Դեռ երեք տարեկանից գիտեի, որ դերասան եմ դառնալու, և իմ շրջապատում էլ ոչ ոք չէր կասկածում: Ինչպե՜ս էի համոզված, որ ծնվել եմ մարդկանց ուրախություն պատճառելու, նրանց հոգեցունց պահեր պարգևելու համար: Ու դեռ վաղ տարիքից, երբ պատմում էի տեսածս ֆիլմերը, կարդացածս գրքերը` արդեն ունեի հանդիսատեսի զգացողություն և չէի խնայում ինձ: Սակայն հիմա հանդիսատեսի հետ երես առ երես քիչ եմ հանդիպում, ավելի շատ կինոյում ու հեռուստատեսությունում եմ զբաղված, քան թատերաբեմի վրա: Եվ թատրոնում կարծես հաջողակ էլ չեմ: Ինչո՞ւ` կհարցնեք: Երևի չգտա իմ ռեժիսորին: Վարդան Աճեմյանի կուրսն ավարտելուց հետո նրա հետ աշխատելու բախտը չունեցա: Մայիս Կարագոզյանը, որին ես Սևաչերյան եմ ասում, վերջերս նայեց Աճեմյանի լուսանկարին ու ասաց. միակ ռեժիսորն էր, որից վախենում էի: Ինչո՞ւ` հարցրի: Իմ արած մի բանի դիմաց, ինքը տասն ուներ: Ինքն իրոք շատ ուներ, հսկա էր, տարբերակներ, անհամար տարբերակներ: Իսկ երբ դերասանն էլ առաջարկում էր իր տարբերակները` արդեն ճշմարիտ ձուլում էր լինում: Իմ ձուլումը չեղավ:

Եվ փաստորեն աշխատել եմ ութ տիպի թատրոնում: Տիկնիկային, Պատանի հանդիսատեսի, Դրամատիկական, Սունդուկյան, հեռուստատեսային, ասմունքի և ռադիո թատրոններից բացի, կինոնկարահանումներն ինձ հանդիպեցրին նաև այսպես ասած կինոյական թատրոնի հետ: Դերասանի իմ տեսակը սիրում է կերպարը կառուցել իր զգացածի պես, ազատորեն մտնել իր հերոսի մորթի մեջ: Ես չեմ սիրում, երբ ինձ հանձնարարում են, պարտադրում, կաշկանդում: Մանավանդ որ չուզածդ պիեսում չուզած դեր ստանձնելն ինքնին արդեն պարտադրանք է: Իսկ պարտադրանքից իմ մեջ շատ բան է մեռնում: Ասում են, թե կա Ազատ կամ Ազատություն անունով թռչուն` հենց ցանցը զգում են, որ բռնեն` սիրտն իսկույն պայթում է և աշխարհի ոչ մի կենդանաբանական այգի չկարողացավ ի ցույց դնել այդ թռչունը: Դերասանի այս տեսակը պետք է հաշվի առնվի: Ուզածս ազատությունը ես վայելեցի Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» հեռուստատեսային բեմադրության մեջ և Շոշայի կերպարը ստեղծելու համար շնորհակալ եմ ռեժիսոր Բիտյուտսկայա-Էլիբեկյանի վստահությանը: Ափսոս, հետաքրքրական այդ բեմադրությունը ոչ մի գնահատական չստացավ: Ասենք քչով գոհացող դերասաններս արդեն սովոր ենք իբրև գնահատական ընդունել ժպիտներն ու ձեռքսեղմումներն անգամ: Ստեղծագործական ազատությամբ շնչավորվեց և նախկին պետական անվտանգության կոմիտեի սպա, ճիվաղ Սարկիսովի իմ դերը` Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում:

