Ինչպես էինք մենք նկարում «Պեպոն» (մաս 3)
Համո Բեկնազարյան․ Հուշեր
Ես արդեն հիշատակեցի, որ խմբի կազմը լրջորեն մտածված և ընտրված էր, որ դա համերաշխ կոլեկտիվ էր, որ միշտ հաջողություն էր ապահովում: Խմբում կար տնօրեն Ա. Ա. Օհանջանյանը, և նա հաղթահարելով բոլոր բյուրոկրատական դժվարությունները, զանցառելով ամեն տեսակ «անհնարինություն», հասավ «վերջին» ջրաղացների ոչնչացման բավականին տևական հետաձգման:
Հիմա մենք կարող էինք հանգիստ աշխատել:
Քուռի վրա նկարահանումները պետք է կատարվեին համաժամանակյա սկզբունքով, ինչը, կարծես թե, առաջին անգամ էր լինելու ջրի վրա ձայնագրման առումով: Նախապատրաստությունը բարդ էր, ժամանակ պահանջող: Նկարահանումների համար ընտրված տեղում (Օրթաճալայում) Թիֆլիսից դուրս գտնվում էին հաղորդալարերի վերջնակետերը: Շարժիչների համար սնուցում կարելի էր ստանալ, հաղորդալարը անցկացնելով Քուռ գետի վրայով: Իսկ այս գետը, ինչպես հայտնի է, առանձնապես աչքի չի ընկնում խաղաղ բարքով: Բացի խարխուլ ձկնորսական մակույկից, ոչինչ չկար: Արդեն հոկտեմբեր ամիսն էր և հարկավոր էր շտապել: Ամբողջ գիշեր խմբի աշխատողները, բանվորների հետ միասին, պայքարելով քամու դեմ, սյուներ էին կանգնեցնում և հաղորդալար անցկացնում: Լուսադեմին արդեն ամեն բան պատրաստ էր:
Իսկ նկարահանման նշանակված օրվանից մի քանի օր առաջ, ես ստիպված էի անկողնում մնալ, քանի որ ռադիկուլիտը, որ արդեն ամիսներ շարունակ տանջում էր ինձ, կրկին բորբոքվել էր: Այս նկարահանման հետ կապված շատ հանգամանքներ թույլ չէին տալիս աշխատանքն ընդհատել, թեկուզև ամենաչնչին ժամկետով: Եվ ես որոշեցի ցավն հաղթահարելով գնալ նկարահանման: Ես պետք է մի քանի ժամ անցկացնեի ջրի վրա, լաստին: Ճիշտ է, լաստը սովորական գերաններից էր, բայց ինձ համար դժվար էր: Շատ տաք հագնվելով, ես մի կերպ, աշխատողների ու խմբի օգնությամբ տեղափոխվեցի լաստի վրա և թաղվեցի փափուկ բազկաթոռի մեջ, որ հաստատվել էր լաստի վրա: Իմ կարգադրիչներն ու տնօրենը ամեն բան նախատեսել էին՝ և գորգեր լաստի վրա ոտքերիս տակ, և ծածկոց, որի մեջ փաթաթեցին ինձ և, նույնիսկ, ջերմակներ:
Նկարահանումների ժամանակ միկրոֆոնը հարկ եղավ հանել գետի վրա և պահել այն մինչև գոտկատեղը ջրի մեջ կանգնած: Քանի-քանի անգամ փոփոխական գետը, նկարահանման ավարտից 5-6 վայրկյան առաջ, Կակուլիի տկճորային լաստը շեղեց նախատեսված ուղուց, և այն հոսանքին հակառակ պարաններով ետ էին քաշում: Դերասանները, ցուրտը մոռացած, երկար ժամանակ անգործ կանգնած էին մնացել ջրում… Նկարահանումները Քուռի վրա մինչև վերջ հասցնել ես չկարողացա:
Նկարահանումների վերջին օրը հարկ եղավ ղեկավարել իմ ասիստենտ Թամարա Գարինային: Ես հանգիստ էի նրա համար: Մոլեռանդորեն իր գործին հավատարիմ, համառ, գեղարվեստական մեծ հոտառությամբ, նա անփոխարինելի աշխատող էր: Միշտ լիակատար պատասխանատվությամբ էր աշխատանքը վարում, և ոչ սխալներ, ոչ պարապուրդներ նրա մոտ չէին լինում:
Քուռի վրա աշխատանքի վերջին այդ օրվան վիճակվեց բավականին վտանգավոր նկարահանում: Լաստերը սարքավորումներով-ապարատներով ու դերասաններով պետք է Քուռով լողային հասնեին մինչև ջրապտույտին:
Նկարահանման ապարատը հաստատված էր սովորական գերանակապ լաստի վրա: Օպերատոր Դ. Մ. Ֆելդմանը և ասիստենտ Թ. Գարինան պետք է ուղեկցեին Կակուլիի ու դերասանների տիկակապ լաստին, գետի հոսանքով ցած: Կակուլիի լաստը շրջանցում է Մետեխի բերդի ժայռը՝ բութ անկյունով ցցված Քուռի կողմը, իսկ հետո անցնում է Հավլաբարի ուղղաձիգ ժայռոտ ափի մոտով, որտեղ հին փայտե կախովի կամրջի տակ էլ Քուռի ամենավտանգավոր ջրապտույտն էր:
Ճիշտ է, որ նույն տեղում մի կողմի վրա լողում էր փրկարարական նավակը, քանի որ ջրապտույտին վստահել չէր լինի, և նրա հաշվին քիչ չար կատակներ չկային: Օպերատոր Դ. Մ. Ֆելդմանը, իրեն հանձնած կամակոր Քուռի իշխանությանը և մոռանալով նրա ջրապտույտների ու սահանքների մասին, Գարինայի հետ լաստով սլանում է հոսանքով, հանգիստ պտտելով բռնակը, ասես տաղավարում: Արդեն մոտեցել էին կողքանց ջրապտույտին, երբ հանկարծ լաստը մտնում է տան ստվերի մեջ և Գարինան անսպասելիորեն բղավում է. «Ստոպ» (նրան թվում է արևը մայր մտավ): Ֆելդմանն ուժգին մղումով, նույնպես անսպասելիությունից, կանգնեցնում է ապարատի բռնակը, չդիմանալով լաստի ընթացքին, և իներցիայով, քիչ է մնում ցած գլորվի: Նրանից կառչում է Գարինան… իսկ թե հետո ինչ է պատահում, երկուսն էլ չեն հիշում, լաստը շտկվում է և ամեն բան իր տեղն է ընկնում: Արևը շողաց, բռնակը պտույտ եկավ, միայն թե այդ պահը հենց ջրապտույտի մոտ, մահվան շեմին, ոչ Գարինան, ոչ Ֆելդմանը չեն մոռացել և ասում են՝ չեն մոռանա: Դրանով նկարահանումները Քուռի վրա բարեհաջող ավարտվեցին:
Հազիվ էինք հասցրել ավարտել նկարահանումները Քուռի վրա, երբ եղանակը մեզ դավաճանեց և 23 օր անձրև եկավ: Տվյալ դեպքում եղանակը մեր օգտին գործեց: Եվ ահա թե ինչու:
Մենք պետք է նկարեինք մեծ տեսարաններ՝ «Կինտոների երթը Մետեխի բանտ» և Պեպոյի հետ տեսարանները բանտի պատերի տակ: Եվ հանկարծ իմացանք, որ «Մետեխին» սկսել են ավերել. արդեն քանդել են պատուհաններն ու դռները: Այդ անձրևային օրերը մեզ հնարավորություն տվեցին եռանդով գործ անելու, առանց վնասի մեր օրամատյանի/ժուռնալի համար, այսինքն պարապուրդ չունեցանք, քանի որ անձրև էր գալիս:
Հարկավոր էր ինչ էլ լինի հասնել Մետեխի ավերումը դադարեցնելուն: «Մետեխի». այդպես կոչվում էր բանտը: Այն գտնվում էր 6-րդ դարում կառուցված Մետեխի բերդի տարածքում, որ կանգնած էր վիթխարի քարափի վրա ուղղաբերձ ժայռոտ ափին, 19-րդ դարում այն վերածվել էր բանտի: Այդ քարափի ստորոտին էլ Քուռ գետը կազմում էր այն սարսափազդու ջրապտույտը:
