1979թ. «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի աշխատասենյակի դուռը բացեց ճերմակ հագուստով, գեղեցկատես, փոքր- ինչ շփոթված,  ժպտադեմ մի երիտասարդ, ասաց, որ ստեղծագործում է, սիրում է մեր ամսագիրը և կուզենար թղթակցել։ Մոտենում էր  դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան օրը։  Չուզենալով  նորահայտ թղթակցին բարդ թեմայով ծանրաբեռնել՝    հանձնարարեցի դերասանուհու հետ ծննդյան տարեդարձի առթիվ փոքրիկ հարցազրույց անել։ Վազգեն Սարգսյանը, այդպես էր երիտասարդի անուն ազգանունը, հաջողությամբ կատարեց հանձնարարությունը։ Փոքր-ինչ  կրճատել-խմբագրելուց հետո հարցազրույցը տպագրվեց ամսագրում։ Շուտով Վազգենը դարձավ մեր ամսագրի լավագույն թղթակիցներից մեկը։

«Հայաստանի աշխավորուհի» ամսագրի գլխավոր  խմբագիրը, բաժինների վարիչներս սպասում էինք արարատցի երիտասարդ թղթակցին, որի ժպտադեմ բարևից խմբագրության աշխատանքային  մթնոլորտը պայծառանում էր։ Վազգենը  երազում էր գնալ Մոսկվա, ընդունվել կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, ֆիլմեր նկարահանել։ Շուտով նրա պատմվածքները տպագրվեցին  «Գրական թերթում», իսկ որոշ ժամանակ անց նա աշխատանքի անցավ «Գարուն» ամսագրում։  Ինչ իմանար, թե ճակատագիրն ի՛նչ ճանապարհ էր պարտադրելու իրեն։ Եկավ 1988թ.։ Սկսվեց  արցախյան շարժումը։

Եվ Վազգեն Սարգսյան լրագրողը, գրողը հայտնվեց իրադարձությունների կիզակետում։ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ճամփան «մոռացած»՝ անցավ  փշոտ, տատասկոտ ճամփեքով, կրեց պատերազմի դաժան բեռը, մեծ ջանքերի գնով կարողացավ համախմբել առանձին գործող կամավորական ջոկատները, պատերազմի խրամատներում ձևավորել կանոնավոր բանակ։

Գիտեի, որ պատանի Վազգենը նկարահանվել է մի ֆիլմում, որի նկարահանումները կատարվել են Էլբրուսում։ Դիպվածով իմացա, որ Արցախյան ազատամարտի մասնակից, կինոռեժիսոր, օպերատոր,  լուսանկարիչ Արա Շարբաթյանը ևս մասնակցել է այդ նկարահանումներին, և, քանի որ համավարակի պատճառով տանից դուրս գալը խրախուսելի չէր, մեր զրույցը էլբրուսյան  նկարահնումների, Վազգենի խաղացած դերի և էլի ուրիշ ուշագրավ բաների մասին կայացավ հեռակա։

Ա.Ծ. -Պարոն Շարբաթյան, ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել Վազգեն Սարգսյանի հետ։

– Շանոթացել ենք նախքան Արցախյան շարժումը։  Հանդիպեցինք կինոստուդիայի օպերատորական բաժնում։ Ես կինոօպերատոր էի,  Վազգենը՝ ռեժիսորի օգնական։ Տեքստերն էր տալիս,  անում էր՝ ինչ պետք էր։   «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմի նկարահանման ժամանակ Էլբրուսում քառասուն օր  միասին էինք։ Ամառ էր, որքան հիշում եմ՝  հունիսը։ Ներքևում շոգ էր, վերևում՝ լեռան  գագաթին՝ բուքուբորան։ Սարերի միջով էինք գնում։ Ռուսաստանից եկած կասկադյորներ կային։ Վազգենը  մտերմացել էր նրանց հետ։ Նկարահանման աշխատանքներին շատ մարդ էր ընդգրկված, և նրանց մեջ Վազգենը շատ լավ տպավորություն էր թողնում։ Եթե համեմատեմ՝ մենք ի՜նչ խենթություններ էինք անում, իսկ ինքը որքա՜ն  համեստ էր։

