Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի համար գալիք տարին հոբելյանական է։  Նշվելու է կոմպոզիտորի  ծննդյան 100 ամյակը: Բաբաջանյանը այն դեմքերից է, որոնք օտարազգի արվեստասերների մտապատկերում անմիջապես արթնացնում են հիշողություն մի երկրի մասին, որը փռված է Արարատի փեշերին, և որտեղ մարդկանց հոգիներում կոնյակաբույր ջերմություն կա:

Երաժշտագետները կարող են վիճաբանել, սակայն, հասարակ ունկընդիրները համոզում են, թե որ լեզվով էլ հնչելիս լինեն  կոմպոզիտորի գրած երգերը՝ միևնույն է նրա երաժշտության ելևէջների մեջ հայկականություն կա: Բաբաջանյանական երաժշտությունը մեկ այլ ֆենոմեն էլ ունի՝ նրա հնչյունների տակ կարելի է հայոց խաղողից գինի քամել, հիանալ  Նորավանքի կրակե բլուրներով, և միևնույն ժամանակ, հնարավոր է հնձել Ռուսատանի անծայրածիր ցորենի արտերը ու պարել ռուսական աղմկոտ հարսանիքներում:

Առնո Բաբաջանյանի ժառանգությունը հայ-ռուսական մշակութային բարեկամության ամենավառ օրինակներից մեկն է և պատահական չէ, որ նրա հոբելյանին նվիրված վավերագրական ֆիլմը, որն էկրան կբարձրանա եկող տարի, հայ-ռուսական համատեղ նախագիծ է: Նկարահանման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են: Այդ առիթով զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր՝ «Պարտնյոր Ֆիլմ» կինոընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Մանասյանի հետ:

Տիգրան, ի՞նչպես ծնվեց Առնո Բաբջանյանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը:

Առնո Բաբաջանյանն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող դեմք է՝ Առնոն և Ազնավուրը: Նրանց սկավառակները մշտապես իմ սեղանին են: Վերջին տարիներին մենք Մոսկվայում կազմակերպել ենք մի շարք երեկոներ Բաբաջանյանին նվիրված, պատրաստել ենք հարցազրույցներ, հաղորդաշարեր: Ես շատ եմ ցանկանում, որ այդ մեծանուն կոմպոզիտորի անունը հաճախ հնչի մերօրյա իրականության մեջ: Առնո Բաբաջանյանի մասին կան հաջող արված վավերագրական ֆիլմեր, սակայն, մեր ֆիլմը  վավերագրական չի լինելու, այն վավերագրության և խաղարկային ֆիլմի սինթեզ է: Նախագծի իրականացման հարցում աջակցություն է ցուցաբերել կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, որը սիրով մեզ է տրամադրել Բաբաջանյանի երաժշտության հեղինակային իրավունքները: Ֆիլմի վրա աշխատանքները մենք սկսել ենք դեռ անցալ սեպտեմբերից՝ մի շարք հարցազրույցներ ենքարել բոլոր այն մարդկաց և մշակությանի գործիչների հետ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Առնոյի հետ: Սցենարի վրա աշխատել ենք ես և ևս երկու այլ սցենարիստներ՝ Օլեգ Մասարիգին ու Ալեքսանդր Նազարովը: Ռեժիսորը Վագա Վարդանյանն է, որը մեր նախորդ՝ «Ուրարտու» ֆիլմի վրա է աշխատել:

 Ֆիլմի կադրերից

Բաբաջանյանի բուռն և հագեցած կենսագրության մեջ բազմաթիվ են հետաքրքրական դրվագները, որոնց մասին պատմելու եք Ձեր ֆիլմում: Այդ դրվագներից որո՞նք են բեմադրվելու որպես խաղարկային մաս:

Նախ ասեմ, որ ֆիլմի տևողությունը ավելին է քան վավերագրության մեջ ընդունված ժամանակաչափը՝ այն լինելու է մեկ ժամ տասը րոպե: Մենք սցենարում ընդգրկել ենք կոմպոզիտորի ամբողջ կենսագրությունը, որը կպատմվի թե հարցազրույցների միջոցով, թե վավերագրական վիդեոխրոնիկայով, և թե բեմադրված հատվածներով: Բեմադրել ենք, օրինակ, ջութակի պատմությունը, որը հումորային է և Բաբաջանյանի ուսանողական տարիների մասին է: Նա Մոսկվայում իր ուսումնառության տարիներին բնակվել է Լազարյանների տանը (այսօր այնտեղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է տեղակայված, իսկ սովետական տարիներին Հայաստանի ներկայացուցչությունն էր Մոսկվայում), որի մի հատվածը այն տարիներին ծառայում էր որպես ուսանողական հանրակացարան: Հայտնի սովետական ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանն Առնոյի հետ նույն սենյակում էր ապրում այդ ժամանակ: Սենյակում նրանց հետ եղել է ևս մեկ տղա՝ ջութակի բաժնում սովորող, որը, ըստ հիշողությունների, երեկոյան էր սկսում իր ջութակի պարապմունքներն ու ընկերների զահլեն տանում: Առնոն ու Հենրիկն  էլ որոշում են մի փոքր դաս տալ ջութակահար ընկերոջը: Մի երեկո տղան մտնում է սենյակ ու տեսնում, թե ինչպես է Առնոն  իր Գվարների ջութակով  ծեծում (իբրև) Հենրիկին: Ջութակը ջարդ ու փշուր է լինում: Տղայի վիճակը պատկերացնում եք չ՞է: Իրականում, դա նրա ջութակը չի լինում, այլ տղաները նման, բայց էժանագին մի ջութակ են գնած լինում, որով էլ խաղում են այդ բեմադրությունը, բայց, ամենազվարճալին այն է, որ Հենրիկ Հովհաննիսյանը շրջվում ու Առնոյի ականջին շշնջում է, թե բա գիտե՞ս, մոռացել էի փոխել ջութակը՝ Գվարներին ջարդեցինք: Այս անգամ Առնոն է վատանում: Ահա այդ պատմությունը ևս բեմադրել և նկարահանել ենք դեսպանատանը: Դեսպանատանը, ընդանրապես, մի շարք այլ դրվագներ էլ ենք նկարել, կարծում եմ, հետաքրքիր է ստացվել: Նկարահանումների մոսկովյան հատվածը արդեն ավարտել ենք և շուտով կսկսենք Երևանում ու  Դիլիջանում։

 Ֆիլմի կադրերից (կոմպոզիտորի թոռնուհին՝ Պոլինա Բաբաջանյանը ֆիլմում)

Ես տեղյակ եմ, որ ֆիլմը հայ-ռուսական համատեղ նախագիծ է: Բացի պետական ֆինանսավորումից, այլ՝ մասնավոր բնույթի աջակցություն ունե՞ք այդ առումով:

Այո, ֆիլմը հայ-ռուսական համատեղ նախագիծ է: Հայաստանի ազգային կինոկենտրոնն է աջակցել մեզ՝ հատկացնելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների մի մասը , իսկ մնացածը մենք ստացել ենք «Ռուս-հայկական ժառանգություն և առաջընթաց հումանիտար նախաձեռնությունների աջակցության հիմնադրամից», որի հիմնադիրը հայտնի բժիշկ, ակադեմիկ Արմայիս Կամալովն է, և  իմ մի շարք ընկերներց, որոնք ցանկություն են հայտնել մասնակցություն ունենալ Առնո Բաբաջանյանի  ֆիլմի ստեղծմանը: Նրանց թվում է նաև գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ոը աջակցում և որպես պրոդյուսեր է հանդես գալիս մեր մյուս առաջիկա նախագծերում՝ Արմեն Ջիգարխանյանի և Արարտ 73-ի մասին պատմող ֆիլմերում: «Առնո Բաբջանյան» նոր ֆիլմի շնորհանդեսը պլանավորում ենք կազմակերպել տաեվերջին, մեծ շուքով, Երևանում և Մոսկվայում՝ առաջին դեմքերի հնարավոր մասնակցությամբ:

 Ֆիլմի կադրերից

Ձեր կինոընկերությունը անցած տարվա ընթացքում թողարկեց «Ուրարտու»  պատմական դրաման, բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմը: Բացի Բաբաջանյանից, ուրիշ ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում այս պահին:

Բացի թվարկածներից, մենք ֆիլմ ենք նկարել նաև հայտնի սովետական գիտնական Կիրիլ Շյոլկինի մասին: Մենք ժամանակին նկարահանել ենք և հիմա որոշակիորեն թարմացնելու ենք պանթուրքիզմի մասին վավերագրական ֆիլմը, որը տարածաշրջանում առկա այսօրվա քաղաքական պատկերի առումով շատ ակտուալ է: Ես մասնագիտությամբ պատմաբան եմ և պատմական թեմաները՝ հատկապես հայոց պատմությանը վերաբերող ցանկացած բան, ինձ շատ հետաքրքրում է: Հայ ժողովուրդը ունի հզոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն, որը պետք է ցույց տալ, բայց մենք ունենք լուրջ խնդիր՝ մենք մեր ունացածն այնպես ու այն մասշտաբներով ցույց չենք տալիս, ինչպես որ արժանի է: Ինչպես արդեն նշեցի, եկող տարի կավարտենք նաև Արմեն Ջիգարխանյանին և հայկական ֆուտբոլի պատմությանը՝ կոնկրետ Արարատ 73-ին վերաբերող վավերագրական ֆիլմերը: Վերջինս առանձնահատուկ է իր տեսակի մեջ: Մենք գտել, զրուցել և նկարահանել ենք այդ լեգենդար թիմի համարյա բոլոր խաղացողներին: Հետաքրքիր է լինելու:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա, 2020 թ


Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ

Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի  հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների...

|26 Նոյեմբեր 2020,13:52