Սունդուկյանական ժամանակներում գիտեին միայն Մետեխի այդ միակ բանտը, այնպես որ Պեպոյին նստեցնել որևէ ուրիշ բանտ մենք չէինք կարող և, դրանից բացի, անչափ շահեկան և գեղեցիկ է Մետեխի այդ բանտի դիրքը ուղղաբերձ ժայռի վրա.- գայթակղիչ էր նկարահանումների համար: Ի դեպ, Մետեխի այդ բանտում են նստել Մ. Գորկին և Կամոն: Մեզ ցույց տվեցին նրանց մենախցերը: Հիմա դրանք թվացին լուսավոր՝ առանց պատուհանների և առանց դռների: Մենք հուզվում էինք, կհաջողվի արդյոք կասեցնել ավերումը, ինչ ժամկետով, և արդյոք կհաջողվի գործը գլուխ բերել այդ ժամկետում: Հանկարծ ու անձրևները խանգարեն: Եվ կրկին մեր տնօրեն Օհանջանյանին հարկ եղավ զինվել ողջ իր փորձառությամբ, գործի դնել ողջ իր դիվանագիտությունը և փրկել դրությունը՝ կասեցնել «հեռացում»: Այդ մրցավազքը «հեռացողի», վերջինի ետևից, այս անգամ արդեն մեզ համար ևս վերջինն էր, քանի որ այդ տեսարանով մենք ավարտում էինք մեր աշխատանքը Թիֆլիսում:
Վերջապես ամեն բան կարգավորեցինք և վրա հասան նկարահանումների օրերը: Մեր բոլոր օգնական կինտոները հագնվեցին, ով ուներ՝ իր զգեստները, ով չուներ՝ մերը: Կարծում եմ, որ այդ օրերին հին Թիֆլիսում՝ Հավլաբարում չէր մնացել և ոչ մի կինտո, որ չէր եկել մեր երթին դեպի բանտ: Եվ ահա բանտի մոտ կինտոների ցույցը: Պեպոյի բարեկամները նրան բերել են վիթխարի թաբախներով՝ փայտե մատուցարաններով և խաղող, և վրացական հաց, և զանազան բարիքներ: Նրանք հնամենի երգեր էին երգում լեգենդար ավազակ Քյոռ-օղլու մասին, որ կողոպտում էր հարուստներին և բաժանում աղքատներին: Այդ երգը, որ ծանոթ էր բոլոր կինտոներին և սիրված նրանց կողմից, հափշտակեց նրանց, և ուստի նրանք միացան մեր դերասանների երգչախմբին, և կարելի էր միայն զարմանալ ձայների ներդաշնակությունից: Կայտառ հնչում էր երգը, բարձր օդ էին թռչում կինտոների գլխարկները…
Նման մեծ տեսարանի համար, ինչպիսին կինտոների երթն էր դեպի բանտ և տեսարանները բանտի պատերի տակ, մենք ստացանք ընդամենը 40 րոպե արև: Այդուամենայնիվ իրագործեցինք առաջադրված խնդիրը և ավարտեցինք մեր աշխատանքը Թիֆլիսում միանգամայն բարեհաջող: Երբ մենք ավարտեցինք նկարահանումները Մետեխի մոտ՝ մեր կինտոները արդեն իմանալով, որ դա վերջին նկարահանումն է և որ մենք մեկնում ենք Երևան, հենց այդտեղ՝ բանտի պատերի մոտ, քանի դեռ չէինք ցրվել, մեզ հրավիրեցին «փոքրիկ հրաժեշտի քեֆի», ինչպես իրենք էին ասում՝ «մեր Քուռի ափին»:
Թեև բոլորը շատ հոգնած էին, բայց առանց ավելորդ հորդորների, նույն պահին էլ համաձայնեցին: Այնքան սրտաբաց և ըստ երևույթին այնպիսի ցանկությամբ էին նրանք մեզ հրավիրում: Գնալ պետք էր ոչ հեռու: Ընդամենը մի քանի տասնյակ քայլ իջնել Մետեխից, անցնել այդ տախտակե կամրջակը ջրապտույտի վրայի, և անմիջապես էլ կրկին իջնել նեղ սանդուղքով 10-15 աստիճան, հենց Քուռի ափը, որտեղ ներքևում գրեթե հենց ափին փոքրիկ տնակներ էին, իսկ նրանց առաջ բակում նեղ սեղաններ էին դրված թիֆլիսյան ամեն տեսակ համեղ ուտելիքներով՝ սածիվի (հավ՝ ընկույզի լցահյութով), կանաչ և հատ լոբիներ, պանիր, շատ կանաչի, Կախեթի գինի և, իհարկե, խորոված, խաղող և մրգեր: Մեր բոլոր դերասանները մնացել էին իրենց հագուստ-կապուստներով: Եվ օդը լցվեց զուռնայի, դուդուկի ու քամանչայի հնչյուններով. երգում էին ողջույնի քաղցր երգեր, բոլորը տեղավորվեցին սեղանի մոտ…
