Չինուհի ռեժիսոր Խլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը»։ kinoart.ruի հաղորդմամբ, նման որոշում է կայացրել դերասանուհի Քեյթ Բլանշետի գլխավորած միջազգային ժյուրին։

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար՝ «Արծաթե առյուծ» մրցանակին է  արժանացել ճապոնացի Կիեսի Կուրասավայի «Լրտեսի կինը» (Wife of a Spy) ֆիլմը ։ Ժյուրիի գրան-պրին ստացել է մեքսիկացի Միշել Ֆրանկոն «Նոր կարգ» ֆիլմի համար։

Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը։ Իտալացի Պյերֆրանչեսկո Ֆավինոն Վոլպիի գավաթին է արժանացել որպես լավագույն դերասան Կլաուդիո Նոչեի «Մեր հայրը» (Padrenostro) ֆիլմում դերակատարման համար։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Վանեսսա Քիրբին՝ Կորնելա Մունդրուցոյի «Կնոջ մասերը» Pieces of a Woman ֆիլմում դերի համար։

Լավագույն սցենար մրցանակին արժանացել է հնդկական «Աշակերտը» The Disciple ֆիլմը։ Մարչելլո Մաստրոյանիի անվան մրցանակը, որով պարգևատրում են երիտասարդ դերասաններին և դերասանուհիներին, ստացել են իրանական «Արևային երեխաները» Khorshid ֆիլմի դերակատարները։

Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել պորտուգալացի Անա Ռոչա դե Սոուզայի «Լսիր» Listen-ը, որը պատմում է արտագաղթողների մասին։