Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիմը մասնակցելու է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին: Ըստ էության, դա կլինի ֆիլմի համաշխարհային պրեմիերան, քանի որ պայմանավորված համավարակով՝ երևանյան պրեմիերայից հետո, այն որևէ տեղ չի ցուցադրվել: Ֆիլմն ընդգրկված է  փառատոնի պաշտոնական ծրագրում (ոչ մրցութային)։ Մոսկվայի միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 2-8-ը։

Սպասված համաշխարհային պրեմիերա

«Դրախտի դարպասը» Ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2019 թ. հոկտեմբերի 17-ին, իսկ 2020-ին նախատեսվում էին միջազգային ցուցադրություններ և պրեմիերաներ Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Սակայն, պայմանվորված համավարակով՝ ամենը ժամանակավոր չեղարկվեց: Ուրախ եմ ասել, որ այնուամենայնիվ, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում:  Անհամբեր սպասում ենք այդ օրվան։

«Դրախտի դարպասը» ֆիլմը 8 երկրների համատեղ արտադրություն է, համաշխարհային դերասանական կազմով ու միջազգային պրոդյուսերական թիմով։  Իմ երրորդ լիամետրաժ ֆիլմն է «Դրախտի դարպասը», իսկ գլխավոր հերոսը՝ անվանի դերասան Ռիխարդ Զամելն է:

Իհարկե, ցանկությունը մեծ էր ֆիլմն աշխարհով մեկ ցուցադրելու, բայց մենք չենք տխրել, քանի որ այն կցուցադրվի Մոսկվայի փառատոնում: Ուրախ ենք հայկական կինոյի և մեր թիմի այս հաջողության համար: Իմ պատկերացմամբ հայկական կինոյի հաջողությունները՝ մեծ ու փոքր կինոփարատոներին  մասնակցելն ու   համագործակցելն է: Կարևոր է նաև, որ հայկական ֆիլմերում ներգրավված լինեն  համաշխարհային մեծության դերասաններ, արդյունքում՝  լինի  բազմազգ դերասանական կազմ: Մենք սիրում ենք բազմազգ ու բազմալեզու թիմով աշխատել: Իմ նախորդ ֆիլմերում ևս գրեթե նույն պատկերն էր՝ նկարահանման հրապարակում 7-8 լեզու էր:

Ժամանակավոր դադար

Այս պահին մենք  որևէ նոր ֆիլմ չենք նկարահանում, բայց այնպես էլ չի  որ անգործ ենք: Փորձում ենք մաքսիմալ ճիշտ և լի օգտագործել ժամանակը: Երեք նոր՝ «Վերածնվածը», «Սև ցուցակ», «Երկու տոմս դեպի Արիզոնա» ֆիլմերի ստեղծման աշխատանքներով ենք զբաղված:  Ի դեպ, «Սև ցուցակը» բազմասերիանանոց ֆիլմ է, որը պատմում է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Այս ֆիլմի ստեղծման աշխատանքներում  համգործակցում ենք ամերիկյան թիմի հետ:

Ինչո՞ւ եմ պատմում Արցախի մասին

Ես պատմում եմ նրա մասին, ինչը լավ գիտեմ: Եվ պատմում եմ այնպես, որ բոլորին հետաքրքիր լինի: Արցախի մասին տանյակ ֆիլմեր պետք է լինեին, ափսոս որ չկան: Կարող ես վերցնել լավագույն պատմությունը, պատմել սխալ տեղից և ամեն ինչ կփչանա: Սա մենք լավ գիտենք, ուստի մեր աշխատանքում առանձնակի տեղ ունի պատմելու ձևը:

Համեցե՛ք, Արցախ

Երեք լիամետրաժ ֆիլմերս նկարահանել եմ Արցախում և միշտ մտածել եմ, որ Արցախում պետք է ստեղծվեն ամուր հիմքեր կինոմատոգրաֆիայի համար․ պետք է ստեղծվի մի թիմ,  որը կօգնի, կաջակցի այն ֆիլմ արտադրողներին, ովքեր ցանկանում են նկարահանումներ իրականացնել այնտեղ: Թիմ, որն ամբողջությամբ կաջակցի՝ սկսած տեսարժան վայրերից, մինչև սարքավորումները: Իհարկե, անմիջապես չի լինի մեր պատկերացրածը, բայց մեծ ոգևորություն ու խանդավառություն կառաջացնի: Շատ է պատահում, երբ Արցախում նկարահանումներ իրակաացնող ընկերներս, ծանոթներ ու նույնիսկ անծանոթներ զանգում են, փորձում ինչ որ բան ճշտել: Իսկ ինչո՞ւ չլինի մի  կառույց, որն այդ գործառույթը կիրականացնի ու  կօգնի մարդկանց: Հիմա արդեն կա 50 հոգուց բաղկացած կամավորների թիմ, ովքեր միացել են մեր նախաձեռնությանը: Նրանք արդեն սկսել են աշխատել, իսկ արդյունքում կստեղծենք էլեկտրոնային կայք, որտեղ Արցախ ժամանած ցանկացած նկարահանող խումբ և ոչ միայն, կկարողանա գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Ըստ էության, կօգնեն, կաջակցեն, ուղղություն ցույց կտան:

Համատեղ արտադրության  առավելությունը

Ես սիրում եմ աշխատել մեծ, բազմազգ թիմում, որն ապահովում է ֆիլմի հավելյալ տարածումը: Համատեղ ֆիլմերն ավելի  կայացած են:  Ի վերջո, այդ ֆիլմը տարածվում է ոչ միայն  մեր երկրում, այլ նաև այն երկրներում որոնց հետ համատեղ արատադրություն ենք արել: Պրոդյուսերներն ու դերասաններն աշխատում են անել ամեն ինչ որպեսզի իրենց  երկրներում այն հաջողություն ունենա, և դա մեծապես նպաստում է ֆիլմի ճանաչելիությանը, կայանալուն, տարածմանը:

Արցախի մասին՝ միայն ճշմարտությունը

Իհարկե, բարդ  է Արցախի հարցում համաձայնության գալը: Եղել են դեպքեր, երբ հավանել են սցենարը, ֆիլմի պատմությունը, բայց կողք են քաշվել. թեման չափազանց նուրբ է: Բայց մեր բախտը բերել է, մեզ հետ սիրով են համագործակցում: Շատերը գալիս են՝ անկախ ամեն ինչից: Իհարկե, մենք բոլորին պատմում ենք ճշմարտությունը: Անգամ այնքան անաչառ ենք, որ խնդրի՝ ադրբեջանական կողմի տեսակետն ենք  նաև ներկայացնում: Տեղյակ են լինում թե՛ մեր և թե՛ նրանց դիրքորոշմանը: Կոնֆլիկտը ներակայացնում ենք արմատապես, օտարերկրացիները պետք է իմանան ո՞ւր են գալիս:  Երբ գալիս են, տեսնում, ավելի են ամրանում իրենց որոշման մեջ, ավելի վստահ են լինում, որ իրենց որոշումը ճիշտ էր:

Լուսինե Մարդոյան