Սուրեն Հասմիկյան․Մերը «Պեպոն» է,մեր ազգային կինոյի «Իլիականը»
Յուրաքանչյուր ոք, ամեն մի ժողովուրդ, ազգ ձգտում է ինքնաճանաչման, ինքնահաստատման։ Հին հեքիաթները, առասպելները այս ինքնաճանաչման միջոցներից են։ Եվ եթե մենք ուզում ենք կորզել ասենք հին Հունաստանի ոգին, նախ և առաջ դիմում ենք «Իլիականին»…
Իսկ արվե՞ստը… Հարթելով ճանապարհ ճանաչման համար, սկսում է նախ և աոաջ ինքնաճանաչումից։ Արվեստը, եթե ուզում է ապրել, զարգանալ, չմնալ անմիտ ժամանցի, թամաշայի ոլորտում, եթե կամենում է վերածվել ժողովրդի հոգևոր կյանքի, հասարակական գիտակցության շարժիչ ուժի, պետք է ունենա, գտնի, հայտնաբերի իր «Իլիականը», իր այցետոմսը։
Մերը «Պեպոն» է։ Մեր կինոյի, մեր ազգային կինոյի «Իլիականը», իհարկե, «Պեպոն» է։ Ամենից աոաջ «Պեպոն»։
Քանի՜-քանի անգամ գրվել է, խոսվել Հ. Բեկնազարյանի «Պեպոյի» մասին։ Եզակի դեպք, գովեստի շռայլ խոսքեր են ասվել և 30-ականների վերջին, երբ կինոնկարն սկսեց իր հաղթարշավը համաշխարհային կինոէկրաններին, և հաջորդ տարիներին, երբ խամրեցին հայ կինոարվեստի գույները, և որ ավելի կարևոր է՝ 60—70 թվականներին, երբ կարծես նորից բացվեց և իր երփներանգ գույներով շողշողաց Հայկինոյի ծիածանը։ Եվ պետք է հատուկ նշել, այսօրվա Հայկինոյի խաչակցողները երբեք, ոչ մի պարագայում կասկածի տակ չեն վերցնում «Պեպո» կինոնկարի ընդհանրապես գեղագիտական և զուտ կինեմատոգրաֆիկ արժեքը։ Դա չի նշանակում, որ ֆիլմում չկա (և ժամանակակիցներն էլ չնկատեցին) առհասարակ խոցելի տեղ, դա չի նշանակում, որ անվերապահորեն բոլորի կողմից ընդունվեց Բեկնազարյանի ոչ տառակեր վերաբերմունքը Սունդուկյանի պիեսի նկատմամբ։ Ժամանակին ծագեցին վեճեր, որքանո՞վ էին արդարացված ռեժիսորի նորամուծությունները պիեսի սյուժեի, կոմպոզիցիայի և կերպարների բնութագրումների մեջ։ Նրանք, ովքեր պաշտպանում էին կինոնկարը, իհարկե, շտապում էին դիմել տեսական մարզանքի, «ակրոբատիկայի» ստուգված միջոցների՝ փորձելով ապացուցել, որ կարելի է հեղինակի տառը փոխել, բայց հավատարիմ մնալ ոգուն։ Հիմա այդ տեսական վեճերի ո՛չ ժամանակն է, ո՛չ տեղը, բայց ինքնին այս փաստը նույնպես վկայում է հօգուտ կինոնկարի, կնշանակի, ստեղծագործությունը կենդանի է, շնչում է, ապրում։
Բազմաթիվ անգամներ ու տարբեր առիթներով ես արտահայտվել եմ «Պեպո» ֆիլմի մասին, բայց իմ մեջ ուժ չգտա հրաժարվելու ամսագրի առաջարկից՝ նորից ինչ-որ խոսք ուղղել «Պեպոյի» հասցեին։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբեք չես ուզում այս նկարի մասին ասել այն, ինչ արդեն ասել ես։ Տարօրինակ է՝ ներսումդ չկա վեճ ինքդ քեզ հետ, ամեն ինչ կարծես պարզ է, կինոնկարի գնահատականը մնում է անփոփոխ, բայց չես ուզում կրկնվել, եթե նույնիսկ քո հին բնութագրումը, էլ չեմ ասում՛ ուրիշինը, ասենք, Մարիետա Շահինյանի առաջին գրախոսականը, որը տպագրվեց «Պրավդա» թերթում դեռևս 1935 թվականին, մնաց ոչ միայն անժխտելի, այլ նաև՝ չգերազանցված։ Միևնույն է, չես ուզում կրկնվել կամ կրկնել, չես ուզում ցիտել, և դա պայմանավորված է ֆիլմով։ Ինքը՝ ֆիլմը, բացատրված, և ինչպես հենց Սունդուկյանի գլուխգործոցը, իր մեջ պարունակում է ինչ-որ անբացատրելի, անվերջանալի, երբեք չսպառվող, հոսող նյութ, որին չես կարող անուն տալ, ոչ մի կերպ չես կարողանում սանձահարել այն, վերցնել ափիդ մեջ։
Վերջերս Հրաչյա Ղափլանյանն իր հարգանքի տուրքը հատուցելով վրաց ականավոր ռեժիսոր Ալեքսիձեի հիշատակին, գրեց այն մասին, թե Ալեքսիձեն մի առիթով խոստովանել է, որ Սունդուկյանի «Պեպոյի» հանելուկն իրեն հանգիստ չի տալիս և երբեք չի դադարում այդ գործի ձգողականությունը, կարծես չկամենալով հրապարակ հանել իր կախարդական գաղտնիքը։
Ինձ չափազանց մոտ է այս խոստովանությունը, և այն վերաբերում է ոչ միայն պիեսին, այլ նաև ֆիլմին։ Կարելի է ասել, որ Բեկնազարյանը հոգեհարազատ է մնացել ոչ այնքան սյուժեին և նույնիսկ մեծ հեղինակի ասելիքին, որքան հենց «հանելուկի» հանգամանքին։ Իսկ, ընդհանրապես, ֆիլմը բոլորովին նոր ստեղծագործություն է, ոչ թե դասական պիեսի հերթական ռեժիսորական մշակում, այլ դրա հիման վրա կառուցված մի նոր աշխարհ, որը կարող էր ապրել և ստեղծվել միմիայն այդ արվեստի՝ կինոյի լեզվի միջոցներով։ Փոխվեց ոճը, մթնոլորտը, գործողությունը, դուրս եկավ բեմական սահմաններից, այն, ինչ միայն ենթադրվում էր պիեսում, ֆիլմում ստացավ միս ու արյուն։
Նկարը՝ Տատյանա Մախմուրովայի անձնական արխիվից
Բազմիցս նկարագրվել են շուկայի և փողոցի տեսարանները, ընդգծվել է կինոնկարի հանճարեղ ավարտը, հանգույցը, երբ թվում է միայն արվեստի ուժով, նույնիսկ տեխնիկական ոչ լիակատար միջոցներով հեղինակները կոտրում են սյուժեի տրամաբանական շղթան և դուրս մղում ոչ միայն երկի հերոսներին, այլ նաև մեզ՝ հանդիսատեսներիս, լույս աշխարհ, անծայրածիր ասպարեզ, որտեղ ոչ մի դրամա, ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի սոցիալական անարդարություն արդեն ի վիճակի չեն ճզմել, ստրկացնել մարդուն, որովհետև այստեղ իշխում է մարդու ոգին, նրա սերը, նրա հավատը՝ նրա ապագան։ Ես միայն հիշատակում եմ, որ առաջին անգամ հայ կինոարվեստն այս ֆիլմում խոսեց ամբողջ ձայնով և պատռեց ամեն տեսակի սահմանափակումներ, իսկ դա արդեն հավասարազոր էր հայտնության։ Արվեստը ճանաչեց իր հնարավորությունները, իր ուժը, 20-րդ դարի նորամշակ արվեստի օգնությամբ ժողովուրդը, ազգը ճանաչեց, գտավ իրեն։
Հին Հունաստանում վիճում էին, թե ո՞վ է Հոմերոսը։ Հայ կինոարվեստի «Իլիականի» հեղինակը հայտնի է։ Բայց սխալ կլինի միայն Բեկնազարյանին համարել այս ֆիլմի հեղինակը։ Ոչ այն պատճառով, որ անժխտելի է մեծ դրամատուրգի՝ Սունդուկյանի, այս դեպքում նրա պիեսի «հանելուկի» դերը կինոնկարում։ Բանն այն է, որ մեծ գործերը երբեք չեն ստեղծվում մթնոլորտի «վակուումի» պայմաններում։ Այսօր շատ կարևոր է ընդգծել, որ «Պեպո» ֆիլմը նկարահանվել է այնպիսի մթնոլորտում, որը հետագայում, ցավոք, երբեք չի կրկնվել Հայկինոյի ճանապարհին։ Ե՛վ պետական մարմինները, և՛ հասարակությունը, և՛ գրականության, մշակույթի գործիչները ներգրավված էին այս ֆիլմի աշխատանքների մեջ։ Ես ընդգծում եմ, որ մամուլը կինոնկարի ստեղծման, նույնիսկ սցենարի առաջին տարբերակներից սկսած, ապագա կինոնկարի ճակատագիրը վերցրել էր իր անմիջական հսկողության տակ։ Լավագույն դերասանական ուժեր էին հրավիրված նկարահանման հրապարակ։ Եղիշե Չարենցը չծուլացավ երգի տեքստ գրել ֆիլմի համար, իսկ երիտասարդ Արամ Խաչատրյանը ժողովրդական մեղեդին սիրով մշակեց հայ անդրանիկ հնչուն ֆիլմի համար։ Ֆիլմն ունի հեղինակ, բայց հեղինակը, ինչպես Պեպոն ֆիլմում, մենակ չէր։ Բեկնազարյանի կողքին էր Արմեն Գուլակյանը՝ թատերական հայտնի գործիչ, որը ոչ միայն համաձայնեց երկրորդական դեր կատարել ֆիլմում (իսկ կա՞ն արդյոք այս ֆիլմում երկրորդական դերեր), այլ նաև կատարեց ռեժիսոր բեմադրիչի ասիստենտի ծանր, և թվում է, անշնորհակալ պարտականությունները։ Մի՞թե անշնորհակալ։ Կա՞ արդյոք արվեստագետի համար ավելի մեծ երջանկություն, քան զգալ, որ ուզածդ համընկնում է ուրիշների ցանկություններին և իղձերին, երբ զգում ես, որ մենակ չես։ Իսկ այս ֆիլմը հենց դրա մասին է։ Ոչ թե այն մասին, որ սարսափելի է, երբ կորցրել ես բարաթը՝ ընտանիքի ամբողջ հույսը, այլ այն մասին, որ եթե Զիմզիմովների դավթարում տեղ չգտնվի խղճի համար, միևնույն է, դու ուժեղ ես, դու կաս, դու անպարտելի ես, մենակ չես։ Եվ քո անունն է՝ ժողովուրդ։
Կանցնեն տարիներ, հարյուրամյակներ, գուցե և կինոարվեստը վերածվի մի նոր, անսպասելի տեսակի, ո՞վ գիտե, բայց քանի կան ժողովուրդը, հայ ազգը, կմնա «Պեպոն»՝ Սունդուկյանի գլուխգործոցը և Բեկնազարյանի կինոնկարը, հայ կինոարվեստի անկրկնելի զարդը:
Հ․Գ․ Հոդվածը գրված է ֆիլմի 50-ամյակի առիթով, 1985 թ․-ին։
Սուրեն Հասմիկյան