Աշխատանքային կադր՝ «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմից։ Ձախից՝ Վազգեն Սարգսյանը

Ա.Ծ. -Ինչի՞ մասին էր ֆիլմը, ո՞վ էր ռեժիսորը։

-Ֆիլմը նկարահանում էր Լևոն Գրիգորյանը։ Բեմադրող օպերատորը Գիա Հայրապետովն էր,  Վահագն  Տեր- Հակոբյանն և ես՝ սպասարկման մեխանիկ։ Դիմահարդարն Անահիտ Աղաջանյանն էր։ Դերասանական խմբում ընդգրկված էին Լոռենց Առուշանյանը, Արշակ Օհանյանը, Արայիկ Եդիգարյանը,  Ռուսաստանից՝ Անդրեյ Ռոստոցկին,  Վիկտոր Մամաևը, Գեորգի Մարտիրոսյանը, Տալգատ Նիգմատուլինը և ուրիշներ։

Ֆիլմը պատերազմական իրական դեպքերի   վրա հիմնված՝ գերմանական «Էդելվեյս» լեռնային դիվիզիայի՝ Էլբրուսով անցման մասին էր։ Մեծ, դժվարին օպերացիա է եղել, որի նպատակը, կռիվը Բաքվի նավթը տիրելու համար է եղել։

Դրամատիկ, դեպքերի լարված ընթացքով արկածային ժանրի ֆիլմ  էր։ 1942թ. աշնանը խորհրդային ռազմիկ-լեռնագնացների ոչ մեծ ջոկատը՝  զինվորական լրագրող,  բանաստեղծ Վազգեն Պետրոսյանի և պրոֆեսիոնալ  լեռնագնացի գլխավորությամբ, պետք է կատարեր հույժ կարևոր առաջադրանք՝ մագլցել և հեռացնել Աման Դաղի բարձրունքում ամրացված նացիստական սվաստիկան։  Նկարահանումներն ընթանում էին Գառնիի  ժայռերում և Էլբրուսում։ Զինվորական հագուստներով, սաղավարտներով  լուսանկարները կան, կուղարկեմ ձեզ։ Հրանոթի ետևում կանգնածը ես եմ։

Վազգենը նույնպես խաղում էր այդ ֆիլմում։ Փոքր դեր էր, ու գերմանացին  նրա խաղացած հերոսին գնդակահարում էր։ Հավեսով նկարահանվեց, բայց, ինչպես հետո պարզվեց,  իր խաղացած այդ կերպարը չէր սիրել։ Ուրիշների մոտ չէր ասի, բայց ինձ հետ անկեղծացավ, երբ  արդեն պաշտպանության նախարար էր։

Ա. Ծ.- Ֆիլմի նկարահանման ո՞ր պահը, պահերն եք հաճախ հիշում։

-Էլբրուսի գագաթին սրճարան կար։ Մեզ կես ժամ ընդմիջում տրվեց։ Ժամանակ չկար հագուստ փոխելու։ Երբ դերասանները գերմանացու զինվորական համազգեստներով, զենքերով մտան բար, զբոսաշրջիկները վեր թռան տեղերից,  խառնվեցին իրար, նրանց թվաց՝ պատերազմ է սկսվել։  Միայն բարմենն ուրախացավ,  մյուսները քարացել էին։

Ա. Ծ.-Էլբրուսից հետո ե՞րբ հանդիպեցիք։

-Հանդիպեցինք տարիներ անց։ 1992թ.  ինձ զանգահարեց  կինոօպերատոր  Շավարշ Վարդանյանը՝ Վազգեն Սարգսյանի անունից առաջարկելով ծառայության անցնել ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունում։ Հաջորդ օրը՝ մարտի 31-ին գնացի նախարարություն և ինձ ծառայության ընդունեցին ՊՆ  լրատվական բաժնում որպես օպերատոր։  Լրատվական ծառայությունը նոր էր ձևավորվում։ Անհրաժեշտ տեխնիկա դեռ չկար։ Զրոյից քիչ-քիչ կայանում էր։ Կես խոսքից հասկանում էինք իրար։ Նկարահանումների գնում էի իմ տեսախցիկով՝ կամերայով։ Առաջին նկարահանումները կատարեցի  Կապանի հատվածի հայ-ադրբեջանական սահմանում,  հետագայում եղա բոլոր թեժ կետերում։ Կինոն ինձ տարավ Արցախ։

Իմ աշխատանքայի ուղու կարևոր մի հատված առնչվում է ՀՀ պաշտպանության նախարարության  հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որի ղեկավարներն են եղել  առաջին ղեկավար Գեղամ Հարությունյանը, Արմեն Դուլյանը,   Սեյրան Շահսուվարյանը։ Նրանց հետ սիրով եմ աշխատել։

Աշխատանքային կադր՝ «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմից

Ա. Ծ.- Պաշտպանության նախարար  Վազգեն Սարգսյանին հանդիպելիս ինչի՞ մասին էիք խոսում։ Ձեր մտապատկերում  զինվորի դերը խաղացող Վազգենը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը շա՞տ էին  տարբերվում իրարից…

– Կինոդերասան Վազգենը շատ ջահել էր, մեղմ, բարի,  զգայուն։ Սպորտսմեն տղա էր, ընկերություն սիրող։ Ֆիլմի նկարահանման ժամանակ վեհ բաներից չենք խոսել։ Ասում եք՝ ուզում էր Մոսկվա գնալ, ընդունվել կինեմատոգրաֆիայի ինստիտուտ։ Եթե կինոյի գործը պիտի շարունակեր, ուրեմն պետք է գնար, սովորեր։ Բայց մարդու կյանքը հաճախ ուրիշ հուն է մտնում։ Առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն արդեն հասուն, կիրթ տղամարդ էր՝ հոգով էլի նույն ջերմ, անմիջական Վազգենը։ Շատ հետաքրքիր  էր վերաբերվում, գնահատում մասնագետ մարդկանց։ Ես հասարակ զինվոր էի, ինքը՝ պաշտպանության նախարար։ Ինքն իր գործին էր, ես՝ իմ։ Ինձ տեսնում՝ ուրախանում էր։ Դիմելիս ասում էր՝ վարպետ Արայիկ։ Ինձ համար կարևոր գնահատական էր։ Գնահատում էր աշխատող մարդուն։ Սրտացավ էր բոլորի ու ամեն ինչի հանդեպ։ Կարևորը՝ որ ամեն բան չափի մեջ լիներ։  Բացառիկ հիշողություն ուներ, գիտեր՝ ո՛ր տանկը, ո՛ր զինվոր որտեղ է։ Նրա անսահման ցանկությամբ ու եռանդով ձևավորվեց բանակը։  Իր անձնականի մասին չէր մտածում, ամեն ինչ անում էր բանակը հզորացնելու, հաղթանակի համար։ Բանակը Վազգենի երեխան էր։ Ափսո՜ս, որ զոհվեց։ Եթե  ողջ լիներ, իր ծրագրերն իրականանային՝ Հայաստանը ծաղկելու էր, Շվեյցարիան ի՜նչ էր… Անելու էր, Կարեն Դեմիրճյանի հետ անելու էին։ Իրար հետ շատ բան էին անելու, ուրիշ բան էր լինելու։

Այն ժամանակ շատերն էին ուզում, երազում Վազգենի աչքին երևալ, որ իրենց վրա նայեր։ Հետո փոխվեցին… Վազգենի թաղման ժամանակ չդիմացա, շատ մարդու վրա չկարողացա նայել։ Զայրույթից կեսից թողեցի-հեռացա։ Ամեն մարդ թող հաշիվ տա իր խղճին։ Վազգենն ինձ բարեկամ չէր, մարտական ընկեր էր։

Ա. Ծ. -Ասացիք՝ կինոն ձեզ տարավ Արցախ։ Պատմեք  ձեր նկարահանումների մասին։

-Ազատամարտի ժամանակ նկարահանածս նյութերն ամբողջությամբ տնօրինում է պաշտպանության նախարարությունը։ Դրանք օգտագործվել են շատ ֆիլմերում։ Պատերազմի մասին առաջին ֆիլմը Մոնթեի մասին էր, աշխատել եմ ռեժիսոր Վան Արյանի հետ։ Կոչվում էր «Մոնթե.ո՞վ է նա»։ Ցավոք, այն կրճատումների ենթարկվեց։ Երբ դիտեցի, լացս եկավ։

Նկարել եմ Մոնթեի հուղարկավորությունը։ Այդ կադրերում մարդկանց աչքերին նայելիս զգում ես կորստի  ծանրությունը։

Աշխատանքային կադր՝ «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմից

Ա.Ծ. – Վազգենին վերաբերող  կադրեր ունե՞ք։

-Տեսած կլինեք, անշուշտ, այն տեսանյութը, երբ ԵԿՄ համագումարի ժամանակ Վազգենն իր երկու զինընկերոջ հետ ոգեշնչված երգում է։ Շատերն են նայել, հուզվել, բայց չգիտեն՝ ով է եղել այն նկարահանողը։

Ա.Ծ. – Դուք նաև լուսանկարիչ եք։

– Լուսանկարն ու կինոն ընդհանուր շատ բան ունեն՝ ամեն ինչ որսալ մեկ հայացքով և ենթարկել քեզ։  Ես օպերատոր եմ և առավել՝ լուսանկարիչ։ Վազգենի կամուֆլյաժով, ծաղիկը ձեռքին հայտնի դիմանկարի  հեղինակը ես եմ։

Ես պատերազմ գնացի, որ իմ երեխաները, բոլորի երեխաները, թոռները պատերազմ չտեսնեն։ Նույն կերպ հայրս է գնացել, որ իր տղան պատերազմ չտեսնի, բայց տեսա… Կարևորը դուխը՝ ոգին տեղը լինի։ Ոգուց էն կողմ հզոր բան չկա։ Ոգին է ծնում իրավունքը։ Մեր ազատագրած յուրաքանչյուր թիզ հողը մեր անվտանգության երաշխիքն է, որի համար մեր լավագույն տղաները զոհվեցին։ Մենք նահանջելու տեղ չունենք։ Աստված տա՝ պատերազմ չլինի։ Բայց եթե հարձակում եղավ, թշնամու համար վատ էլինելու։

 Ես իմ երկիրը շատ եմ սիրում, չեմ փոխի  Շվեյցարիայի և ոչ մի ուրիշ երկրի հետ։ Հատկապես՝ հիմա։ Հավատում եմ, որ լավ է լինելու։ Դժվար է, բայց լավ է լինելու։ Ամեն վատ անցյալ է այլևս ։

Ա.Ծ. -Կրկին անդրադառնամ  «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմին։Ասացիք՝ Վազգենն իր  խաղացած դերով հիացած չի եղել…։

-Այո, նախարար ժամանակ երկու անգամ խոսեց ֆիլմի մասին։  Ասաց, որ իր դերը չի սիրել։

Ֆիլմում ֆաշիստն  սպանեց իր խաղացած հերոսին, կյանքում էլ իրեն ֆաշիստն սպանեց։ Իրեն, մյուսներին սպանողը ֆաշիստ էր։  Շատ ցավալի բան եղավ։ Ասում են՝ մարդը ճակատագիր ունի…

Ասպրամ Ծառուկյան

Լուսանկարները՝ Արա Շարբաթյանի


Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնը կրկին համախմբել է Փելեշյանի արվեստի սիրահարներին

Ժամեր առաջ Փարիզում բացվեց Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» խորագրով ցուցահանդեսը։ Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնը մարդաշատ է։ Տնօրեն Էրվե Շանդեսը,...