Տարիներ առաջ, Փարիզում սովորելու ճանապարհներն ինձ բերեցին մայրաքաղաքի 14-րդ թաղամասի Ռասպայ պողոտա, որտեղ իր ապակե պատերով ինձ դիմավորեց ճարտարապետ Ժան Նուվելի թերևս ամենազուսպ և գեղեցիկ շինություններից մեկը, նույն ինքը՝ Cartier հիմնադրամը։ Վերջինս գտնել հեշտ էր, քանզի թաղամասի հարուստ օսմանյան ճարտարապետության մեջ ապակյա այս «նմուշը» եզակի էր և ամբողջովին տարբեր։ Նրանում միաժամանակ արտացոլվում էր կանաչառատ պողոտան, անցորդները, իսկ իր թափանցիկության շնորհիվ կարելի էր անգամ տեսնել ներսում ցուցադրվող ժամանակակից արվեստի նմուշները։ Այդ օրը, շենքում արտացոլվում էի նաև ես, անվստահ հայ ուսանողս, որի առաջին աշխատանքային օրն էր, և ով մտովի կրկնում էր ժամանակակից արվեստի իր իմացած բոլոր արվեստագետների անունները։ Առաջին բարևներ, անուն-ազգանունների փոխանակումներ և արդեն սովորական դարձած ազգության վերաբերյալ հարցեր՝ «Յա՞ն, ուրեմն հա՞յ ես», այո, ասում եմ ես և պատրաստ սպասում Շարլ Ազնավուրի ժամանմանը, բայց զրուցակիցս շտապում է ավելացնել՝ «փաստորեն, Փելեշյանի հայրենակիցն ես»։ Ազնավուրը բեմից իջնում, լուռ նստում է կողքիս, և մենք լսում ենք Cartier հիմնադրամի տնօրենի հիացմունքի անսպառ խոսքերը Վարպետի եզակի ֆիլմերի՝ ժամանակակից արվեստի բացառիկ նմուշների մասին։

Լուսանկարը՝ Sophie Lawani – Wesly

Այդ օրվանից անցել է յոթ տարի, և այսօր նույն Cartier հիմնադրամի պատերի ներքո մեծ ոգևորվածությամբ նախապատրաստվում է Արտավազդ Փելեշյանի անհատական ցուցահանդեսը և Վարպետի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ցուցահանդեսի համադրողները հիմնադրամի տնօրեն Էրվե Շանդեսն է և արվեստաբան Թոմա Դելամարը, ով և սիրով կիսվեց kinoashkharh.am-ի ընթերցողների հետ մոտալուտ միջոցառումների մանրամասներով։

Թոմա, Cartier հիմնադրամի հավաքածուն այսօր ունի ավելի քան 1500 արվեստանմուշ։ Կասեք, ինչպե՞ս է կատարվում նոր նմուշների ընտրությունը։

Cartier հիմնադրամի հավաքածուն փոխկապակցված է իր ցուցահանդեսների հետ։ Այսինքն, շատ հաճախ այն նմուշները, որոնք ցուցադրվում են մեր կենտրոնում, հետագայում դառնում են հավաքածուի մաս։ Հիմնադրամի կարևոր սկզբունքներից է պատվիրել նոր նմուշներ՝ այդպիսով աջակցելով արվեստագետներին նոր աշխատանքների ստեղծման հարցում։ Բայց նմուշներից վեր Cartier հիմնադրամը կարևորում է ամուր կապն իր արվեստագետների հետ, փորձում ուղեկցել նրանց տարիների ընթացքում՝ պարբերաբար համալրելով հավաքածուն նոր աշխատանքներով։ Նման համագործակցության վառ օրինակ է մեր կապը Արտավազդ Փելեշյանի հետ։

Ինչպե՞ս Փելեշյանը դարձավ Cartier հիմնադրամի բաղկացուցիչ օղակը։

Փելեշյանի կինոն մենք բացահայտել ենք 2000 թվականի սկզբին։ Այդ ժամանակ պատրաստում էինք «Ժողովրդական արվեստ» ցուցադրությունը, և «Տարվա եղանակներ» ֆիլմը համահունչ երկխոսության մեջ մտավ ցուցադրության մյուս ցուցանմուշների հետ։ Հաջորդ տարի՝ 2002-ին,,  ցուցադրեցինք «Մեր Դարը» ֆիլմը՝ փիլիսոփա Պոլ Վիլիրիոյի «Այն, ինչ պատահում է» ցուցահանդեսի շրջանակներում։ Այսպես սկսվեց մեր արդեն քսան տարի տևող ընկերության պատմությունը։ Տարիների ընթացքում Cartier հավաքածուն համալրվում էր Փելեշյանի ֆիլմերով, որոնք հիմնադրամի փարիզյան և միջազգային ցուցահանդեսների անբաժան մասն են կազմում։

Լուսանկարը՝  Ռեյմոն Դեպարդոնի

Kinoashkharham-ը հետևում և պարբերաբար անդրադառնում է Ձեր միջազգային ցուցահանդեսներին Չինաստան, Հարավային Կորեա, Արգենտինա, Իտալիա։  Հետաքրքիր է, ինչպե՞ս են ընդունվում Փելեշյանի ֆիլմերն աշխարհի այդքան տարբեր անկյուններում ։ 

Աշխարհի գրեթե ամեն ծայրում հանդիսատեսի արձագանքը հիացմունքն է։ Եվ սա շատ հետաքրքիր երևույթ է։ Թվում է, թե ազգությամբ հայ արվեստագետը, որը երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, պետք է լիներ ժամանակի կոնտեքստի ազդեցության տակ։ Բայց ամենևին, և սա Փելեշյանի աշխատանքի կախարդական ուժն է։ Վարպետի արվեստը խոսում է համընդհանուր հասկանալի լեզվով, իր մոնտաժի լեզվով։ Ընտրված պատկերները, դրանց էսթետիզմը, երաժշտությունը ստեղծում են հյուսվածք, որը միայն հիացնում և հուզում է դիտողին՝ առաջացնելով բացառապես ուժեղ զգացմունքներ։

1983 թվականին Liberation թերթում տպագրվեց կինոքննադատ Սերժ Դանեյի տեքստը Արտավազդ Փելեշյանի կինոյի բացահայտման մասին։ Այս հոդվածում Դանեյը համաձայն չէ «Վավերագրական ֆիլմ» դասակարգման հետ՝ անվանելով այն «աղքատ կատեգորիա»։

Եվ Դանեյը միանշանակ ճիշտ է։ Անգամ եթե Փելեշյանն օգտագործում է վավերագրական պատկերներ, իր մոնտաժի շնորհիվ նա կարողանում է դրանք ձևափոխել։ Երեկ մի տեքստ էի կարդում, որտեղ դիստանցիոն մոնտաժը նկարագրվում էր որպես փոխակերպման գործիք, և Փելեշյանի կինոն դրա ապացույցն է։ Երաժշտությունը և մոնտաժը ստեղծում են մի հարթություն, որը վավերագրական կինոյի սահմանումից պարզապես դուրս է։

Ընդունված սահմանումներից դուրս են նաև Cartier հիմնադրամի ցուցահանդեսները։ Հոկտեմբերին սպասվող Փելեշյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ «Բնություն» և «Տարվա եղանակներ» ֆիլմերը ցուցադրվելու են թանգարանի տարածքում՝ ասես արվեստանմուշներ։