Մի՞թե զարմանալի է, որ մեր հանդիսատեսը բացասական դերերն ավելի է սիրում: Խնդրեմ` «Մենավոր ընկուզենու» Ռազմիկը: Ջիգարխանյանը վարպետորեն ցայտունացրել, վառ գույներ էր տվել իր կնամոլ, սանձարձակ, էլ չգիտեմ ինչ հերոսին, որ նաև տքնաջան աշխատավոր է: Եվ հանդիսատեսը պիտի որ հրճվի նման փայլուն մեկնաբանությամբ ու անհաղորդ մնա Ուսուցչի, մեր պատմությունը կերտող մտավորականի կերպարի հոգեկան տվայտանքներին: Ուրեմն դրական կերպարները պետք է անձնավորեն հմուտ դերասանները: Գիտե՞ք ինչ դժվար էր իմ հյութեղ Շոշայից հետո «Երջանկության մեխանիկայի» Ռուբենին ստեղծելը: Ինչպես ասում են` մի պաղած տոլմա, խռոված աշխարհից, քաշված մի անկյուն: Իրեն չեն հասկանում, չեն լսում, թեև հրաշալի գլուխ ունի, ստեղծագործող ինժեների միտք: Եվ հանկարծ մի աղջիկ մտնում է սրա հոգու մեջ, վառում սիրտն ու թոքերը: Սիրում է ու վերջ և չի էլ տատանվում, որ այդ կինը երեխաներ ունի: Սերը բարձրացնում է մարդուն: Նման մարդիկ են բարության թեման տանում, և երկրագունդը նրանց ուսերին է:

Չարենցն իմ ստեղծած ողբերգական կերպարների շարքում է: «Երկունք» ֆիլմում բանաստեղծի կյանքից ներկայացվում է ընդամենը մի էջ: Չարենցն իմ մեջ կար, գիտեի այդ բանաստեղծական աշխարհը, սակայն նկարահանման առաջին օրը դողն ու սարսափը պատել էր ինձ: Եվ անսպասելի բան կատարվեց: Նստեցի հայելու առաջ, աչքերս փակեցի` մտքիս մեջ գլորվում էին Չարենցի տողերը, կողքից էլ լսվում էին և Ֆրունզե Դովլաթյանի` «լավ է, լավ է», և Ալիկ Յավուրյանի` «շատ ճիշտ է» ռեպլիկները: Եվ երբ մի երեսուն րոպե հետո աչքերս բացեցի` դիմացս, հայելու մեջ Չարենցն էր: Ուղղակի քարացա, ոչ մեկին չեմ նայում, ոչ մեկի հետ չեմ խոսում, որ նա չգնա, չցնդի… Թեպետ ասեմ, որ մինչև նկարահանվելը այնքան բան է ցնդում ու կորչում: Մեր կինեմատոգրաֆիան կարծես ուտում է դերասանին, արագ աշխատելու մեթոդ չկա, որ դերասանը պատրաստ լինելուն պես իսկույն նկարվի: Մինչև ռեժիսորը էնտեղ կգնա, էստեղ կգա, մինչև մի լույսը հանեն, մյուսը դնեն` շատ բան կկորչի: Անմիջապես զուգահեռ տանեմ Կառլեն Վարժապետյանի «Երկիր Նաիրի» հեռուստատեսային բեմադրության հետ: Ինչ խոսք, ես այստեղ ավելի ազատ էի և ներկայացնելու էի Չարենցի ամբողջական կերպարը, իր հայրենիքի տառապած զինվորին, իր ժողովրդի ողբերգություններով ապրող ողբերգակին: Եթե նայեք իմ այս  Չարենցի աչքերին` կզգաք, թե ինչպես էի խորացել իր էության մեջ: Թատրոնը ամենախանդոտ սիրուհուց խանդոտ է, նա չի թողնում, որ այդ օրերին որևէ ուրիշ բանով զբաղվես, և եթե տրվեցիր ամբողջությամբ` կշահես: Ինչքան կուզենայի երրորդ անգամ էլ անդրադառնալ Չարենցին. Ռազմիկ Դավոյանը պիես է գրել Չարենցի մասին, նույնիսկ հասցրել իր վերջին ժողովածուում զետեղել, բայց բեմադրելու մասին առայժմ խոսք չկա: Իսկ տարիքս անցնում է:

Նորերս ցավով հրաժարվեցի «Երևանի ուղղիչ տունը» հեռուստատեսային բեմադրությանը մասնակցելուց` 25-ամյա Չարենցին 45 տարեկան դերասանը ինչպե՞ս ներկայացնի:

Դերասանը պիտի կարողանա իրեն առաջարկվող դերերից հրաժարվելու քաջությունն ունենալ: Կան, չէ, դերեր, որ քոնը չեն և չեն կարող լինել: Ուզենալն ու կարենալը տարբեր բաներ են: Ես օրինակ չէի ուզենալ Փարաջանովի մոտ նկարահանվել, որովհետև ինձ միանգամայն օտար է իր կինոմտածողութունը, ես կասեի` իր կտավային կինոարվեստը: Այնտեղ ամեն ինչ արտահայտվում է ստատիկ միջոցներով, իսկ իմ համոզմամբ դերասանի, դերասանական արվեստի տարերքը խաղայինն է: Դերասաններս զգույշ պիտի լինենք հատկապես դրսից առաջարկվող դերերին` կարո՞ղ ես որևէ բան ավելացնել քո արածին: Եթե ոչ` հրաժարվիր:

Բացի այդ` արվեստը նաև հայրենիք պիտի ունենա, մտածողություն, որ ցավոք ոչ բոլորս ունենք: Եթե հայ դերասանը Համլետ է խաղում, ապա պիտի իմանա 15 թվականի եղեռնի պատմությունը` ասում էր Փափազյանը: Թվում է, թե ինչ կապ, բայց իրականում կա այդ կապը և կա այդ պարտադիր պայմանը: Եվ հիմա մեր թատրոններում, կինոյում, հեռուստատեսային բեմադրություններում շատ դերակատարումներ միջուկ չունեն, դերի կենսագրությունն ու պատմությունը չկա: Դերն անգիր ենք անում հենց էնպես: Մենք չանցանք դերասանական վառ դպրոց, չնայած ես բախտավոր եմ, որ Աճեմյանին եմ աշակերտել և նրա մեկ տարին չեմ փոխի – թող չնեղանան ոչ ուսանողները, ոչ իրենց ղեկավարները – ուրիշ կուրսերի չորս տարվա հետ: Առօրյայում էլ կհանդիպես մարդկանց, որ դիմացդ կանգնած խոսում են ու արագ սպառվում, իսկ մարդ էլ կա, ասենք Տիգրան Մանսուրյանը, որ երեք օր էլ խոսի չես հագենա, ամեն օր նոր է ու վառ:

Այսօր ինչ լիքն են ու հոգևոր մեծ պաշարով մեր բանաստեղծները, նկարիչները, երաժիշտները: Իսկ դերասաննե՞րս: Լավ, ասենք պրոֆեսիոնալ լավ դպրոց չանցանք, բա համակողմանի ինքնակրթությո՞ւնը: Նկարչական ցուցահանդեսներին հազիվ մեկ-երկու դերասան կտեսնես, իսկ Ժան Տեր-Մերկերյանի համերգին ոչ մի դերասան չերևաց դահլիճում: Կտրվել է կամ գուցե չի եղել մեր կապը արվեստի մյուս ճյուղերի հետ, գրականության ու գիտության հետ: Իսկ դերասանական արվեստ-արհեստը իր մեջ պիտի կրի մյուս բոլոր մասնագիտությունները և ոչ թե դիլետանտի նման, այլ գիտակի պես: Ժան Լուի Բարոն Փարիզի ռադիոյով յոթ օր շարունակ կես-կես ժամ տևողությամբ դասախոսություն էր կարդում (ընկերս ձայնագրեց ու թարգմանեց ինձ): Եվ Բարոն բժիշկ էր, ճարտարապետ, նկարիչ, փիլիսոփա, գրականագետ` մեծ մտածող: Ապշում էի, բայց հետն էլ զուգահեռ հիշում մեծն Փափազյանին: Սակայն ինչքան կարելի է մեր մեծերին մտաբերելով հանգստացնել ինքներս մեզ:

Մեր թատրոնի այսօրվա մակարդակի համար հավասարապես մեղավոր է և մեր հանդիսատեսը: Այո, հարգելիներս, դուք որ պահանջկոտ լինեիք, մենք այսօր չէինք ընկնի: Ինչ ձեզ հրամցրին` ընդունեցիք, հեշտ ու հանգիստ տարաք: Լավին էլ ծափահարեցիք, վատին էլ: Եվ ձեր այդ «անտարբերության» պատճառով չէ՞, որ այսօր հեռավոր շրջաններից ավտոբուսներով հանդիսատեսին բերում են թատրոն, պարտադրում նայել ու ծափահարել: Իսկ մայրաքաղաքի օտարամոլ ու քաղքենի բնակիչները ոչ միայն չգիտեն իրենց դերասաններին, այլև հայ գրողի գիրք քիչ են կարդում, հայ բանաստեղծություն գոց չգիտեն: Իսկ բավական է «Դրուժբա» թատրոնով մեկը գա, լավ-վատ չեն հարցնի, թատրոնի դռները կկոտրեն, տոմսերը կտանեն հեռախոսազանգերով և կմբոշխեն իրենց նախընտրած թատերական արվեստը:

Մենք նկարիչների նման պայծառ չպահեցինք մեր ներկապնակի բոլոր գույները, բավարարվում էինք մեկ-երկու երանգով: Ահա թե ինչու մեր ոչ ողբերգությունն իր մակարդակի վրա մնաց, ոչ կատակերգությունը: Սովորաբար թատրոնների ադմինիստրատորներն են կազմակերպում տոմսերի տարածումը, ուրեմն և իրենք են հավաքում, կազմակերպում դահլիճը և մեր «ապրանքը» ծախում ըստ իրենց ճաշակի: Իսկ կա՞ արդյոք ճաշակավոր ադմինիստրատոր: Նա տոմսը վաճառում է իրեն մատչելի դերասանին պրոպագանդելով, իսկ դա այն դերասանն է, որ փչացրել է իմ և մեր հանդիսատեսին: Եվ եթե այսօր աշխարհի ամենամեծ կոմիկը Հայաստան գա` նրա արվեստով ոգևորվող չի լինի, նրա խաղը ծիծաղ չի հարուցի, քանի որ մեր հանդիսատեսի մեջ կարծես թե  մեռել է ճշմարիտ կոմիզմի զգացողությունը: Այսօրվա մեր հանդիսատեսը ծիծաղում է ոչ թե դերասանի ստեղծած կերպարի, այլ դերակատարի ծամածռությունների վրա: Սա շատ ցավոտ, ես կասեի` անբուժելի բան է: Տարիները միայն կարող են բուժել  նման հիվանդությունը: Հիվանդություն, որ սկսեց Երաժշտական կոմեդիան և վարակեց բոլոր մյուս թատրոնները, ներառյալ և Սունդուկյանը: Հիմա սոցիոլոգը կարող է ասել, որ ամեն բան սոցիալական հիմք ունի և որ այդպես էլ պետք է լիներ: Բայց ես ուզում եմ, որ դիմադրենք, կռիվ տանք, կուլ չգնանք նման հանդիսատեսի պահանջներին: Էժանը շուտ նկատվում է, գետին ընկած փայլուն բանը իսկույն շողարձակում է, իսկ ոսկին մաքուր վիճակում անհրապույր է, շատ պիտի մշակես, որ աչքի համար էլ արժեք ձեռք բերի: Այդպես է և արվեստի մեջ. ծիծաղելին անմիջապես գրավում է հեշտ երգը, որ ասես երկու նոտայի վրա է գրված, իսկույն մտնում է ականջդ, իսկ լուրջ երաժշտությունը էդպես վեհորեն էլ մնում է իր դասական բարձունքներին: Իմ կարծիքով եթե 17-ամյա մի պատանի սիրում է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հաստատ համոզված պիտի լինենք, որ նա է մեր երկրի վաղվա նշանավոր քաղաքացին և եթե նա հասկանում է Հրանտ Մաթևոսյանի գրականությունը` ուրեմն փրկվել ենք:

