Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Թվիստ» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարն ընդգրվել է այս օրերին ընթացող Սարաևոյի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Օվսաննան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորելուց հետո զբաղվել է գեղանկարչությամբ: 2010թ.-ին «Դպրոց» գեղանկարների շարքի համար արժանացել ՀՀ նախագահի մրցանակի:

Կտավի տարածքը սկսեց  չհերիքել

Գեղանկարչությամբ զբաղվել եմ մոտ 10 տարի՝ ցուցադրվելով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հիշում եմ, 2-3-րդ կուրսի ուսանող էինք, պատկերասրահի վերջին հարկում Մելիք Կարապետյանը ֆիլմեր էր ցուցադրում, որոնք այդ տարիներին շատ դժվար էր գտնել, մի քանի ընկերներով դասից փախնում ու ֆիլմեր էինք նայում:
Արդեն այդ ընթացքում ինձ մոտ կար հետաքրքրություն կինոյի հանդեպ, բայց դեռևս որպես սպառող:
Մի պահ եկավ, որ, կարելի է ասել, կտավի տարածքը սկսեց փոքր թվալ:
Սկսեցի հետաքրքրվել վիդեոարտով։ Ընկերների, բարեկամների ընտանեկան արխիվներից VHS վիդեոներ էի հավաքում, թվայնացնում ու սկսում մոնտաժել՝ փաստագրական վիդեոները փորձելով դարձնել գեղարվեստական հորինվածք։

 Առաջին լիարժեք կարճամետրաժը, որ նկարեցի, երևի «Թվիստն» է:

Թվում է, գեղանկարչությունն ու կինոն ինչ-որ չափով մոտ են իրար, երկուսն էլ պատկերային արվեստ են, բայց այդպես էի մտածում, քանի դեռ ներսից ծանոթ չէի գործընթացին: Օգնեց այն, որ հենց սկզբից աշխատեցի շատ լավ օպերատորի հետ, որը տեխնիկական հատվածով ինձ կողմնորոշում էր:

«Թվիստ». տարածքի «հիշողությունը»

«Թվիստ»-ի՝ Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու առիթով, հատկապես, ուրախ եմ, քանի որ սա ինձ համար ամենահետարքիր փառատոներից մեկն է: Ու մասշտաբը, որով այն անցկացվում է այս օրերին՝ օնլայն հարթակով, միայն նախանձելու առիթ է տալիս։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, մի քանի տարի անց բոլոր խոշոր փառատոներն էլ կենդանի փառատոնին զուգահեռ կունենան օնլայն հարթակների հնարավորություն։

Ընդհանրապես, երևի ֆիլմն է գտնում փառատոնը, ոչ թե՝ ռեժիսորը կամ պրոդյուսերը: Ընդ որում, ֆիլմը դեռ սաղմնային վիճակում: Կարծում եմ, երբ սցենարը գրվում է, պետք է արդեն գոնե կիսով չափ պատկերացնել, թե  ինչ է ստացվելու և ինչի համար։ Ես  ֆիլմը Սարաևոյի կինոփառատոնի համար չէի դիտարկում: Կարծում էի, որ «Թվիստը» դասական իմաստով պակաս նարատիվ է, իսկ Սարաևոն բավականին դասական, հիմնականում պատմողական, սյուժեով հագեցած ֆիլմերով փառատոն է :
«Թվիստը» նկարահանելու համար ֆինանսավորում էի ստացել 2017 թվականին՝ «goEast» փառատոնի դրամաշնորհային հարթակներից մեկում. 30 ֆիլմից հենց այս գաղափարը ֆինանսավորում ստացավ, իսկ սցենարը մշակվեց հետագայում՝ Բեռլինի կինոփառատոնին կից հարթակներից մեկում: Սա ինձ համար շատ օգտակար փորձ էր:

Ի սկզբանե ցանկանում էի եռապատում նկարել. 3 պատմություն՝ երեք տների, ավելի ճիշտ՝ երեք տարածքների, դրանցում կատարվողի մասին: Իհարկե, չէի պատկերացնում, որ նույնիսկ այս կարճամետրաժը նկարելն այդքան աշխատատար կլինի, այնպես որ հիմա եռապատման մասին ոչինչ ասել չեմ կարող (ծիծաղում է – հեղ.): Ֆիլմը պատմություն է հարաբերությունների մասին: Պահպանողական հասարակության մեջ մենք հաճախ գերադասում ենք շրջանցել որոշ հարցեր, որովհետև մեր պատասխաններն ու կողմնորոշումները կարող են անընդունելի լինել։ Բայց դա ստի մի այլ ձև է, իսկ սուտը վաղ թե ուշ սպանում է յուրաքանչյուր հարաբերություն։

Մեկ քայլ առաջ գնալու վախը

Իհարկե, Հայաստանում կա կինո: Այլ հարց է, թե այդ կինոն ինչ տեղ ունի մեր կյանքում ու մեր կյանքն ինչքանով է առկա այդ ֆիլմերում։ Այն մեր կյանքի անբաժան մա՞սն է, թե՞ ուղղակի կողքից զարգացող երևույթ։

Մենք Փարաջանովի ու Փելեշյանի անուններն անընդհատ հոլովելով, կարծես, փորձում ենք արդարացնել այն փաստը, որ ժամանակակից հայկական ծանրակշիռ կինո չենք ստեղծում։ Ու, եթե զգացել եք, մենք խոսում ենք հիմանականում հեղինակների մասին, ոչ թե  նրանց ֆիլմերի։

Տարիներով ասում ենք, որ հայկական ժամանակակից կինոն մեծ փառատոներում տեղ չունի  ու այս տարի ֆիլմ ենք ունենում Կաննում, բայց այդ մասին մասնագիտական շրջանակներից դուրս գրեթե չի խոսվում:

Այս օրերին, օրինակ, քննարկվում է հայ ժամանակակից գրականությունից որոշ նոր անուններ դասագրքերում ընդգրկելու հարցն ու մի մեծ զանգված սկսում  է քննարկել ու քննադատել, առանց նույնիսկ ծանոթ լինելու քննադատության առարկային։ Նույնն է, թե ասեմ, որ «Հոնգ Կոնգը շատ վատ քաղաք է. ինքս երբեք չեմ եղել, բայց համացանցում նկարներ եմ տեսել ու մի քանի բան կարդացել»: Լավ, եթե մենք պետք է կարդանք միայն այն, ինչ մեր ծնողներն են կարդացել, դիտենք միայն այն ֆիլմերը, որ մեր ծնողներն են դիտել, էլ ի՞նչ իմաստ կա ընդհանրապես ապրելու։ Թող բոլորիս տան այդ «ճիշտ» ցուցակը՝ գրականության, արվեստի գործերի, առհասարակ՝ ապրելու կանոնները, անգիր անենք ու ընդհանրապես ինքներս ո՛չ ընտրություն կատարենք, ո՛չ էլ ինքներս մեզ ճանաչենք։ Մեկ քայլ առաջ գնալու վախը թե՛ մեր ստեղծագործություններում, թե՛ կյանքում շատ պարզ երևում է։

Իսկ հիմա աշխարհում կրթության մեկ այլ մոդել է ձևավորվում: Ֆինլանդիայում գիտեմ, որ «առարկա» հասկացություն այլևս չկա, այնտեղ դասավանդում են ժամանակաշրջաններ՝ «պերիոդներ»: Օրինակ՝ 19-րդ դար․ ուսումնասիրում են այդ ժամանակաշրջանի ամեն ինչը՝ պատմությունը, գրականությունը, արվեստը, աշխարհագրությունը: Ու այդ համընդհանուր, փոխկապակցված կոնտեքստում ձևավորվում է գիտելիք, որովհետև երբ պատմությունն աշխարհագրության հետ է կապված դու հասկանում ես, թե այս կամ այն պատերազմն ինչի համար էր։ Իսկ մեզ դպրոցում ասում էին՝  «ցուցափայտով ցույց տուր այս երկրի տեղը կամ այն երկրի տեղը»: Մեզ դպրոցում չէին բացատրում, որ մեր սովորած քարտեզն ամեն օր, ամեն պահ փոխվում է:

Կոնֆլիկտն աճի միակ ճանապարհն է

Արվեստում ինձ համար չկան տեղային ու ոչ տեղային թեմաներ: Ամենահետաքրքիրը մարդն է: Մարդն ամեն տեղ ունի հոգեբանություն, ապրումներ, ճակատագիր, նույն խնդիրներն ու ուրախությունները:  Շատ ուրախ կլինեի, եթե մի օր տեսնեի հայկական  կենցաղային շատ ֆիլմեր, ինչպիսին այսօրվա ռումինական կինոն է կամ Դարդեն եղբայների ֆիլմերն են։

Մեզ համար կենցաղը կինոյի պատմություն չէ: Պետք է անպայման այնպիսի թեմաներ լինեն, որոնք որ… չգիտեմ, միայնակ երեխա մեծացնող մայրը, մեզ մոտ դեռևս գեղարվեստական կինոյի թեմա չի դառնում։

Հենց հասնում ենք սյուժեին, ինչ-որ «ցնցող» թեմաներ են սկսվում. եթե հորինվածք է, մտածում ենք հորինենք ու դրամատիկացնենք այնպես, որ հանդիսատեսի լացը գա, պաթոսը խեղդի: Իսկ արդյունքում հանդիսատեսի ծիծաղն է գալիս:

