Ռեժիսոր Անժելա Ֆրանգյանն այժմ աշխատում է մի քանի, այդ թվում՝ միջազգային նախագծերի վրա, որոնցից մեկը համագործակցություն է Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած Ջեսսիկա Վուդվորթի հետ: Ռեժիսորն համոզված է, որ Հայաստանում կինոյի կայացման համար հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ ոչ միայն սեփական ֆիլմերին, այլ նաև ոլորտին առհասարակ:
Քնելու փոխարեն՝ «Ութ ու կես»
Առաջին մասնագիտությունս լրագրությունն է: Այժմ հիմնականում վավերագրական կինոյում եմ աշխատում ու կարծում եմ, որ լրագրողի փորձս ինչ-որ չափով օգնում է: Կինոյի հետ կապված առաջին հիշողությունս կարող է տրիվիալ հնչել, բայց Փարաջանովի «Նռան գույնն» է: Երբ առաջին անգամ հեռուստացույցով տեսա, անունն էլ չգիտեի, ուղղակի հիշում եմ, ինչպես էի կանգնել ու նայում էկրանին:
Այն ժամանակ Զավեն Բոյաջյանի «Ութ ու կեսը» կար։ Հաղորդաշարը շատ ուշ ժամի էր ցուցադրվում: Տանը միշտ զայրանում էին, որ ես այդ ժամին նստած եմ հեռուստացույցի առաջ, փոխանակ քնեմ ու առավոտյան դպրոց գնամ: Մինչև հիմա կարող եմ նույնիսկ կրկնօրինակել նրա ձայնը, որովհետև շատ տպավորված էի (ծիծաղում է – հեղ.):
Ծնունդով Սպիտակից եմ ու փոքր տարիքում կինոթատրոնային մեծ փորձ չեմ ունեցել, թատրոն էլ առաջին անգամ Վանաձորում եմ գնացել, երբ մեզ տանում էին հիմնականում «Գիքոր» նայելու:
Հիշում եմ, Սպիտակում բեմադրություններ անելու առաջին փորձերն էի անում։ Ճամբարներից մեկում Արցախից եղած երեխաների հետ բեմադրում էինք Եզոպոսի առակները:
«Եղբայրները»՝ մանրադիտակում
Հիմա զուգահեռ երեք տարբեր նախագծերի վրա եմ աշխատում: Մի քանիսում ընկերներիս օգնում եմ պրոդյուսինգի առումով, որովհետև այդ ճանապարհն անցել եմ: Իհարկե, երկար ճանապարհ չի, բայց նույնիսկ փոքր քայլը, որն անում եմ ու ինձ դժվար է տրվում, աշխատում եմ ունեցածս փորձով ինչ-որ չափով թեթևացնել դիմացինիս գործը: Առաջին լիամետրաժ ֆիլմս դեռ չեմ ավարտել, մոնտաժային փուլում է: Տարբեր քաղաքական հայացնքեր ունեցող երկու եղբայրների պատմություն է՝ մեր խիստ քաղաքականացված երիտասարդների շրջանում: Իրականում ֆիլմում քաղաքականությունը ֆոնային է, գլխավոր գիծը տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երկու եղբայրների հարաբերություններն են:
Ինչպես է երկրում տեղի ունեցողն ազդում նրանց վրա ու ինչ է տեղի ունենում մեկ ընտանիքում: Ես սիրում եմ մանրադիտակներ դոկումենտալ ֆիլմերում: Չգիտեմ՝ ստացվում է, թե ոչ այնքան, բայց թվացյալ մանր հարցերն ու հույզերը սիրում եմ ֆիլմի թեմա դարձնել:
Արվեստագետն ու քաղաքականությունը
Քաղաքականությունն ու կուսակցականությունը տարբեր հասկացություններ են: Մեր շուրջը եղած գրեթե ամեն բան քաղաքականություն է: Մշակույթն էլ է քաղաքականություն, շատ այլ բաներ էլ: Քաղաքական տեղում ենք նստած (Երևան, Մաշտոցի պուրակ – հեղ.): Ինձ համար մի քիչ սոփեստություն է, երբ արվեստագետն ասում է՝ «ես գործ չունեմ քաղաքականության հետ»: Չգիտեմ, երևի պատասխանատվություն վերցնելու հարց է. կարող եմ գնալ, վերցնել վրձինս, ինչ-որ տեղ մեկուսանալ ու ասել՝ «գործ չունեմ այս աշխարհի հետ»: Բայց նույնիսկ այդ պարագայում չես խուսափի քաղաքական լինելուց: Երևի թե, բառի իմաստն է շատ աղավաղված հիմա: Չեմ կարծում, որ արվեստագետը մարդ է, որը գործ չունի այս աշխարհի հետ:
Սիրել մարդկանց
Իրականությունը հաճախ քեզ այնպիսի պատմություն է մատուցում, որ գեղարվեստականի մեջ հարյուր կտոր լինեիր՝ չէիր կարող մտածել: Այնպես որ, թեմաների առումով միանշանակ չէ՝ վավերագրությունո՞ւմ է ավելի հեշտ հերոս կամ թեմա գտնել, թե՞ գեղարվեստականում ստեղծել դա:
Այս պահին, աշխատում եմ մի գեղարվեստական նախագծի վրա՝ Վենետիկի «Ոսկե առյուծի» մրցանակակիր Ջեսսիկա Վուդվորթի հետ։ Այս նախագծում աշխատանքս սկսել էի որպես «location scauter»` նկարահանման տարածքներ ընտրող, ու երբ մենք գնում էինք որևէ տարածք, նա ցանկացած հանդիպած մարդու հետ երկար զրուցում էր ու տեսնում էի, ինչպես է ամեն իրական զրույցից փոխվում նրա գեղարվեստական ֆիլմի սցենարը, ինչպես են գյուղում մեր հանդիպած ակնոց նորոգողի կամ ինժիների անունները մտնում գեղարվեստական սցենարի մեջ: Տեսնում էի, ինչպես է իր աշխարհի զինվորականին օժտում, ասենք, աստղագետի գիտելիքներով: Սա է գեղարվեստականը կապում վավերագրականին, որովհետև հաճախ իրականությունից շատ դետալներ են վերցվում:
Չգիտեմ, մի քիչ ուղղակի պիտի սիրես մարդկանց ու լսես նրանց, ոչ թե որոնես ցնցող պատմություններ: Մարինա Ռազբեժկինան, որի կինոդպրոցը շատ եմ սիրում, մի վարժություն ունի՝ քայլել փողոցով ու հանդիպած 10-րդ մարդու մասին կինո նկարել:
«DoKino»
«DoKino»-ն կինոարտադրության ընկերություն է, որի հիմնադրման անհրաժեշտությունն առաջացավ, երբ ցանկություն ունեցա ֆիլմերով իմ թեմաներին անդրադառնալ: Դրա շրջանակներում ընկերներով էլ փորձում ենք իրար օգնել: Սա շատ լավ է նաև ինքդ քո համար. թարմացնում է, լիցքաթափում, անընդհատ նույն նախագծի մեջ չես մնում: Ընդհանրապես հիմա շատ լավ երիտասարդներ ունենք ոլորտում ու շատ առողջ համագործակցություն կա:
Փորձում ենք, որ «DoKino»-ն նաև կին ստեղծագործողներին աջակցի: Ոտքի կանգնեք, աշխատանքային ընթացքն ավելի հստակ կերևա:
«Ամրոց»
«Ամրոցն» այն գեղարվեստական նախագիծն է, որի շրջանակներում աշխատում եմ Ջեսսիկա Վուդվորթի հետ: Ֆիլմը համարտադրություն է Բելգիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի միջև: Ռեժիսորը հենց Ջեսսիկան է, հայկական կողմի համարտադրողը «DoKino»-ն, պրոդյուսերը՝ ես: Այս նախագիծն ինձ համար կիոնդպրոց է, անընդհատ սովորում եմ: Ռեժիսորի հետ եմ նախագծի դեռ գաղափար լինելու փուլից մինչև հիմա՝ արդեն որպես հայկական կողմի պրոդյուսեր:
Սկզբում «location scauter» էի, ընկերներիցս մեկն ասաց նախագծի մասին՝ նշելով, որ ռեժիսորը մի յուրօրինակ ու հետաքրքիր կին է: Աշխատանքի առաջին իսկ օրերից ընկերացանք ու ես ոգեշնչված սկսեցի ծանոթացնել նրան Հայաստանի իմ ամենասիրելի վայրերի հետ, որոնք, ըստ իս, համապատասխանում էին պատմությանը: Ես տեսնում էի ամեն ինչով զարմացող, հիացող ռեժիսորի, սիրող ու հետաքրքրվող մարդու: Եթե հաջողեմ, Ջեսսիկային իմ մենթորն եմ համարելու: Համավարակը մեր ծրագրերը մի քիչ խառնեց, բայց ամեն դեպքում լավատես ենք, որովհետև մինչև վիրուսը շատ բաներ ենք հասցրել անել:
Չարլի Չապլինի դստեր հետ՝ Բրիոնի կղզում
Ջեսսիկա Վուդվորթի և Փիթր Բրոսենսի նախորդ ֆիլմի («Barefoot Emperor») նկարահանման հրապարակում լինելու հնարավորություն ունեցա: Բրիոնի կղզում էր: Նկարահանումների ընթացքում օգնում էի, ում ու ինչով կարողանում էի, սուրճ կամ ջուր էի տալիս մասնակիցներին: Մինչ այդ էլ միջազգային նկարահանման հրապարկներում եղել էի, բայց նման հանգստություն, լռություն ու փոխըմբռնում առաջին անգամ էի տեսնում: Նկարահանման հրապարկում աստղեր էին, որոնց էկրանից այս կողմ ու գորգերից դուրս իրենց պարզության մեջ ճանաչեցի:
Այստեղ ծանոթացա Ջերալդին Չապլինի՝ Չարլի Չապլինի դստեր ու նրա ամուսնու հետ: Շատ տպավորված էի. ամուսինը նկարահանման ողջ ընթացքում սպասում էր կնոջն ու ամեն տեսարանից հետո ուսերին գցում ժակետը… Հուսամ՝ նրանց կհանդիպեմ արդեն Հայաստանում:
Երբ նավն ինձ կղզուց հետ էր բերում, մտքումս անընդհատ կրկնում էի՝ նման փորձառություն էլի եմ ուենալու:
Կինոն նաև վաճառել է հարկավոր
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանում ռեժիսորներ, ֆիլմի թեմաներ կան ու ակնհայտ է, որ կինոյի փաթեթավորում, մատուցման ձև չունենք: Ակնհայտ է, որ կինոարտադրություն չկա: Պրոդյուսերական դպրոց չունենք: Բայց, չգիտեմ, կարող է հիմա գնում ենք դեպի այդ հարցերի լուծումները:
Հաճախ «կինո չկա» ու «լավ ռեժիսոր չկա» արտահայտությունների միջև հավասարության նշան է դրվում, բայց կինոն միայն ռեժիսորը չէ: Երբ կունենանք լավ լուսավորողներ, ձայնի լավ մասնագետներ, լավ գունաշտկողներ, կինոն էլ որակապես կփոխվի: Ըստ իս, բոլորը հավասարապես կարևոր են կինոյում: Ու հավասարապես կարևոր է նրանց սերը կինոյի հանդեպ:
Եթե լույսը վատը լինի, սցնարը՝ հիասքանչ, վերջնարդյունքում վատ լույսը միևնույն է զգացվելու է, եթե ոչ բուն ֆիլմում, ապա օպերատորի կամ ռեժիսորի նյադերի վրա: Սա, իհարկե, չի վերաբերում ռեժիսորի ստեղծագործական լեզվին ու հնարքներին, երբ այդ ամենը գիատցաբար է արված: Մեզ մոտ դրանք խնդիրներ են՝ տեխնիկական անձնակազմը չկարևորելը, նրանց չպատրաստելը:
Կարծում եմ, Հայաստանը պետք է արտերկրի հետ համագործակցությունենրի համար շատ բաց լինի: Մենք շատ լավ տեղում ենք ֆիլմերի թեմաների առումով: Գեղարվեստական ֆիլմերի նկարահանումների համար շատ լավ տեղանքներ ունենք ու ներշնչանքի համար անհրաժեշտ մշակույթ:
Եթե չվախենանք ասել, որ կինոն նաև բիզնես մոտեցում է պահանջում, գուցե, ավելի արագ հասնենք արդյունքների: «Բիզնես» բառից վախենալ պետք չէ: Սա խնդիր է, որը ոչ միայն մեր ոլորտն ունի, այլ ընդհանուր առմամբ, Հայաստանում մենեջմենթի խնդիր կա:
Մեր կանոնները
Համոզմունք ունեմ, որ Հայաստանը մի տեղ էր, որում ընթացք կա, բայց դեռ ինչ-որ բան ստեղծված չէ: Սա շատ կարևոր հնարավորություն է: Եթե մենք ընդհանուր ոլորտին ստեղծագործաբար մոտենանք, ոչ միայն՝ մեր ֆիլմերին, կարող ենք խմորել այն ձևով, որով մենք ենք տեսնում: Ոլորտը մեր լուծումներով կարող ենք դարձնել նոր մի բան: Սա շատ հետաքրքիր պահ է: Չեմ ուզում այնպես հնչի, թե մինչև մեզ ոչինչ չի եղել, բայց հիմա վերափոխման, նոր գործիքների ընթացք է:
Պատրաստի ինչ-որ բանի վրա գալու դեպքում, դու պետք է խաղաս այդ կանոներով, հիմա մենք կարող ենք էքսպերիմենտալ լինել, լուծումներ գտնել: Ես այդ հնարավորության իրագործումն առաջին հերթին տեսնում եմ իրար աջակցելու մեջ:
Խորհուրդ է տալիս Անժելա Ֆրանգյանը
Վիկտոր Կասակովսկի «Բելովներ» («Беловы»), Աբաս Քիարոստամի «Խոշոր պլան» («Close-up»), Ջոշուա Օփենհայմեր «Սպանության ակտ» («Act of Killing»), Տալալ Դերքի «Հայրերի և որդիների մասին» («Of Fathers and Sons»), Ջեսսիկա Վուդվորթ «Ալտիպլանո» («Altiplano»), Արթուր Արիստակիսյան «Տեղ երկրի վրա» («Место на земле»):
Յանա Շախրամանյան