Մինչ համավարակն իսպառ կվերանա (իսկ դրանում պետք է համառորեն վստահ լինել), ու նորից կբացվեն աշխարհի բոլոր սահմանները, և մեր կյանքի նորմա դարձյալ կհամարվի այն, ինչը նորմալ է առողջ տրամաբանությամբ և նորին մեծություն Բնության օրենքներով, այսինքն` երբ մենք հնարավորություն կունենանք վերադառնալու մարդկային նորմալ փոխհարաբերություններին` շփմանը, որ այսօր վտանգված է, սակայն անկասկած հազարամյակների ընթացքում ձեռք բերված մեծագույն արժեքներից է, այս միջանկյալ ժամանակը կարելի է օգտագործել շատ բաներ վերաիմաստավորելու և վերարժևորելու համար: Հուսանք, որ շուտով մեր հրաշալի մայրաքաղաքում, ինչպես և ողջ աշխարհում, նորից կինոփառատոներ անցկացնելու և տաղանդավոր արվեստագետների հյուրընկալելու, դահլիճներում միասին կինո դիտելու և քննարկելու մթնոլորտը կվերականգնվի: Իսկ առայժմ առաջարկում եմ վերհիշել վերջին տարիներին «Ոսկե ծիրան» ՄԿՓ շրջանակներում Երևանում կայացած` Արտավազդ Փելեշյանի, Գոդֆրի Ռեջջոյի և Տոնինո Գուերայի  վարպետության դասերը, որ շատ վառ տպավորություն են թողել: 

Ժամանակին ֆրանսիացի գեղագետ փիլիսոփա և գրող Անդրե Մորուան ասել է. «Ուրիշի հանճարեղությունը կարելի է տանել միայն հեռավորության վրա»: Դժվար է առարկել ինտելեկտուալ գրողին, որ հեղինակել է մի շարք մեծանուն մարդկանց նվիրված կենսագրական վեպեր, որոնցում գեղարվեստագրված են բազմաթիվ փաստեր ու մանրամասներ նրանց կյանքից: Իսկ ընթերցողին մշտապես հետաքրքրում են ոչ միայն մեծերի ստեղծագործությունները, այլև` նրանց անձը և կյանքը: Մեզ միշտ հետաքրքրում են, թե ինչ են ասել, ինչպես են մտածել նրանք այս կամ այն բանի մասին. այդտեղից էլ աֆորիզմների ժողովրդականությունը: Սակայն որքա~ն ավելի կնախընտրեինք, որ ինչ-որ մի հրաշքով, անցյալի մեծ գրողների և արվեստագետների հետ տարածության և ժամանակի մեջ թեկուզ մի երկու ժամով համընկնելու հնարավորություն ունենայինք, որպեսզի լսեինք և անձամբ իրենց հարցեր տալ կարողանայինք…

Երբ մտածում ենք, որ խորհրդային ժամանակներում, չնայած «երկաթե վարագույրին», Հայաստան են եկել Սարտրը, Մորավիան, Անտոնիոնին զարմանք ապրելուց բացի, նաև ափսոսում ենք, որ այդ հանդիպումներին ոչ մի կերպ չէինք կարող ներկա լինել` զուտ ժամանակային առումով: Դե, էլ չենք ասում մեր մեծ հայրենակիցներ Սարոյանի և Մամուլյանի այցերի մասին: Սակայն մեր սերնդի համար սփոփիչ հանգամանք և ճակատագրի պարգև կարելի է դիտարկել Շառլ Ազնավուրի երանելի ներկայությունը վայելելու հնարավորությունը և, իհարկե, բացառիկ ստեղծագործական հանդիպումները Փելեշյանի հետ:

Պետք է ասել, որ վերջին մեկուկես տասնամյակում «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում կինոսեր հանդիսատեսն ունեցավ բացառիկ հնարավորություններ` ներկա լինելու համաշխարհային կինոյի մի շարք խոշոր դեմքերի վարպետության դասերին, այն դեպքում, երբ մինչ այդ անհավանական էր թվում թե՛ այդպիսի ռեժիսորների նկարահանման հրապարակում հայտնվելը, թե՛ նրանց հետ դահլիճում կամ լսարանում հանդիպմանն ու զրույցին ներկա գտնվելը:

Յուրաքանչյուր մեծության, տաղանդավոր մարդու հետ ամեն մի շփում իսկական վարպետության դաս է` անկախ հանդիպման ձևաչափից, նույնիսկ անկախ այն բանից, թե կենդանի շփմա՞ն ես արժանացել, թե՞ տեսագրություն ես դիտում: Սակայն առանձնահատուկ կարևորություն ունեն master-class–ները` վարպետության դասերը, երբ կենդանի շփման բացառիկ միջավայրում բախտ է վիճակվում մեծությունների հետ երկխոսության մեջ ներքաշվել և անձամբ հարցեր ուղղել նրանց: Իսկ ի՞նչ է վարպետության դասը, և ի՞նչ պետք է սպասել դրանից: Ներկա լինելով որևէ նշանավոր կինոռեժիսորի այդօրինակ դասին` կարելի՞ է հուսալ, որ նրան մեկ կամ երկու ժամում կհաջողվի փոխանցել իր պրոֆեսիոնալ հմտությունները, հաղորդել ֆիլմաստեղծման իր «բանաձևը» կամ մի՞թե առհասարակ հնարավոր է նման հանդիպման ընթացքում «ստեղծագործական գաղտնիքներ» կորզել:

Հարկավ, ամեն ինչ անհատական է, կախված է անձերից` ընդ որում, թե՛ վարպետության դասը մատուցողի, թե՛ սովորել ցանկացողի տեսակից: Հիշեցնենք հայտնի ասույթը. «Սովորեցնել անկարելի է, բայց սովորել միշտ կարելի է»: Ամեն մի տաղանդավոր մարդուց կարելի է շատ բան կամ առնվազն ինչ-որ բան վերցնել, միայն թե ցանկություն և պատրաստակամություն լինի: Իսկ հետո, այդ տարբեր ստեղծագործական ձեռագրեր ունեցող ռեժիսորներից ստացած գիտելիքները, որ որոշակի կենսափորձի արդյունք են նաև, նստվածք տալով, ժամանակի ընթացքում կխաչվեն ու կլուծվեն տվյալ հայցորդի մտորումներում, կհարաբերվեն վերջինիս փորձի հետ և միգուցե կհարստացնեն նրա ստեղծագործական կարողություններն ու միտքը: Այսպես, երբ Ֆելինին ասում էր` «Կյանքը մանրուքներում դեղագործի նման ճշգրիտ է», այդ ճշմարտությանը կարելի է հասնել միայն սեփական փորձով, սակայն հրաշալի է այդ գիտելիքը նախապես ստացած լինել մեծ ռեժիսորից և, այդ առումով, պատրաստ լինել կյանքի հետ հարաբերվելուն:

Երբ Փելեշյանն ասում է երիտասարդ ռեժիսորներին` «Աշխատեք անպայման, ամեն գնով նկարել ձեր առաջին ֆիլմը` դա որոշիչ կլինի», ապա տարիներ հետո, դիտելով և համեմատելով նաև այլ կինոհանճարների առաջին ֆիլմերը` հետագայում նրանց նկարածի հետ, կարելի է համարյա համոզվել, որ առաջին գործի մեջ սովորաբար սաղմնային վիճակում գաղտնագրված են հետագա ֆիլմերը… Միայն թե, դա երևում է նրանց ողջ ստեղծագործության համատեքստում արդեն, այսինքն` այն բանից հետո, երբ նրանց հետագա ուղին մեր աչքի առջև է` ֆիլմերի տեսքով:

Արդ, փորձենք ի մի բերել Երևանում կայացած վարպետության դասերից մեր հիշողության մեջ դաջված որոշ տպավորիչ դրվագներ, որոնց շուրջ խորհրդածություններն օգնում են ընդլայնել կինոյին և աշխարհի ճանաչողությանն առնչվող գիտելիքները:

Այսպես, Արտավազդ Փելեշյանը ժամանակին ասել է, որ իր կինոնկարներում «արտացոլել է այն պահերը, երբ մարդկանց գործողությունները, շարժումները դադարում են»: Այս միտքը պետք է ընդլայնի կինոյում մշտապես պատկերվող շարժման մասին մեր պատկերացումները: Վարպետը, իր ֆիլմերում պատկերելով «կյանքի հոսքը»` ամենայնի շրջապտույտը, այսինքն` անընդհատությունը, հասնում է նրան, որ կինոօբյեկտիվն այդ շարժման մեջ ինչ-որ կայունություն է «տեսնում» և ամրագրում, այսինքն` դադար շարժման մեջ, թեև այդ «կանգը» բացահայտ չէ` թաքնված է պատկերաշարի «ստորջրյա» հոսանքի տակ: Այդպիսին է հատկապես նրա «Տարվա եղանակները»: Եթե երաժշտությանը կինոյում սովորաբար հատկացված է եղել նվագակցության օժանդակ դեր, ապա Փելեշյանը, իր իսկ խոսքով, «ոչ թե պատկերն է երաժշտության հետ մոնտաժում, այլ երաժշտության զգացմունքը` պատկերի զգացմունքի հետ»: Իր վարպետության դասերից մեկի ժամանակ ռեժիսորն ասաց. «Ֆիլմը տեսքով պատկեր է, բայց բջիջներով կազմված է երաժշտությունից, կառուցվում է երաժշտության օրենքներով: Այն, ինչ տեսնում ենք` լսում ենք, այն, ինչ լսում ենք` տեսնում ենք: Այդպիսով, պատկերը և երաժշտությունը տեղերով փոխվում են, մեկը մտնում մյուսի տերիտորիա»: Ռեժիսորի համոզմամբ` կինոն և կինոարվեստը տարբեր հասկացություններ են: Հիրավի, կարող ենք արձանագրել` նրա կինոն հաստատապես ավելին է, քան բուն կինոն. փելեշյանական կինոն մոտենում և մոտեցնում է Գոյի առեղծվածին, այն հարցերին, որոնք առավելապես գիտության, փիլիսոփայության դիտակետում են միշտ եղել (և սակայն լուծում չեն ստացել): Եթե արվեստը և գիտությունը ուրույն ուղիներով են որոնում Ճշմարտությունը, ապա կարող ենք ասել, որ իրական, վավերագրական կադրերից ներհյուսված փելեշյանական միստիկ և մետաֆիզիկ կինոյում դրանք մերձեցել են, նույնիսկ միաձուլվել ինչ-որ տեղ: Պատահական չէ, որ ռեժիսորների և կինոհետազոտողների շրջանում այս ռեժիսորին բազմիցս բնութագրել են իբրև «կինոյի փիլիսոփա և ալքիմիկոս»: Եվ ռեժիսորի փորձը հանգեցրել է նրան ֆիլմերից զատ, նաև գիտական հայացքով գրված աշխատությունների հեղինակ դառնալու, որտեղ Տիեզերքն իբրև կենդանի օրգանիզմ է ընկալվում: Այսպես, «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքում նա պնդում է, որ տիեզերքն «ակնթարթորեն է «տեսնում» ամեն ինչ, որ կատարվում է իր ներսում»:

Իսկ այսօր աշխարհում կատարվող պրոցեսների համատեքստում, առավել քան կարևոր է հիշեցնել հանճարեղ կինոփիլիսոփայի հայտնած համոզմունքը, որ «այնպիսի կատարյալ և բանական էակ, որպիսին մեր Տիեզերքն է, անհնար է, որ ինքնասպան լինի: Ոչ մի աշխարհի վերջ չի լինելու»:

Փելեշյանին` «կայծակ», իսկ ինքն իրեն, համեստորեն, «կայծ» համարող ամերիկյան կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն դեռևս նոր հազարամյակի սկզբին է ասել, որ «տեխնոլոգիաները մերօրյա ֆաշիզմն են» (Տե՛ս Годфри Реджио: «Технологии – это фашизм сегодня» // «Искусство кино», № 12, 2000): Իհարկե, նա իր ֆիլմերով ստիպված խոսել է տեխնոլոգիաների գերին դարձած մեր ժամանակի հետ և, միաժամանակ, նրա դեմ հենց այդ ժամանակի` նույն այդ տեխնոլոգիաների լեզվով… Ըստ այս կինոփիլիսոփայի, տեխնոլոգիան դարձել է «կյանքի տանտերը», քանի որ «մենք ոչ թե օգտագործում ենք, այլ` ապրում նրանով: Եվ այն ակնհայտորեն վերստեղծում է աշխարհը «իր պատկերով և նմանությամբ», ու ստեղծում է գլոբալացված աշխարհ»:

Ազգային պատկերասրահում 2007-ին կայացած վարպետության դասի ժամանակ ռեժիսորն ասաց. «Իմ ֆիլմերը վարժանք են` թե ինչպես պետք է ակնդետ նայես գոյությանը, կարծես, ինչ-որ մեկը եկել և նայում է: Այդ ինչ-որ մեկի հայացքով են նկարված «Կացցի» եռերգության ֆիլմերը»: Ըստ նրա` «հին բնությունը շնչում է, նոր բնությունն անշունչ է, հինը` պահպանում է տարբերությունները, ունի լեզու, նոր բնությունը չունի տարբերություններ, ունի թվեր: Իսկ գլոբալացումը վերացնում է տարբերությունները, ինչը և հանգեցնում է «իրականի մայրամուտին»: Հինը պատված է առեղծվածով, նորը` համոզվածությամբ, հինը տեղային է, նորը` գլոբալացված, հինը` մոլորակի վրա է, նորը` մոլորակից դուրս, և մենք ինքներս այլմոլորակային ենք մեր աշխարհում: Ինչպես որ անտառը չի երևում ծառերի հետևում, այդպես կյանքը թաքնված է մեզանից, և սովորական բանն ընկալելու համար ակնդետ պիտի նայես, այնքա~ն երկար, մինչև այն սկսի տարօրինակ թվալ, այսինքն` պիտի օտարվես աշխարհից»: Օտարումը դիտելով իբրև մեր գոյության խորհուրդն ընկալելու ճշմարիտ ճանապարհ` նախկին վանականը հիշեցրեց Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Մարդ պետք է լինի այս աշխարհում, բայց ո՛չ այս աշխարհից»:

Ռեժիսորի հռչակավոր «Կացցի» եռերգությունը նաև ափսոսանք-ուղերձ է մարդկությանը, քանի որ հին մշակույթների անհետացման հետ մեկտեղ, աշխարհն անդառնալիորեն կորցնում է իր երբեմնի վեհությունը: Այդ իսկ պատճառով ազատության բարձրագույն դրսևորումն այսօր տեխնոլոգիային դիմակայելը` «ոչ» ասելն է: Ռեջջոյի համոզմամբ, մենք կարող ենք ապրել այդ հաստատված` տեխնոլոգիական ապագայով, բայցև կարող ենք ընտրել չստեղծված ապագան` երևակայականը:

Պոետ Տոնինո Գուերան` կինոաշխարհի մեզ հայտնի բազմաթիվ գլուխգործոցների սցենարի հեղինակը, երկու անգամ Հայաստան եկավ` 2006թ. ամռանը` իբրև «Ոսկե ծիրան» ՄԿՓ պատվավոր հյուր և մեկ տարի անց, իր հետ անմոռանալի մի ցուցահանդես բերելով: Բոլոր հանդիպումները նրա հետ, հիրավի, իրադարձություններ էին: ԵԹԿՊԻ-ում կայացած նրա երկու վարպետության դասերը բացառիկ, անմոռանալի երևույթ էին: «Դարի վերջին հումանիստի» և «Վերածննդի մերօրյա ասպետի» հետ մեկ հիանալի հանդիպում էլ հայ արվեստասերներն ունեցան Ազգային պատկերասրահում: Փորձենք ի մի բերել, թե ինչ մնաց այդ օրերից մեր հուշերում:

Մշտապես թավշյա բաճկոնով ու կեպիով այս կարճահասակ ծերունու համոզմամբ` որքան մեծանում է մարդը, այնքան հեռանում է կյանքի թատրոնից, և լավագույն համերգը նրա համար դառնում է անձրևի խշշոցը… «Իսկապես, լսում եմ ավելի շուտ աչքերով, քան ականջներով»,- ասում էր պոետ Տոնինո Գուերան: Զուր չէ, որ նրա ստեղծագործության մասին ասել են, որ «նրա յուրաքանչյուր պատմվածքում պոեզիա կա, յուրաքանչյուր բանաստեղծության մեջ` պատմություն, որտեղ ընթերցողը լսում է ոչ թե պարզապես հեղինակի, այլ իր բարեկամի սրտի զարկերն ու ձայնը: Պոեզիան նրա կենսափորձն է»: Բառի հետ աշխատելու իր մեթոդը այսպես էր բացատրում. «Զուր չէ, որ գոյություն ունի այն հավատալիքը` թե հնչյունը կամ բառը չի մեռնում, այլ շարունակում է ապրել մոռացված աշխարհի լռության մեջ: Հնչյուններն ասես տարրալուծված լինեն օդում, բայց երբեմն հաջողվում է դրանք հավաքել և ի մի բերել…»:

Միթոսի, հեքիաթի կատեգորիաներով ոչ միայն ստեղծագործող, այլև ապրող ու մտածող այս մարդն իր խոսքով` «լքված տան պես» էր իրեն զգում, տեսնելով, որ ամեն ինչ իրենից սպրդում, վազում է դեպի արդիականացումը: Նրան անհանգստացնում էր, որ մարդիկ, որոնք մեծ գումարներ ունեն, սկսում են մոռանալ մարդկային ժեստերը, արարքները: Գուերան շատ էր կարևորում ընկերությունը: Իսկ նրան վիճակված է եղել ոչ միայն համագործակցել, այլև ընկերություն անել Ֆելինիի, Անտոնիոնիի, Տարկովսկու, դե Սիկայի, Մաստրոյանիի և այլոց հետ, նաև վերջին հրաժեշտի տխրությունն ու իմաստությունը ճաշակել ոմանց հետ: Այսպես, չափազանց հետաքրքիր էր իմանալ, օրինակ, որ մահվան շեմին գտնվող Ֆելինին ափսոսում էր, որ այլևս չի հասցնի նորից սիրահարվել: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է վերջինիս` ամենակենսասեր ռեժիսոր համբավը: Գուերան ավանդեց երիտասարդներին, որ իր կյանքի գերագույն պահերը մարդն ապրում է, երբ սիրահարված է, և այդ ժամանակ է, որ նա մերձենում, մոտ է լինում Աստծուն:

Շատերիս համար հուզիչ էին հատկապես մեր երկրի մասին նրա խորհրդածությունները: Գուերան ասաց, որ իր համար Հայաստանը «ուղղաձիգ, դեպի երկինք տանող ուղևորությունների երկիր է: Իսկ ամենաշատն ապշեցնում է թուլության ուժը, այն` թե ինչպես են վանականներն իրենց աղոթքներով փափկեցրել, ձևափոխել կոշտ ժայռերը»: Նրան հատկապես հիացրին Գեղարդն ու Նորավանքը: 86-ամյա մաեստրոյի խոստովանությամբ, այցելությունը Հայաստան շատ բան փոխեց նրա մեջ, թեև իր երկար կյանքի ընթացքում շատ գեղեցիկ տեղերում էր եղել. «Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչը կնախընտրեմ այսօր` որևէ լավ ֆիլմ, թե եկեղեցի տեսնելը, կպատասխանեմ` եկեղեցին»:

Քսաներորդ դարի մեծագույն սցենարիստ ճանաչված Տոնինո Գուերային, այդուհանդերձ, ամենից շատ ցնցել էր հայոց այբուբենին նվիրված հուշարձանը` իբրև եզակի կոթող. «Սկզբից այն ներկայացավ ընդամենը հետաքրքիր և տեսարժան, բայց շուտով այդ լեզվի մեջ ամփոփված կանչը հասավ ինձ… Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը: Եթե այբուբենը կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի խշխշոցի: Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է` կդադարի գոյություն ունենալուց»:

Ահա տարիներ առաջ հնչած այս իմաստությամբ էլ ավարտենք Հայաստանում կայացած վարպետության դասերի մեր մասնակի վերհիշումը:

Սիրանույշ Գալստյան