20-րդ դարի անզուգական  դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը,  «Ինը» մյուզիքլում խաղացած դերից 10 տարի անց  սկսել է նկարահանվել  Ռոմեն Գարիի «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կինոնկարը Netflix-ի եթերում կհեռարձակվի նոյեմբերի 13-ից։։

86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։

Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել: «Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:   Ֆիլմը Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։

Ֆիլմը Netflix-ում հասանելի կլինի նոյեմբերի 13-ից։