Աշխարհում մոլեգնող համավարակը նոր մարատահրավերներին զուգահեռ նոր աշխատանքային կանոններ ու մոտեցումներ է թելադրում։  Հայաստանն անմասն չմնալով այս ամենից փորձում է այլընտրանքային ուղիներ ու նոր գոծելաոճ ձևավորել հայկական  կինոիրականությունում։ Համավարակի բռնկումից հետո, 2020 թ․մարտից Հայաստանում դադարեցվեցին բոլոր տեսակի շփումները,  այդ թվում՝  կանգնեց  նաև ֆիլմերի արտադրությունը (նկարահանումներ, հետարտադրություն և այլն)։ Հետևաբար, բոլոր այն կինոնախագծերը, որոնք արդեն ունեին պայմանավորվածություններ նկարահանումների համար՝  կանգնեցվեցին։

Ահա, այս իրավիճակը փոքրիշատե մեղմելու նպատակով էլ Հայաստանի ազգային կինոկենտրոնի  (տնօրեն՝ Շուշանիկ Միրզախանյան) և Հայաստանի հանրային հեռուստաընկերության  (խորհրդի նախագահ՝  Արայիկ Շիրինյան) պատասխանատուները միավորվել են և միասնական ուժերով  փորձելու են աջակցել  «ՕՐԴԵՐ»  արտադրող ընկերության նախագծին՝  Հայկ Օրդյանի (ռեժիսոր)  «Զուլալի»  ֆիլմն ավարտին հասցնելու համար։

Հարկ է, նշել, որ նման աշախատաեղանակը նորություն է հայկական կինոմիջավայրում։ Ելնելով ստեղծված իրավիճակից  երկու պետական կառույցներ միավորվելով փորձում են դուրս գալ շահած, որպեսզի առաջին հերթին  պետության ներդրած աջակցության գումարները նպատակին ծառայեցվեն։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը համոզված է, որ  երկու պետական կառույցների միջև նման համգործակցության այս փորձը ունենալու է դրական արդյունք։ Ավելին, նա գտնում է, որ այն պետք է դառնա շարունակական՝  ներառելով նաև այլ նախագծեր, որոնք գրավիչ կդառնան  արտերկրի ներդրողների համար։

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արայիկ Շիրինյանը փաստեց, որ  համագործակցության գաղափարը Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարինն է ամբողջապես, քանի որ նրա ուղարկած նամակ-առաջարկից հետո են սկսվել բանակցությունները։ Նա հավելեց նաև, որ իրենք մեծ պատասխանատվությամբ են ստանձնել այս համագործակցությունը, քանզի գիտակցում են, որ այսօր մեր պետության յուրաքանչյուր աջակցություն պետք է նպատակային լինի։ «Հանրայինի  աջակցությունը ոչ միայան գեղարվեստական արտադրանք ունենալն է, այլ   COVID-19-ը համավարակի տնտեսական հետևանքները վերացնելը։ Այս պարագայում՝ աջակցել  ֆիլմի ավարտմանը »-ասաց նա։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ֆիլմին կազմում է 40 մլն դրամ, իսկ Հանրային հեռուստաընկերությանը՝ 20 մլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությունը ստանձնել է ֆիլմի տեղեկատվական և քարոզչական  (PR)՝  աշխատանքները: