Հայաստանում՝ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը, կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական կինոտոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը։

Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ  գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները: Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի  դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝  օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝  Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Տեղեկացնենք նաև, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկված բոլոր ֆիլմերի ուղերձը բացառապես մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներն են:

Փառատոնն իրականցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ։