Մոսկվայաբնակ հայազգի դերասան Համբարձում Կաբանյանը, չնայած արդեն ինը տարուց ավելի է ինչ աշխատում է Մոսկվայի ամենահեղինակավոր թատրոններից մեկում՝ «Պյոտր Ֆամենկոյի արվեստանոցում», և հայտնի անուն է թատերասերների համար, սակայն, հանդիսատեսի լայն շրջանակներին ճանաչելի դարձավ «Սուսերով պարը» ֆիլմում Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորելուց հետո:

COVID-ի հետ կապված երկամսյա կարանտինի ժամանակահատվածում, երբ փակ էին թատրոններն ու ժամանցի վայրերը, Համբարձումը տիկնոջ հետ միասին որոշեց իր ստեղծագործական էներգիան սպառել խոհանոցում՝ թխվածքներ պատրաստելով ու վաճառելով, և բավական կարճ ժամանակ անց այնքան հաջողեց, որ իմ ռուս ծանոթներից մեկը  կատակով նկատեց, թե հայերի մոտ, նույնիսկ, թխվածքե դեղձերն արևի համ ունեն՝ դերասան Համբարձում Կաբանյանի թխած դեղձերը վկա, հետո ավելացրեց՝ այդ տղան, պարզվում է, նաև հրաշալի նկարում է և լավ վարսահարդար է:

Զբաղմունքների բնույթի նման հակասական տարբերությունը տարօրինակ է թվում՝ վարսահարդար, նկարիչ, խոհարար, դերասան, սակայն, Համբարձումի հետ շփվելու ընթացքում զգացի, որ դիմացս նստած անձնավորությունը դրական լիցքեր փոխանցելու ունակություն ունի և հասկացա, որ վերը նշված բոլոր մասնագիտություններն, ըստ էության, մարդուն դրական էներգետիկա տալու առանձնահատկություն ունեն, ու Համբարձումը փաստորեն զբաղված է հենց դրանով:

-Համբարձում, ո՞րն է քո մանկության ամենավառ հիշողությունը:

-Հիմա Մոսկվայում ապրելով, երբ հիշում եմ մանկությունս, որն անցել է Գագրայում, հետո Սոչիյում, իհարկե, ամենավառ պատկերները ժողովուրդների բարեկամության մասին են: Մեր բակում կարելի էր հանդիպել հայերի, ռուսների, վրացիների, կորեացիներ, և բոլորը ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ էին միմյանց հետ: Ես մի փոքր կարոտում եմ իմ կյանքի այդ շրջանը, քանի որ այսօր մենք, կարծես թե չենք կարողանում բարեկամանալ այնպես, ինչպես իմ մանկության բակում էր:

-Դա Սովետական Միության ֆենոմեններից մեկն էր:

-Այո, ճիշտ ես, բայց մարդը նույնն է չէ: Ես հաճախ տխրում եմ, որ մեր ժամանակներում երեխաները նույնիսկ տարբերակում են ազգությունները: Իմ մանկության տարիներին չկար նման տարանջատում՝ մենք բոլորս նույնն էինք և հավասար էինք:

– Ի՞նչ լեզվով էիք խոսում ընտանիքում:

-Ծնողներս հայեր են: Հայրս Սուխումից է, մայս՝ Գագրայում է ծնվել: Հայրս հիմնականում ռուսերեն է խոսում, մայս՝ հայերեն: Գագրայում ապրելու տարիներին հայկական դպրոց եմ գնացել, հասկանում եմ հայերեն, խոսում՝ ճիշտ է ոչ բոլորովին գրական հայերենով: Գագրաից Սոչի ենք տեղափոխվել, երբ ես երրորդ դասարան էի։ Եվ մինչև 2007 թվականը՝  Մոսկվա տեղափոխվելս,  ապրել եմ Սոչիում:

-Այսինքն, ընտանիքում դաստիարակությունը հայեցի էր՝ ավանդույթներ, սովորույթներ, խոհանոց…

-Իհարկե: Ապրելով Մոսկվայում, ես  պահպանում եմ դրանք: Ի՞նչ ենք մենք պատկերացնում առաջին հերթին հայ ասելով: Կարծում եմ հյուրասիրություն: Ահա այդ հյուրասիրությունն իմ տան այցեքարտն է:  Ե՛վ կինս, և՛ ես երբեք առաքումով ուտելիք չենք պատվիրում: Մենք այն պատրաստում ենք և սիրով հյուասիրում մեր ընկերներին:  Նա ազգությամբ վրացուհի է և նույնպես յուօրինակ ավանդույթների կրող է: Վստահաբար կարող եմ ասել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև ընդանուր գիծը հենց հյուրասիրություն է՝ աղ ու հացով, փռված, առատ սեղաններվ հյուրերին դիմավորելը:

 -Ընտանիքում որևե մեկը կապ ունի՞ թատրոնի կամ կինոյի հետ:

-Ոչ: Ծնողներս հասարակ մահկանացուներ են, բոհեմական կյանքի առաջին ներկայացուցիչը մեր ընտանիքում ես եմ (ծիծաղում է): Հայրս էլեկտրիկ-մեխանիկ է, մայրս՝ մասնագիտությամբ հաշվապահ է, խանութում է աշխատում:

Սոչիում դու բավականին հաջողակ վարսահարդար էիր: Հիմա դու նույն հաջողությամբ թխվածք ես պատրաստում և վաճառում: Զուգահեռաբար խաղում ես Մոսկվայի ամենահեղինակավոր թատրոններից մեկում՝ «Պյոտր Ֆամենկոյի արվեստանոցում» և նկարահանվում ես կինոյում: Ի՞նչ ընդհանուր բան կա այս զբաղմունքների միջև:

-Ես եմ այդ զբաղմունքները ընդանրացնողը: Ես ուզում եմ ապրել, սիրել, ստեղծագործել, զբաղված լինել անընդհատ: Ես տանել չեմ կարողանում անգործությունը՝ հատկապես ֆիզիկական անգործությունը: Այս հարցի մասին մտածելիս՝ ես կրկին վերադառնում եմ մանկություն: Մենք ունեինք այգի, աճեցնում էինք միրգ, բանջարեղեն, աշնանը հավաքում էինք վարունգ, կորտոֆիլ և դա հրաշալի զգացողություն էր, ոգեշնչում էր: Ես գյուղական տղա եմ:  Հատկապես, Երևանում ես սիրում եմ շուկա գնալ: Սիրում եմ այդ մթնոլորտը, հոտը,  հատապտուղներ եմ գնում դույլերով։ Միրգն  ինձ իմ մանկությունն է հիշեցնում:

-Մինչ Մոսկվա տեղափոխվելը և թատերական ընդունվելը դու ոչ մի անգամ թատրոնում չէիր եղել: Այդ դեպքում ի՞նչը տարավ քեզ հենց թատերական ինստիտուտ:

-Ես մի գեղեցիկ օր արթնացա և հասկացա, որ վարսահարդարության մեջ գիտեմ ամեն ինչ և այդ հարթակը արդեն նեղ է ինձ համար: Մտա խոհանոց, մայրս նախաճաշ դրեց սեղանին ու ես հայտարարեցի, որ որոշել եմ գնալ Մոսկվա: Ես չէի որոշել, թե գնում եմ թատերական ընդունվելու: Ես ուղղակի և հաստատապես որոշել էի գնալ Մոսկվա: Նա ինձ կանչում էր: Ես մտածում էի, որ Մոսկվայում է կենտրոնացած այն ամենը ինչի մասին ես երազում եմ:

-Չե՞ս կարծում, որ Մոսկվան բարդ քաղաք է: Ի՞նչպես նա քեզ ընդունեց:

-Ցանկացած քաղաքում բարդություններ կան: Մոսկվան այնքան էլ բարդ չէ, ինչքան թվում է: Մոսկվան կին է: Ես նրան անվանում եմ՝ իմ աղջիկ: Նա ինձ սիրում է, բայց նա խանդոտ չէ: Երբ ես առաջին անգամ Ամերիկա պետք է գնայի, մեջս մի տեսակ  վախ կար՝ բա որ հանկած սիրահարվեմ Նյու Յորքին, դավաճանեմ իմ Մոսկվային: Չորրորդ կուրսում էի, գնացել էինք փոխանակման ծրագրով: Եվ ես իրոք սիրահարվեցի Նյու Յորքին: Ինձ դուր են գալիս մեծ քաղաքները, լայնարձակ տարածությունները: Եթե լեզվի խնդիրը չլիներ, գուցե այդ սիրավեպը սիրո վերածվեր և ես մնայի Նյու Յորքում: Բայց ես վերադարձա Մոսկվա: Այստեղ ես ինձ տանն եմ զգում:

-Ինչպե՞ս գտար թատերական ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի ճանապարհը: Ինչո՞ւ որոշեցիր գնալ հենց այնտեղ, եթե Մոսկվա տեղափոխվելու նպատակը դա չէր:

-Ես ուզում էի լինել մի շրջապատում, որտեղ այդ բոլոր հրաշալի, ուրախ, բոհեմիկ մարդիկ են՝ արտիստները: Ամսագրերից մեկում կարդացի, որ Դիմա Բիլանը սովորում է ԳԻՏԻՍ-ում: Ահա, մտածեցի ես, ուրեմն աստղերը թատերականում են սովորում, ուրեմն պետք է գնալ այնտեղ: Ճշտեցի, ինստիտուտի հասցեն և ուղևորվեցի այնտեղ:

Եվ առաջին փրձից չընդունվեցի՞ր:

-Ընդունվեցի, սակայն  շատ մեծ դժվարությամբ: Սոչիից եկած, 22 տարեկան, շատ ինքնավստահ երիտասարդ էի: Կովկասյան մենթալիտետում այդ տարիքը արդեն լուրջ է, առավել ևս, երբ տղան աշխատում է, վաստակում է և վատ չի վաստակում: Ես ինստիտուտ մտա սպիտակ վերնաշապիկով, սև՝ լավ արդուկված դասական շալվարով, սև կոշիկներով: Միայն փողկապն էր պակասում: Եվ տեսնում եմ ի՞նչ, մի լիքը բակ դիմորդ՝ քրքրված ջինսերով, թափթփված մազերով, ճմրթված ու տեղ-տեղ ոչ այնքան մաքուր շապիկներով: Դա ինձ զարմացերց ու անակնկալի բերեց: Ասեմ, որ ես նույնիսկ չէի որոշել, թե որ ֆակուլտետ եմ գնալու: Ի դեպ, ճանապարհին մտել էի ինստիտուտի մոտ գտնվող վարսավիրանոց ու պայմանավորվել էր, որ ընդունվելուց հետո, ընդմիջումներին կամ դասերի վերջում, աշխատելու եմ իրենց մոտ: Ես ուղղակի չէի պատկերացնում, որ այդ հաստատությունում դասերը սկսվում են առավոտյան և ավարտվում են գիշերվան մոտ: Ես ընտրեցի Եվգենի Կումինկովիչի կուսը և հանձնեցի առաջին փուլի քննությունները: Արդյունքում ինձ ասացին, որ հաջող արտաքինից և լավ ձայնից բացի, իմ մեջ հետաքրքիր ոչինչ չկա, սակայն, հնարավորություն տվեցին անցնել երկրորդ փուլ: Երկրորդ փուլն էլ հաջող ավարտվեց, բայց երրորդում ինձ անհաջողություն էր սպասվում: Բայց ես համառ բնավորություն ունեմ: Ես Կոմինկովիչին դարանակալեցի ետնամուտքի մոտ և հասա իմ նպատակին: Նա համաձայնվեց շանս տալ ինձ և վերցրեց իր կուրս:

-Ինչպե՞ս հայտնվեցիր «Պյոտր Ֆամենկոյի արվեստանոցում»: Որքան գիտեմ երիտասարդ շատ արտիստներ են երազում այնտեղ աշխատելու մասին:

-Ավարտական քննություններից հետո ինձ վերցրեցին այդ թատրոն, ինչպես մեր շրջանակներում են ասում, փորձերին մասնակցելու համար: Արդյունքում, կարճ ժամանակ անց ինձ ընդունեցին թատերախումբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Պյոտր Ֆամենկոն դեռ կենդանի էր, նա տեսել էր իմ դիպլոմային աշխատանքը և լավ արձագանք էր թողել իմ մասին: Ինչպես ինձ փոխանցեցին, նա ներկայացումից հետո ասել էր, թե թավշյա ձայնով ու անվերջանալի երկար թևերով այդ երիտասարդի մեջ ինչ-որ բան կա: Եվ ահա արդեն ինը տարի է, ինչ ես այդ թատրոնում եմ աշխատում:

Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս քո մասնագիտության մեջ:

-Հանդիսատեսի հետ էմոցիոնալ շփումը: Ամեն անգամ, երբ որ ավարտվում է ներկայացումը և դահլիճից հանդիսատեսը ծափերի միջոցով իր էներգիայի հզոր ալիքը ուղարկում է բեմ, ես հասկանում եմ, որ վաղը նորից պատրաստ եմ կրկրն ու կրկին բեմ բարձրանալու:

Կա՞ դեր որի մասին երազում ես:

-Իհարկե, յուրաքանչյուր դերասան երազում է մեծ, դրամատիկ դերի մասին: Հիմա մեր մոտ խաղում ենք «Լիր արքա»: Ես զբաղված եմ այդ ներկայացման մեջ և կողքից եմ նայում այդ կերպարին և շատ-շատ կուզենայի խաղալ Լիր արքային: Ինձ համար հետաքրքիր է հայրեր և որդիներ հավերժական կոնֆլիկտը:

Վերջերս Ֆեյսբուկի քո էջին տեսանյութ ես տեղադրել, որտեղ՝ դիմելով հավանաբար կինոռեժիսորներին, կոչ ես անում նկարահանել քեզ կինոյում, քանի որ դու ասելիք ունես:

-Կարանտինի ժամանակ ես մի տեսակ նիրվանայի էի հասել: Ես թխում էի իմ դեղձերը ու բաժանում էի դրանք  ընկերներիս, հետո էլ սկսեցինք վաճառել,  ու վերջ: Ես երջանիկ էի: Տանը, սիրած մարդու կողքին, ընկերներիս հետ սեղանի շուրջը։ Ես այդ շրջանում ինձ բավարարված էի զգում: Կարանտինը վերջացավ, սկսվեց թատերաշրջանը: Մի օր թատրոնում փորձից հետո իմ զուգընկերուհին հանկարծ ասաց՝ ինչո՞ւ չես նկարահանվում կինոյում, կուզենայի քեզ հաճախ տեսնել էկրանին։ Դրանից հետո, ես դուրս եկա իմ թխվածքային նիրվանայից ու հասկացա, որ  իրոք շատ եմ ուզում կինոյում լինել,  ունեմ ասելիք ու նկարեցի այդ ուղերձը՝ կինոյի աշխարհի վարպետներին:

Արամ Խաչատրյանի կենսագրության մի հատվածի մասին պատմող «Սուսերով պարը» ֆիլմում դու գլխավոր դերում ես և դա քո առաջին լուրջ կինոաշխատանքն է: Ի՞նչպես ընտրեցին այսքան բարձրահասակ երիտասարդին միջահասակ Արամ Խաչատրյանին մարմնավորելու համար:

-Այո, Արամ Խաչատրյանը այնքան բարձրահասակ չի եղել, ինչպես ես եմ և մենք արտաքնապես նման չենք: Ֆիլմի ռեժիսորին ես ամենասկզբում տվել եմ այդ հացը և նա պատասխանել է, որ մենք նկարում ենք պատմություն Արամ Խաչատրյանի մասին, մենք քեզ հետ միասին հանդիսատեսին պատմում ենք այդ հանճարեղ մարդու կյանքի մի հատվածի մասին, այլ ոչ թե ցանկանում ենք խաղալ Արամ Խաչատրյանին: Եթե նման նպատակ լիներ ավելի նման դերասան կընտրվեր կամ կարվեր պլաստիկ դիմահարդարում: Ես շատ էի ցանկանում այդ դերը խաղալ և մեծ ոգևորությամբ եմ աշխատել: Մի զգալի ժամանակ ես առավոտից երեկո լսում էի Խաչատրյանի երաժշտությունը: Կինս գնել, գտել ու իմ սեղանին էր դրել այն ամենը ինչ գրված է Խաչատրյանի մասին: Ես չեմ հավատում, թե հնարավոր է կերպարանափոխվել ու դառնալ Խաչատրյան, բայց կարևոր է վերապրել այն դրաման, որը այդ պահին ապրում է քո հերոսը, այն ապրումները, որոնց միջով անցնելով՝ մարդը գրում է նման հանճարեղ երաժշտություն:

Ինչպես հասկանում եմ, դու լրջորեն ես տրամադրվել խոհարարության հարցում: Իսկապե՞ս դուր է գալիս թխելը, թե՞  շահութաբեր է:

-Ես մանկուց եմ սիրում խոհանոցը: Մայրս շատ լավ է պատրաստում, բայց երբ փոքր էի, նա ծանրաբեռնված գրաֆիկով էր աշխատում, ուշ էր տուն գալիս: Նրան օգնելու համար ես հաճախ էի ընթրիք կամ որևէ բան պատրաստում՝ այդ թվում և թխվածք: Երբ Մոսկվա տեղափոխվեցի շատ էի կարոտում մեր տան այդ հոտերը ու հաճախակի ինքս էի պատրաստում ճաշը: Մի անգամ, նույնիսկ, ընկերներիցս մեկի ծննդյան օրը նրան նվիրել եմ իմ ձեռքով պատրաստված մի կաթսա խաղողի թփով տոլմա: Թխվածքներ սկսեցինք թխել կարանտինի շրջանում: Սկզբում դա ժամանց էր, փորձում էինք քաղցրացնել մեր ընկերների կյանքը կարանտինային տխուր օրերին, հիմա արդեն բիզնես է: Այս գիշեր էլ մի թավա դեղձ ենք թխել, տես մատներս կարմիր են՝ սննդային ներկի հետքերն են: Գնում եմ թատրոն, կինս աշխատանքի, երեկոյան վերադառնում ենք տուն, ու եթե պատվեր կա անպայման թխում ենք։ Կերակուր պատրաստելն էլ սիրո յուրահատուկ դրսևորում է:

Իսկ ի՞նչ բան է սերը,  նկատի ունեմ տղամարդու և կնոջ միջև սերը:

Երբ հանդիպեսցի կնոջս՝ Անյային, իմ ճակատին յուրաքանչյուր ուշադիր մեկը կարող էր կարդալ՝ ՀԻՄԱՐ: Դա սիրահարվածությունն է: Հետո ես հասկացա, որ նա այն մարդն է, որին ես ուզում եմ ու կարող եմ տրվել վստահաբար: Սերը, իմ կարծիքով այն է, երբ դու հանդարտվում ես, հանդարտվում են քո մեջ եղած սատանաները: Ամենասկզբում ես նրան երկար ժամանակ չեմ ասել, թե սիրում եմ քեզ: Այդ արտահայտությունն ինձ անհեթեթ, ծեծված է թվացել: Փոխարենը, ես նրան անընդհատ շնորհակալություն էի հայտնում ՝ շնորհակալ եմ, որ դու իմ հետ ես, շնորհակալ եմ, որ դու ինձ քո գրկում տեղ տվեցիր, շնորհակալ եմ, որ քո հետ կարող եմ ուղղակի լռել, շնորհակալ եմ, որ ընդունում ես ինձ այնպես ինչպես կամ, քանի որ դա ամենաբարդն է:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա, 2020թ