Cartier հիմնադրամն առաջին թանգարանն էր Ֆրանսիայում, որ բարձրացրեց շարժական պատկերի ցուցադրման հարցը ստատիկ արվեստանմուշների կողքին՝ լինի դա լուսանկար, քանդակ կամ կտավ։ Ցուցադրության այս ոճի վրա մենք աշխատում ենք դեռևս ութսունական թվականներից։ Փելեշյանի ֆիլմերը ցուցադրվել են մի շարք տարբերակներով։ 2014 թվականի «Բնիկներ» ցուցահանդեսի ժամանակ համանուն ֆիլմը ցուցադրվեց ասես կտավ՝ պատից կախված հսկայական էկրանի վրա։ Իհարկե, այս դեպքում հարկավոր էին հատուկ սարքավորումներ՝ լուսավորելու հարևանությամբ ցուցադրվող Ֆրանսիս Բեկոնի և Վիժա Սելմինսի աշխատանքները, բայց և միաժամանակ ստեղծելու կիսախավար՝ «Բնիկների» ցուցադրության համար։ Արդյունքը հիասքանչ էր․ ֆիլմն ու կտավները գեղեցիկ երկխոսության մեջ էին։ Ինչ վերաբերում է Վարպետի մոտալուտ անհատական ցուցահանդեսին, ապա մենք որոշեցինք թանգարանի տարածքում ստեղծել առանձին երկու կինոսրահ՝ մեկը «Բնության», մյուսը՝ «Տարվա եղանակների» անդադար ցուցադրության համար։ Այս անգամ ցանկություն ունենք հանդիսատեսին տալ մաքսիմալ կենտրոնացման հնարավորություն, ստեղծել մերօրյա խնդիրների շուրջ մտորումների դաշտ։

Այս մասին նույն Դանեյն ասում էր, որ Փելեշյանի նպատակն է «որսալ իր ժամանակի զգայական և սոցիալական կարդիոգրամը (սրտագիրը)»։ «Բնություն» ֆիլմն իրոք մերօրյա աշխարհի հայելին է։ 

Սերժ Դանեյն ինձ համար Աստված է, բայց ես կհամարձակվեմ լրացնել այս միտքը։ Փելեշյանը որսում է ներկայի անտեսանելի ալիքները, որոնք մենք տեսնում և հասկանում ենք միայն տարիներ անց։ Օրինակ՝ 1970 թվականին նկարահանած «Բնիկներ» ֆիլմում Փելեշյանը կարողանում է որսալ այն, ինչ այդ ժամանակվա դիտողի համար տեսանելի չէր։ Հաշվի առնելով այսօրվա էկոլոգիական խնդիրները, մենք վերջապես հասկանում ենք, որ «Բնիկները» Փելեշյանի նախազգուշացումն էր։ Եվ այո՛, «Բնություն» ֆիլմն ավելի քան ժամանակակից կարդիոգրամ (սրտագիր) է, բայց փելեշյանական եզակի ձեռագրով։ Բոլորը խոսում են մարդկանց սխալ վերաբերմունքի մասին բնության նկատմամբ և վեջինիս անկայունության մասին, բայց Փելեշյանը ցույց է տալիս ճիշտ հակառակը։ Բնությունը հզոր է, իսկ մարդը՝ չնչին արարած, որը վայրկյանական կարող է բնաջնջվել երկրի երեսից։ Ֆիլմը չափազանց ազդեցիկ է և մտորելու շատ թեմաներ է տալիս։

 Եվ ի՞նչ մտքեր են պարուրում Ձեզ։

Ես խորապես հավատում և վստահում եմ Փելեշյանի կինոյի ուժին, առհասարակ արվեստի ուժին։ Փելեշյանի նման արվեստագետները կարողանում են մեզ տեղափոխել մեկ այլ հարթություն, որտեղ ժամանակակից ծանր թեմաները խոսվում են ժապավենային խիտ հյուսվածքով։

Այսպիսով, սիրելի ընթերցողներ, 2020 թվականի հոկտեմբերի 24-ից  մինչև 2021 թվականի մարտի 7-ը Փարիզի Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամում անցկացվելու է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» խորագով անհատական ցուցահանդեսը։ Եվս մեկ առիթ այցելելու արվեստների մայրաքաղաքը և մեծ էկրանին վայելելու Վարպետի 15 տարիների աշխատանքի արդյունքը՝ «Բնություն» «արվեստանմուշը»։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020 թ