Քուռի ալիքները ծփում էին սեղաններին այնքան մոտ, որ բավական էր ընդամենը մի քանի քայլ անել և կարելի կլիներ ձեռքը մտցնել նրա գգվող ջրի մեջ: Ով գիտի հարավային քաղաքները, նա կհասկանա, թե որքան ժողովուրդ էր ներկա մեր խրախճանքի շուրջբոլորը: Տախտակե կամուրջը, որ կախված էր ջրապտույտի վրա, խիտ բռնված էր մարդկանցով, ուս ուսի ճաղաշարքի մոտ, դիմացը, ուղղաբերձ ժայռերին կպել էին խիզախ տղաները: Գետի վրա իրենց նրբարվեստ պատշգամբներով ժայռին կպած տնակների բոլոր պատուհաններից հարյուրավոր մարդիկ էին նայում մեր խրախճանքին և եռանդուն մասնակցում էին նրան՝ ներգրավվելով մեր ուրախությանը: Նրանք արտահայտում էին իրենց հիացմունքն ու ոգևորությունը և ծափերով, և խրախուսական բացականչություններով, և նույնիսկ ձայնակցում էին:
Երբ մեր Կեկելը կարապի պես սահում էր լեզգինկա պարելիս (ճիշտ է, ոչ այնքան հարթ գետնի վրա, բայց ջանում էր), հիացմունքի պոռթկումներ տեղացին բոլոր կողմերից: «Տաշի»,- տակտով ծափ էին տալիս բացարձակապես բոլորը: Եվ այստեղ ողջ ուրախությանը տոն էր տալիս մեր ուրախ «Կակուլին»՝ Դավիթ Մալյանը: Նա ճարպկորեն, ի ուրախություն բոլոր կինտոների, պարեց մեկը մյուսի ետևից իր բոլոր պարերը, որ մտել էին կինոնկարի մեջ Կեկելի նշանդրեքին: Միևնույն ժամանակ քիչ հեռվում կանայք, ակնհայտորեն մեր հյուրասեր կինտոների կանայք, քույրերը, հարևանները մանղալների վրա նորից ու նորից խորոված էին անում, կերակուրներ մատուցում, հյուրասիրում – և այնքա՜ն սրտաբացություն և ջերմություն, այնքան անկեղծություն կար, որ թվում էր ասես թիֆլիսյան տաք արևը ինչ-որ ժամանակ, հանկարծ իր ճառագայթներով է լցրել բոլոր այդ պարզ մարդկանց սրտերը մեկընդմիշտ, և մոռացել այդ մասին:
Իսկ երբ մեր օպերատոր Դ. Մ. Ֆելդմանը, որ չգիտեր պարել, համենայն դեպս հրավիրեց տանտիրուհիներից մեկին և լեզգինկա պարելով գնաց նրա ետևից, հիացական ծափերի, ուրախ բացականչությունների և ճիչերի պայթյունը լցրեց կիրճը և արձագանքը տարածվեց գետով, հավանաբար շատ հեռու:
Այդպես մենք քեֆ էինք անում, նշելով աշխատանքի ավարտը Թիֆլիսում, նոր ծանոթություններն ու բարեկամությունը հավլաբարցի մեր կինտոների հետ և, թերևս, ճանապարհ դնելով քաղաքի հեռացող սովորական, վառ գունագեղ կոլորիտը… Շատ կենացներ խմվեցին, ջերմ ճառեր ասվեցին, որոնցում և մեր կինտոներն իրենց սուր մտքի կայծերը շաղ տվեցին:
