Սեպտեմբերի  4-11-ը  18-րդ անգամ տեղի կունենա «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը: Արվեստասեր հանրության համար հրաշալի լուր է, միայն թե համավարակով պայմանավորված, այս տարի այն կընթանա առցանց:  Կմասնակցեն  28 երկրի  85 ֆիլմ:  2003-ից մեկնարկած  ամենամյա «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնի հիմնադիր  Գագիկ Ղազարէի հետ զրուցել ենք փառատոնի անցած ճանապարհից և այս տարվա առանձնահատկություններից:

 Փառատոնի առանձնահատուկ տարին

Սովորաբար փառատոնը տեղի է ունենում հունիս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, բայց այս տարի այլ կերպ ստացվեց: Անկեղծ, անգամ մտածում էինք՝ գուցե չարժե՞ փառատոնը կազմակերպել, բոլորս էինք տագնապի ու անորոշության մեջ:  Բայց առաջին քայլը կատարել էինք մինչև արտակարգ դրութուն հայտարարելը: Չէ ո՞ր փետրվար ամսվա սկզբին արդեն հայտարարել էինք փառատոնի մասնակիցների հայտագրում: Գործընթացը սկսված էր: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ համավարակն ազդել է հայտագրումների քանակի վրա՝ վերջնահաշվարկում ունեցանք 550 հայտ, նախորդ տարիների 700-800-ի փոխարեն: Մենք մեզ ստիպեցինք լինել լավատես՝ փառատոնը պետք է իրականացնել: Միայն թե համավարակով պայմանավորված՝ աշխատանքները դանդաղ ընթացան: Այս տարվա «Մեկ կադրն» առցանց է լինելու: Այս ընթացքում հասցրեցինք ուսումնասիրել առցանց գործիքները, գտանք գործընկերներ, կփորձենք հնարավորինս պատշաճ ձևով այդ ամենն իրականացնել: Բնականաբար, չի լինելու ֆեյսբուքյան կամ յութուբյան պրեմիերաների տարբերակով, այլ՝ իսկապես հեռարձակվելու է մեկ անգամ, պաշտպանելու ենք հեղինակային իրավուքները: Կստացվի, ամեն ինչ անում ենք, որ փառատոնը կայանա: Առաջիկա օրերին վերջնական փորձարկումը կլինի, իսկ սեպտեմբերի 4-ին, 18:15 կլինենք ուղիղ եթերում:

Չկա չարիք, առանց բարիքի

Միշտ ցանկացել ենք, որպեսզի փառատոնն իր կայքն ունենա, բայց չգիտեմ էլ ինչու՝ անընդհատ հետաձգվում էր: Այն ամենն ինչ տեղի ունեցավ այս տարի՝ ստիպեց, որ փառատոնն իր կայքն ունենա (OneShot.am): Մեր կայքում և ֆեյսբուքյան էջում  (https://www.facebook.com/oneshotfest/)  հանդիսատեսը կկարողանա հետևել փառատոնին, բացի այդ, այնտեղ կարող եք գտնել փառատոնի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

Փոքրիկ նորություն

Այս տարի արտերկրից փորձագետներ չենք ունենա՝ այդպես որոշեցինք: Հայ փորձագետներն էլ շատ պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակը: «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի անդամներ են՝ վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը,  արվեստագետ- համադրող Գոռ Ենգոյանը, վավերագրող-ռեժիսոր Սեգ Կիրակոսյանը: «Կարճ ֆիլմեր» անվանակարգինը՝ ռեժիսոր-դերասան Արմինե Անդան, գրող՝ Արմեն Հայաստանցին, ռեժիսոր Վարդան Հակոբյանը, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգինը՝ երաժիշտ Մարինե Կարոյանը:

Ավանդույթներն անփոփոխ են

Կունենանք դասախոսություններ, բնականաբար առցանց, ինչպես նաև քննարկուներ ժյուրիի անդամների հետ: Այս տարի սկզբունքորեն ընտրեցինք միայն մերոնց:

Ո՞ւմ  սպասենք ամեն տարի

Ամեն տարի, երբ հայտագրումը սկսվում է այդ «ո՞ւմ եմ սպասում»-ին՝ սպասում եմ: Եվ, ուրախությամբ կարող եմ ասել, որ ամեն տարի այդ «ում»-երը գտնվում են: Բնականաբար, սկսում ես մտածել, որ այս տարիները, չարչարանքն իզուր չէր:  Երևի սպասում եմ այն մարդուն, ով գալիս է ու զգում եմ, որ այս ամբողջ աշխատանքն իր համար օգտակար էր, իրենն էր, արժեր իր համար անել: Ամեն տարի լինում են մարդիկ, երբ կարող ես «բռնվել» ու կոմպենսացվում է չարչարանքը: Ես սպասում եմ ակտիվ երիտասարդների, կրեատիվ ստեղծագործող մարդկանց նաև մարդկանց, ովքեր փառատոնի միջոցով կայանում են, ու փորձը միշտ հուշում է, որ հենց այս մեկը, մի քանի տարի անց մեկ այլ տեղ է լինելու: Հետո հասկանում ես՝ դու օգտակար եղար, փառատոնը օգտակար եղավ, որ նա այդ ճանապարհն անցնի: «Մեկ կադրը» հարթակ է, որտեղ գալիս են՝ տեսնում, սովորում, զարգանում: Բաց ենք՝ կարող են գալ, տեսնել, սովորել, ծանոթանալ:  ժամանակակից միջին ու երիտասարդ կինոյում գործող անձեր կան, որոնց  առաջին փոքրիկ կադրիկները մեր արխիվում կան: Սա է ոգևորում:

Բաց հրավեր

Փառատոնի օրերին՝ սեպտեմբերի 4-11-ը, մեր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, երեկոյան 18:00-ից կարող եք հետևել ֆիլմերի ցուցադրությանը: Հրավիրում եմ մասնակից դառնալ փառատոնին:

Լուսինե Մարդոյան