Հայկական կինոյում բացասական հերոսներ գրեթե չկան: Դա ամենամեծ կեղծիքն է: Պատմությունները չեն կարող ունենալ բացառապես լավ, դրական հերոսներ: Ստերիլ, անկոնֆլիկտ ստեղծագործությունն ամենաանհետաքրքիր բանն է։ Մեզ ընտանիքներում էլ են հիմնականում շատ ստերիլ մեծացնում, որ հանկարծ ոչնչի չբախվենք, սթրեսի ենթարկող որևէ բան չտեսնենք: Բայց այդպես չի կարող լինել. կոնֆլիկտն աճի միակ ճանապարհն է:

«Netflix»-ն այսօր ֆիլմեր է խլում կինոփառատոններից

Հայաստանում կինոյի հանդեպ հետաքրքրությունը կարող է մեծ մասշտաբով լինել միայն այն դեպքում, երբ հանդիսատեսն իրեն գտնի այդ կինոյում, երբ հերոսներին ասոցացնի իր կամ իրեն շրջապատող մարդկանց հետ:
Մենք դեռևս բաժանում ենք անում «մեյնսթրիմի» ու «արտհաուսի»։ Այս դիսկուրսը վաղուց չկա կինոարվեստում։ Ինչո՞ւ վերջին տարներին այդքան տարածում գտան  բազմասերիանոց ֆիլմերը։ Հանդիսատեսն ուզում է նոր կապ հերոսների ու պատմությունների հետ, որոնց կարող է հետևել ամիսներով ու նույնիսկ՝ տարիներով։ «Netflix»-ն էլ է «մեյնսթրիմ», բայց այսօր մրցում է Կաննի կինոփառատոնի հետ ու հաճախ փառատոներից, կոպիտ ասած, ֆիլմեր է խլում:
Եթե ժամանակին մենք ունենայինք մեր, պայմանական ասած, «Հարրի Փոթեր»-ները՝  կարևոր չէ ֆիլմի, թե գրականության տեսքով, չէինք ունենա այս դատարկությունը «հեղինակային» ու «սերիալային» մշակույթի միջև։

«Արենա»

«Արենա»-ն մեր նոր կարճամետրաժ ֆիլմն է, որը ֆինանսավորում է ստացել Ազգային կինոկենտրոնից:
Պատմում է գյուղում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատող երիտասարդ տղայի մեկ օրվա մասին, ում կյանքը մի միջադեպից հետո ոտքից գլուխ շուռ է գալիս: Սոցիալական դրամա է, որի նկարահանումները երևի կիրականացնենք նոյեմբեր-դեկտեմբերին:

Ֆինանսավորման հարցը մեզ մոտ, այո, բարդ է: Կան մեկ-երկու դրամաշնորհային հարթակներ, բայց եթե մեծ ֆինանսավորման սպասում ունես, երևի միակ հարթակը կինոկենտրոնն է:

Բայց կարծում եմ, որ ֆինանսավորումը չի կարող թույլ գաղափարը դարձնել ուժեղ։ Թանկարժեք տեխնիկայի առկայությունն ինքնանպատակ չպետք է լինի։ Ես շատ էի ուզում ֆիլմս VR նկարել (virtual reality, վիրտուալ իրականություն – հեղ.), բայց թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական միջոցները թույլ չէին տալիս։ Արդյունքում մենք գտանք տեխնիկական մեկ այլ հնարք, որը փոխարինեց VR-ը, չնայած՝ կարող էինք մի քանի տարի էլ սպասել լրացուցիչ ֆինանսավորւմ հայթայթելու համար։

Բացարձակ երջանիկ մարդը, երևի, չի ստեղծագործում

Ստեղծագործելն, ըստ իս, մի քիչ ավելի երջանիկ լինելու փորձ է: Երջանկությունն ի՞նչ է. շատ բաներից ազատվել, շատ բաներ ձեռք բերել և արվեստը տալիս է այդ հնարավորությունը: Նաև էգոն շոյելու մի տարբերակ է: Մենք ստեղծագործում ենք, որ մեզ ավելի սիրեն։ Ստեղծագործողները հիմնականում չեն ընդունում, երբ սխալվում են ու ամեն քննադատություն ցավոտ են տանում: Բայց դրան զուգահեռ, առողջ քննադատությունն ամենաօգտակար երևույթն է: Մեր դաշտի ամենաթույլ կետերից մեկը հենց որակյալ քննադատության պակասն է:

Ֆիլմեր, որոնք խորհուրդ եմ տալիս դիտել

Կիրա Մուրատովա «Երկար հրաժեշտ» («Долгие проводы»), Ջեննի Լիվինգսթոն «Փարիզն այրվում է» («Paris is burning»), Ռայներ Վերներ Ֆասբինդեր «Վախն ուտում է հոգին» («Fear Eats the Soul»), Ժան Պիեռ և Լյուկ Դարդեններ  «Ռոզետտա» Rosetta»), Դեյվիդ Լինչ «Կապույտ թավիշ» («Blue Velvet»), Ռուբեն Օսթլունդ «Ֆորս-մաժոր» («Force Majeure»):

Յանա Շախրամանյան