Մարմրեցին մոմերի կրակները, Քռի ալիքների ճողփյունը դարձավ ավելի բարձր և ավելի հաճախակի: Խավարն ավելի թանձրացավ և մենք սկսեցինք ցրվել: Մեր սիրելի կինտոները զուռնաչիների հետ եկան մեզ ուղեկցելու նեղ սանդուղքով դեպի վեր, մոմերով, ասես փոքրիկ ջահերով, իսկ երբ փողոց դուրս եկանք, տեսանք մի քանի ֆայտոններ, պատրաստակամորեն մեզ համար նախատեսված: Հրաժեշտի վերջին ձեռքսեղմումները, զուռնայի հնչյունների և ողջերթի քաղցր բացականչությունների տակ մենք մեկնեցինք, մեզ հետ տանելով անմոռանալի վերաբերմունքը պարզ, բայց այնքան սրտալի ու ջերմ մարդկանց՝ Հավլաբար անունով հին քաղաքի մեր կինտոների:
Մինչ «Ինչպես մենք նկարեցինք Պեպոն» գլուխն ավարտելը մի քանի խոսք ասեմ ֆիլմի հնչյունավորման մասին: Ես արդեն նշել եմ, որ մենք նկարահանում էինք համաժամանակյա-սինխրոն:
Շատ վեճեր են եղել, թե ինչ լեզվով նկարել ֆիլմը: Հայերեն լեզվով ֆիլմը անմատչելի կլիներ տարբեր հանրապետությունների խորհրդային հանդիսատեսի լայն զանգվածներին: Նկարել միայն ռուսաց լեզվով կնշանակեր ամբողջապես ժխտել ազգային կինոների զարգացման ինքնուրույն ուղիները: Մենք գնացինք առավելագույն դիմադրության ճանապարհով: Ճիշտ է, դա շատ էր բարդացնում մեր աշխատանքը և մեր դերասաններին դնում (ամբողջ կյանքում մինչ այդ հայկական բեմում խաղացած) միանգամայն նոր և շատ բարդ խնդիրների առջև:
Վատ իմանալով ռուսաց լեզուն և ունենալով յուրահատուկ արտասանություն, դերասանները մեծ համբերությամբ և համառությամբ ժամերով կատարելագործում էին այս կամ այն բառի արտասանությունը (ռուսական տարբերակի համար): Հիշում եմ, թե ինչպես էր մեր սիրելի Հասմիկը, հայկական բեմի հպարտությունը, համբերատար, ժամերով սերտում «Ախ, Աստո՜ւձ, վախ Աստո՜ւձ, վուրին կու տա՜ս սելով փետ, վուրին չիս տա՜ ցախ, Աստուձ» արտահայտությունը: «Ցախ» բառը ոչ մի կերպ չէր հաջողվում հարգարժան դերասանուհուն և նա համբերատար ժամերով զբաղվում էր ճիշտ արտասանությամբ:
Սակայն, իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ճիշտ արտասանության վրա, դերասանները մոռացության չէին տալիս իրենց դերասանական կատարումը: Պետք է արդարացիությամբ ընդունել, որ նրանք պատվով դուրս եկան այդ վիճակից: Գործի հանդեպ մեծ սերը և դերասանների էնտուզիազմը, հնչյունային ռեժիսոր Բլոկի հանդարտ ու լրջմիտ աշխատանքը հաղթահարեցին բոլոր դժվարությունները: Մեկի փոխարեն մենք տվեցինք երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Ստացվեց միանգամայն ազգային ֆիլմ:
Ազգային ֆիլմ և ըստ կերպարների, և ըստ լեզվի: Ժեստ, դիմախաղ, քայլաձև, ինտոնացիա, տեմպերամենտ, պահվածք՝ այս ամենը մարմնավորված է ազգային ձևերի մեջ և դրանով իսկ դարձնում է ֆիլմը չափազանց գունագեղ և կենսականորեն ճշմարիտ:
Կինոնկարի համար (միայն հայկական տարբերակի համար) հաշվարկվել էր 1140 հազարի նախահաշիվ: Նախահաշվի համեմատությամբ մենք տվեցինք անչափ չնչին գերազանցում, բայց դե մեկի փոխարեն տվեցինք երկու տարբերակ՝ հայկական և ռուսական: Նկարահանող խումբը ամբողջությամբ վերցրած, չնայած բոլոր դժվարություններին, հաջողությամբ ավարտին հասցրեց կինոնկարը և ավարտեց նշանակված ժամկետից 5 օր շուտ:
«Պեպոն» Թիֆլիսում Հավլաբարի էկրաններին է… Եթե որևէ մեկը եկվորներից այդ օրերին (ոչ, նույնիսկ ամիսներին, այդքան տևական գնում էր կինոնկարը) կինոդահլիճներից ներս նայեր, անչափ զարմացած կմնար անսովոր հանդիսատեսից՝ նրա վարքագծից: Ֆիլմի ամենասկզբից, հանդիսատեսը անչափ ակտիվորեն ներգրավվում էր էկրանի կյանքի և հերոսների գործողությունների մեջ: Պեպոն, ցանցը նետելով երգում է՝ երգում է և հանդիսականը, և ամբողջ դահլիճը:
Հեռվում երևում է տիկերի վրա լողացող լաստը, երգող Կակուլիով, ուրախ ընկերախմբով և զուռնաչիներով: Եվ արդեն նրան ընդառաջ դահլիճից հնչում են ողջույնի բացականչություններ՝ «Կակուլի ջան», «Վայ, վայ, Պեպո ջան»: Դահլիճից հնչող բացականչությունները միահյուսվում են, մեջընդմիջվում են էկրանից հնչող բացականչություններով: Երբ անցնելով Պեպոյի մոտից, Կակուլիի ընկերախումբը գինի է խմում նրա առողջության համար, հանդիսասրահում Կախեթի գինի են հանում լայնածավալ շալվարների գրպաններից և նույնպես, լցնելով եղջյուրների մեջ (բաժակների փոխարեն), խմում են էկրանի հերոսների հետ միասին, ձայն տալով ու խոսակցելով նրանց հետ, ինչպես ողջերի հետ: Հանդիսասրահում նստած զուռնաչիները (նրանք եկել են գործիքներով) միանում են էկրանի զուռնաչիների երգին: Այդ իրենք են նկարահանվել, իսկ հիմա իրենք էլ հանդիսասրահից «իրենք իրենց» են խաղում: Եվ թվում է Քուռը ողողել է դահլիճը, և հարյուրավոր այստեղ նստած Պեպոներ, Կակուլիներ, Կոլաուներ՝ քեֆ են անում լուսաբացին և սահմաններ չկան էկրանի և հանդիսասրահի միջև: Այդպես ամբողջ կինոնկարը անցնում է հանդիսատեսի հետ կենդանի շփման մեջ… Քիչ չեն հնչում Զիմզիմովի հասցեին սպառնալի և անգամ խիստ նախատական բառեր, իսկ փողոցում Զիմզիմովին նվաստացնելու և անարգելու տեղերում՝ թնդում էին գոհունակ ծիծաղի պայթյուններ, թնդանոթաձգության որոտի նման:
Եզրափակիչ «Քյոռ-օղլի» երգին (դեպի բանտ կինտոների երթի ժամանակ) միացավ և սկսեց երգել ողջ դահլիճը, արդեն հոտնկայս, հանդիսականն այստեղ արդեն չէր կարող նստած մնալ:
Եթե Տեխասի պարզասիրտ բնակիչները, երկար-բարակ չմտածելով կրակում են էկրանին՝ դերասանների վրա, երբ իրենց կարծիքով նրանք խաղում են ապաշնորհ, ապա պե՞տք է արդյոք զարմանալ, որ ոչ պակաս պարզասիրտ, անկեղծ ու անբռնազբոսիկ կինտոները, որ ջերմագին սիրում են իրենց քաղաքը, Հավլաբարը, իրենց եղբայրներ Պեպոյին, Կակուլիին, Կոլաուին, կյանքի գունագեղությունը, իրենց սովորույթները և այլն, այդպես էին արձագանքում կինոնկարին, որն այդքան մոտ էր իրենց ներքին աշխարհին:
Համո Բեկնազարյան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
Համո Բեկնազարյանի անձնական արխիվ (ռուսերեն),
Արխիվային նյութը ներկայացվում է հայերեն ( թարգմանված)։