Վենետիկում` սեպտեմբերի 2-ին, մեկնարկեց 77-րդ կինոփառատոնը։ Տոնական արարողության ընթացքում դերասանուհի Թիլդա Սուինտոնին հանձնվեց  «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար։ Սուինտոնը ներկայացնելու է փառատոնի արտամրցութային ծրագրում ընդգրկված Պեդրո Ալմոդովարի կարճամետրաժ ֆիլմը՝ «Մարդկային ձայնը», որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերում:

Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին կմասնակցեն ավելի քան 60 ֆիլմ աշխարհի 50 երկրից։

 

Պաշտոնական ծրագրում կատարվել են փոքր փոփոխություններ: Այսպիսով, «Վենետիկյան դասականները» բաժինը, որը ներկայացնում է համաշխարհային կինոյի վերականգնված գլուխգործոցները  կանցկացվի Բոլոնիայում, որը հայտնի է իր պատմական սինեմատեկով: Եվ միայն փորձնական (էքսպերիմենտալ) VR մրցույթը կանցկացվի առցանց ձևաչափով:

Բայց, այս տարվա մրցույթի հիմնական առանձնահատկությունը կանանց նկատելի առատությունն է։ Հիմնական մրցանակների համար պայքարող 18 ֆիլից ութը նկարահանված են կին ռեժիսորների կողմից: Նրանց թվում են ԱՄՆ-ում աշխատող չինուհի Քլոե Չժաոն, ֆրանսիուհի Նիկոլ Գարսիան, գերմանուհի  Յուլիյա ֆոն Հայնցը, իտալուհի Սյուզան Նիկկյարելին, հնդկուհի Չայտանյա Թամխանեն, նորվեգուհի Մոնա Ֆաստվոլդը, ինչպես նաև հայտնի իտալացի թատերական ռեժիսոր Էմմա Դանթեն։

Ինչպես նշեց Վենետիկի կինոփառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Ալբերտո Բարբերան, 11 տարվա ընթացքում՝ առաջին անգամ, կինոփառատոնը մեկնարկում է իտալական ֆիլմով՝ Դանիելե Լուչետտիի «Կապեր» (Լաչի) ֆիլմով: Հատկանշական է նաև, որ  վենետիկյան կինոստուգատեը կեզրափակվի մեկ այլ իտալացի ռեժիսորի՝ Ստեֆանո Մորդինիի «Թող ինձ գնա» (Lasciami andare) ֆիլմի պրեմիերայով, որտեղ խաղում են իտալական էկրանի աստղեր ՝ Ստեֆանո Աքքորսին և Վալերիա Գոլինոն: Երկու ֆիլմերն էլ արտամրցութային են:

Չնայած կորոնավիրուսային համաճարակին, կինոփառատոնի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումը չանցկացնել առցանց ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչներն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: