Նոր ալիք. 20 հոսանք, որ փոխեցին կինեմատոգրաֆը (Գերմանական էքսպրեսիոնիզմ․Մաս 1)
Յուրաքանչյուր ոք, որ հետաքրքրվում է կինոյով, հավանաբար լսել է ֆրանսիական նոր ալիքի մասին և թերևս նույնիսկ դիտել Գոդարից որևէ բան: Սակայն անգամ նրանք, որ տեսել են, պայմանականորեն ասած, Պակ Չհան Ուկին կամ Կիմ Կի Դուկին, հաճախ չգիտեն, որ նրանք ևս պատկանում են յուրաքանչյուրն իր ալիքին, իսկ նման բազում ալիքներ է թվարկում կինոքննադատությունը և դրանց աշխարհագրությունը անչափ լայնարձակ է՝ հույժ կինեմատոգրաֆիական երկրներից, ինչպիսին են Իտալիան և ԱՄՆ-ը, մինչև միանգամայն անսպասելի նման մի ցուցակի համար՝ Ռումինիա կամ Իրան: Փորձենք հասկանալ այդ ալիքների ծագումնաբանությունը և թե նրանք «նոր» ինչ բերեցին համաշխարհային կինեմատոգրաֆ:
Գերմանական էքսպրեսիոնիզմ
«Դոկտոր Կալիգարիի կաբինետը» (1920)
Բարեփոխական առավել վաղ կինոհոսանքներից մեկը ձևավորվեց 20-րդ դարի 20-ական թվականներին և տարածվեց հիմնականում գերմանացի ռեժիսորների շրջանում: Վհատության և տագնապի մթնոլորտը, որ տիրում էր Առաջին համաշխարհայինում պարտությունից հետո, բարդվում էր զինվորների ու քաղաքացիների ապրած սարսափներին, ազդեցություն գործելով արվեստի բոլոր ոլորտների վրա, այդ թվում և կինեմատոգրաֆի: Գերմանական էքսպրեսիոնիզմի հաշվարկը ընդունված է սկսել 1920 թվականին նկարված «Դոկտոր Կալիգարիի կաբինետը» ֆիլմից: Սարսափ-ֆիլմերի տարրեր պարունակող թրիլլերը առաջին անգամ էկրանին ցուցադրում էր աշխարհի փոխված ընկալումը հոգեպես խանգարված գլխավոր հերոսի կողմից: Հենց այս ֆիլմով կինոն հայտարարեց իր՝ իբրև արվեստի լիարժեք տեսակ լինելու մասին:
Կինոէքսպրեսիոնիզմի համար բնութագրական էին խոշոր պլանները և շարժվող կինոխցիկով նկարահանումը, կոնտրաստային լուսավորությունը, բարդ գրոտեսկային դեկորացիաները, լուսազտիչների կիրառումը, արագացրած վերարտադրության էֆեկտները: Այդ ամենը պետք է հանդիսականի վրա գործեր ճնշող տպավորություն, ցույց տար մարդու էությունը, որն իր մեջ թաքցնում է չփոխվող չարը:
Էքսպրեսիոնիզմը վիթխարի ազդեցություն է գործել ինչպես ժանրային կինոյի վրա, դնելով խորրորների և նուարային սուր սյուժետային դետեկտիվների ստեղծման հիմքերը, այնպես էլ ամբողջությամբ վերցրած կինեմատոգրաֆի զարգացման համար: Չնայած իր կարճատև կյանքին – պայմանների բարելավումը Գերմանիայում չէր նպաստում նրա ժողովրդականությանը – նորարարական ժանրի հատկանիշներ կարելի է գտնել և լեգենդար «Մետրոպոլիսում» և նույնիսկ Տիմ Բյորտոնի կինոնկարներում:
Գլխավոր ֆիլմերը
* Դոկտոր Կալիգարիի կաբինետը (1920), ռեժ.՝ Ռոբերտ Վինե
* Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիա (1920), ռեժ.՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու
* Գոլեմ (1920), ռեժ.՝ Կարլ Բյոզե և Պաուլ Վեգեներ
* Մոմե ֆիգուրների կաբինետ (1924), ռեժ.՝ Պաուլ Լենի
* Հոգնած մահ (1921), ռեժ.՝ Ֆրից Լանգ