Ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:

Իտալական նեոռեալիզմ

Նեոռեալիզմի հոսանքը իտալական կինեմատոգրաֆում ձևավորվեց ետպատերազմյան առաջին տասնամյակում: Նա հակադրվում էր պեպլումների և վեստերնների ոգով ամերիկանացված պերճաշուք հերոսականության ճնշիչ ազդեցությանը (դրանք կհաղթանակեն ի վերջո, բայց իտալացի Սերջո Լեոնեն կհաջողեցնի այնուամենայնիվ նկարել բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն վեստերնը):

Նեոռեալիզմի սկզբունքներ կարելի է համարել տաղավարային նկարահանումներից հրաժարվելը և բնականի նախապատվությունը, ասել է թե հրաժարում արհեստական լուսավորությունից հօգուտ բնականի (այս սկզբունքները հետագայում փոխառում է Լարս ֆոն Տրիերը իր Դոգմա 95-ի համար): Կարծիք կա, որ դա արվում էր ոչ այնքան ռեժիսորների հայեցակարգային մտածողության, որքան ցածր բյուջեի և կինոոլորտի աղքատության պատճառով. ռեժիսորները տառացիորեն ստիպված էին փնտրել ամենապարզ լուծումները, որոնք բացասաբար չէին անդրադառնա վերջնական արդյունքի վրա:

Առավել մեծ ուշադրություն սյուժեներում դարձվում է լայն զանգվածների կյանքին՝ աղքատների, բանվորների, կենտրոնանալով ոչ թե կոնկրետ հերոսների, այլ ամբողջությամբ վերցրած հասարակության կյանքի վրա: Ինչպես ֆրանսիական նոր ալիքի ներկայացուցիչները, որի վրա ներգործություն կունենա նեոռեալիզմը, իտալացի ռեժիսորները հարում են իրենց ստեղծագործության մեջ վառ արտահայտված ձախ գաղափարներին, որոնք ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո ավելի ու ավելի արդիական և ժողովրդական էին դառնում: Դրա հաստատումն է նաև մինչև հիմա իտալական կինոյի ցուցադրումը խորհրդային կինոթատրոններում, ինչն աննախընթաց բան է:

Չնայած նրան, որ հետազոտողները ժանրին հատկացնում են տասը տարի, քննադատներից շատերն ասում են, որ իրապես նեոռեալիստական ֆիլմեր կարելի է համարել սոսկ յոթ կինոնկար: Այդպես է թե ոչ, սակայն այդքանն էլ բավական է արդարացնելու նրա գոյությունը: Միայն մեկ ֆիլմ է՝ «Հեծանիվներ գողացողները», անփոփոխ մտնում համաշխարհային կինոթոփերի մեծ մասի ցանկում և բազմիցս նշվել  ուրիշ ալիքների ռեժիսորների կողմից:

Գլխավոր ֆիլմերը

* Հռոմ՝ բաց քաղաք (1945), ռեժ.՝ Ռոբերտո Ռոսսելլին

* Հեծանիվներ գողացողները (1948), ռեժ.՝ Վիտտորիո դե Սիկա

* Հողը դողում է (1948), ռեժ.՝ Լուկինո Վիսկոնտի

* Խաղաղություն չկա ձիթենիների տակ (1950), ռեժ.՝ Ջուզեպպե դե Սանտիս

* Մալապագայի պատերի տակ (1949), ռեժ.՝ Ռենե Կլեման

(շարունակելի)