմը նկարահանել հոլիվուդյան մեկ այլ խոշոր ընկերության «Յունիվերսըլ»-ի հետ, որը լավ չէր հաշվարկել, թե «Քրիստոսի վերջին փորձությունն» ինչ դժնի փորձություն պիտի դառնա և՛ իր, և՛ ռեժիսորի համար:

Նախկինում կինոյի պատմության մեջ կրոնական թեմայով ստեղծված թերևս ոչ մի ֆիլմ մարտաշունչ վեճերի և ընդվզման այնպիսի փոթորկուն ալիք չէր բարձրացրել, ինչպես Կազանձակիսի վեպի էկրանացումը: Առաջին իսկ հրապարակային ցուցադրումները ոտքի հանեցին Քրիստոսի կերպարի մեկնաբանման մեջ ոչ մի կանոնախախտում ու կամայականություն չհանդուրժող ուղղահավատ կաթոլիկներին և քրիստոնեության տարբեր ուղղությունների ջերմեռանդ հետևորդներին: 1988-ի սեպտեմբերին, երբ ֆիլմը ներկայացվեց Վենետիկի միջազգային կինոփառատոն, հարկ եղավ ցուցադրության համար ստանալ քաղաքի գլխավոր դատավորի թույլտվությունը: Վերջինս, իմիջիայլոց, ֆիլմի լավագույն պաշտպանը դարձավ. հրապարակելով իր վճիռը՝ նա հայտարարեց, թե չի կարող խորամուխ լինել կինոնկարի գեղարվեստական արժանիքների մեջ, քանի որ իրեն դիլետանտ է համարում, բայց փոխարենը ջերմորեն պաշտպանում է արվեստագետի իրավունքն ընդունված կանոններից շեղվող իր տեսանկյունն ունենալու: Մինչդեռ «Քրիստոսի վերջին փորձության» շուրջ ծավալված փոթորկալի աղմուկը վերաճեց հետապնդումների: Սկորսեզեն մահվան սպառնալիքներ ստացավ և ստիպված էր մի քանի տարի օգտվել թիկնապահների ծառայությունից: Բանը չվերջացավ եկեղեցական այրերի և քարոզիչների նզովքներով, ուղղադավան հավատացյալների ցույցերով, հրապարակային աղոթքներով ու բոյկոտով:

Ամերիկյան կինոթատրոնների խոշորագույն ցանցերը հրաժարվեցին ցուցադրությունից, իսկ որոշ քաղաքներում ընդհանրապես արգելվեց ֆիլմի վարձույթը: Ավետարանական Բիլ Բրայթն առաջարկում էր նույնիսկ կինոժապավենի նեգատիվը գնել «Յունիվերսըլ»-ից ոչնչացնելու նպատակով: Ճանաչված կաթոլիկ միանձնուհի մայր Անջելիկան Սկորսեզեի աշխատանքը որակեց որպես «սուրբ հաղորդության ամենից անարգական ծաղրը, որ երբևէ եղել է աշխարհում» և «հոգիներն ընդմիշտ խորտակելու ուժով օժտված կործանիչ կինոնկար»: Այսքանից հետո զարմանալի չէ, որ «Քրիստոսի վերջին փորձությունը» շահութաբերության առումով բնավ չարդարացրեց իրեն, թեև դրական քննախոսականներ վաստակեց, իսկ Սկորսեզեն առաջադրվեց «Օսկար»-ի՝ որպես լավագույն ռեժիսոր:

Երբ տառապյալի լուսապսակով եզերված ֆիլմը հասավ Եվրոպա, խռովահար հուզումները նոր թափ ստացան՝ տեղիք տալով մինչև իսկ ահաբեկչական գործողությունների: Մոլեռանդ կաթոլիկների մի խմբի ձեռքով Փարիզի «Սեն Միշել» կինոթատրոնը հրկիզվեց ցուցադրության ժամանակ, տասներեք տուժած կար: Բայց «Քրիստոսի զինվորները» շարունակեցին տքնել և հրդեհից հետո՝ Բեզանսոնում ռումբ պայթեցնելով: Կինովարձույթի ահաբեկված տերերը մեկմեկու հետևից ֆիլմը հանում էին էկրաններից: Մի շարք երկրներում (Հունաստան, Արգենտինա, Մեքսիկա, Չիլի, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թուրքիա և այլն) «Քրիստոսի վերջին փորձությունը» կամ գրաքննության ենթարկվեց, կամ էլ առհասարակ արգելվեց բավական երկար ժամանակ: Վեճերն ու բողոքները շարունակվում էին անգամ տարիներ անց, երբ Կազանձակիսի վեպի կինոտարբերակն էկրան էր բարձրանում այս կամ այն երկրում կամ ցուցադրվում հեռուստատեսությամբ: 1997-ին Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ը և Ռուսական ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը հանդես եկան ֆիլմը ռուսաստանյան հեռուստալիքներից մեկով ցուցադրելու դեմ:

Ի դեպ, նշեմ, որ այս հալածական կինոաշխատանքի առաջին հայաստանյան ցուցադրությունը, կայանալով դեռ 1993-ին հեռուստատեսությամբ՝ տողերիս հեղինակի «8 1/2» հեղինակային ծրագրի շրջանակներում, միանգամայն անխռով ու քաղաքակիրթ պայմաններում է անցել, արվեստագետի ստեղծագործական ազատությունը հարգելու լիակատար ըմբռնումով:

Հետաքրքիր է, որ «Քրիստոսի վերջին փորձությունը» դատափետողներից շատերը, սեփական խոստովանությամբ, ֆիլմը չեն էլ տեսել, և նրանց վրդովմունքի աղբյուրը, փաստորեն, հենց սրա մեջ է: Իրականում ոչ Կազանձակիսի վեպը, ոչ էլ դրա հավատարիմ էկրանացումը սուր չեն ճոճում քրիստոնեական ուսմունքի և դավանաբանական դրույթների դեմ: Այստեղ Տիրոջ որդուն բաժին հասած վերնագրային «վերջին փորձությունը», ինչպես պարզվում է, լոկ տեսիլք է, բանդագուշանք, մահամերձի ցնորք, իսկ սա գալիս է հաստատելու սրբագործված կանոնը. նա, ով պետք է խաչվի մարդկության մեղքերի համար, մահից առաջ հաշտվում է իր նախասահմանված ճակատագրի հետ և ձերբազատվում աշխարհիկ գայթակղություններից:

  Զավեն ԲՈՅԱՋՅԱՆ