Միշտ խուսափում եմ «Ի՞նչ դերեր եք երազել» հարցին պատասխանել: Նման հարց տվողը պիտի իմանա, որ բոլոր դերասանները չէ, որ երազելու իրավունք ունեն, որովհետև երբ երազում ես ու չես հասնում` ներվային համակարգդ խաթարվում է: Ես հո չե՞մ երազում տիեզերագնաց լինել, որ չկարողանան, այլ ընդամենն ուզում եմ այս դերը խաղալ: Ի դեպ, թատրոնում մի քսան դեր խաղացած կլինեմ, բայց երևելի և ոչ մեկը: Երազածներս տասը-տասներկուսն էին: Չեմ թվարկում, որ մոռանամ: Ամեն ինչ անցավ, գնաց: Բայց թեկուզ երազես էլ` որտե՞ղ ես խաղալու և ո՞նց: Փորձիր երազներիդ տեղյակ պահել թատրոնի ավագ ընկերներին, ռեժիսորներին: Ի՞նչ հեգնանքով կնայեն` երազելու իրավունք թատրոնում ունեն մեկ-երկու մարդ միայն: Անհայտ մի երիտասարդ Փարիզում բեմադրեց  Պիտեր Վայսի պիեսը և մի օրում դարձավ ճանաչված ռեժիսոր` ամբողջ Փարիզն էր խոսում նրա մասին: «Ամբողջ Երևանն է խոսում» ուրախությունը մենք վկայել՞ենք երբևէ: Մեր ավագ և միջին տարիքի ստեղծագործողները կարծես թե չեն ուզում իրենց կողքին տեսնել իրենց շարունակողին: Եթե ուզենային մեզանում այսօր վաղուց լուծված կլիներ սերնդափոխության հարցը: Կինոռեժիսորները դերաբաշխումների ժամանակ կանգնում են փակուղու առաջ` չունեն 50-ամյա առնացի տղամարդու կամ ազդեցիկ դիվանագետի տիպար, 60-70- ամյա առաքինի կերպարանքով կնոջ կամ վայելչագեղ պատանիների ու աղջիկների տիպարներ: Կտրվել է լարը, և տարիներ շարունակ մեր ֆիլմերում նկարվում են նույն մարդիկ: Էդպես կղզիացրինք ու թողեցինք: Վա՜խ է, ի՞նչ է, չեմ հասկանում: Ո՞նց կարելի է չուզենալ, որ կողքինդ լավ լինի: Գուցե ես  սխալ եմ մտածում: Բայց եթե իրենք այդպես չեն մտածել, հապա ո՞ւր են աղջիկները: Ասում են` 20-ամյա դերասանուհի չունենք, որ սիրած աղջիկ կամ սիրուհի խաղա: Չունենք, որովհետև թատերական ինստիտուտ չեն գալիս մեր ժողովրդի սիրասուն զավակները: Նրանց քաղքենի հայրերն ու մայրերը իրենց գեղեցիկ աղջկան կամ տղային ուղարկում են միայն բժշկական, իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության, իսկ թատրոնը հեղինակազրկված է ոչ միայն իր արվեստով, այլև ցածր աշխատավարձով:

Ցավ է, որ ոտնացած դերասանախմբերից խաղացանկում զբաղված են լինում հազիվ 15-20 հոգի: Մնացածներն ընկնում են թատրոն և ցմահ մնում այնտեղ` բացարձակապես ոչինչ չանելով: Բեմացա՞վ է, ի՞նչ է: Եվ ոչ մեկի մասին իրավունք չունես ասելու անշնորհք է կամ անտաղանդ: Միայն դեր տալով կարելի է բուժել նման բեմացավը: Գուցե գործին կօգներ նաև պայմանագրային սիստեմը` որոշակի ժամկետով ու աշխատավարձով: Թե չէ ամեն թատրոնում քանի՜ հոգի է աշխատավարձ ստանում: Ինչո՞ւ է մեզանում ամեն ինչ հարմարեցված միջակ կամ անկարող մարդկանց պահանջներին: Այո, մեր թատրոններում ինչքան ասես դերասան կա, բայց դա չի նշանակում, թե մենք ունենք թեկուզ 30-ականների մեր այն թատրոնը, երբ մի ներկայացման կարող էին  մասնակցել վեց-յոթ աստղ: Երկու տարի առաջ նայեցի Ստուրուայի «Նյուրբենգյան դատավարությունը». յոթ հսկա դերասան միասին բեմի վրա էին: Դահլիճոիմ նստած ինձ ուտում էի: Մեր թատրոնում քսան տարի է միասին չենք տեսել Սոսին, Խորենին, Ֆրունզին: Եվ կարծում եք դա իր վատ ազդեցությունը չթողե՞ց:

Ո՞նց կարող է երիտասարդ և բացահայտորեն շնորհալի դերասանը երկու-երեք էպիզոդ խաղալուց հետո բացարձակ անուշադրության մատնվի և ոչինչ չանելով գնա կորչի: Մուրադ Ջանիբեկյան անունով դերասան ունենք: Հազիվ 20 տարեկան էր, երբ տեսա փորձն ու զարմացած մնացի, Սունդուկյանի թատրոնի ստուդիան էր ավարտել, ապա` ինստիտուտը ու հետո… անցավ մեր բոլոր թատրոններով: Բայց ի՞նչ ենք անում մենք: Այսպես ամեն օր մարում- կորչում են շնորհալի մարդիկ: Երբ ես էլ 20 տարեկան էի ինչե՜ր կային մեջս, որ ափսոս ոչ մի տեղ չօգտագործվեցին, չիրականացան: Իսկ ի՞նչ դերասան է Տիգրան Ոսկանյանը, բացառիկ օժտվածություն, որ դարձյալ մեր թատրոնում ենք մարեցնում: Հապա Գրիգոր Կարագոզյա՞նը, մեկ ուրիշ շնորհալի, որ արդեն թողել է Սունդուկյանի թատրոնը, քանի որ իր ստացած աշխատավարձով ընտանիքը պահել չէր կարողանում:

Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ մեր թատրոնների այսօրվա տխուր վիճակը սկսվում է դրամատուրգիայից: Իրենք դրամատուրգներ այդպես չեն մտածում: Բայց ու՞ր են իրենց նշանակալից գործերը: Այո, թատրոնը շատ էր չարչարում դրամատուրգին: Բայց թատրոն չիմանալու պատճառով է, որ նա կախյալ վիճակում է ռեժիսորից ու նրա ցանկություններից` սա ջնջիր, այս չեմ ուզում, այն չեմ ուզում: Եվ դրամատուրգը գլուխն առնում է փախչում և այլևս պիես չի գրում: Հանդիսատեսներն ինձ շատ են հարցնում, ինչքա՞ն  բան անցավ մեր գլխով` ինչո՞ւ չեք արձագանքում, առանց մտածելու, որ թատրոնում դերասանն ընդամենը նրանց պահանջն իրականացնող երրորդ ու վերջին օղակն է: Ինչ խոսք, դրամատուրգիան գրականության ամենադժվար ժանրն է, իսկ լավ պիես գրելը քարակի դժվար է: Պերճ Զեյթունցյանը հրաշալի մտածողություն ունի, նրա կառուցած պիեսները իսկապես քաղաքացիական մեծ շունչ ունեն: Եվ այս օրերին մեր հանդիսատեսը լարված ներվով է նայում իր «Ոտքի դատարանն է գալիս» պիեսը, վավերագրական գործ, դատարանական սղագրությունից վերցրած, գրված է լճացման տարիներին, և անշուշտ Զեյթունցյանի դրամատուրգիային բնորոշ օրինակ չէ: Ես կուզենայի, որ նա նորօրյա շնչով վերստին անդրադառնար պիեսում շոշափվող շատ հարցերի: Վերջին ժամանակներում գրված իր հոդվածները ամեն մեկը մի-մի սուր են, ճշմարտության դաս: Թատրոնն էլ նրա հրապարակախոսության կարիքն ունի: Եվ մի՞թե այսօր, երբ մեր հայեցի մտածողության մեջ նոր ալիք է բարձրացել, մեր հոգին ծառս եղել, ասպարեզ չի գալու այն դրամատուրգը, որ չսպասի իր հետ պայմանագիր կնքելուն և պիես գրի: Բա ո՞ւր է ստեղծագործական ներշնչանքը, պայծառությունն ու մաքրությունը:

Եկեք արձանագրենք նաև, որ մեզանում փաստորեն խզված է քննադատ-դերասան ստեղծագործական կապը: Երկուստեք բացակայում է հարգանքն ու սերը, էլ չասած քաղաքացու և արվեստագետի փոխադարձ պարտավորությունների մասին: Մի հանդիպման Ռուբեն Զարյանը հիշում էր երանելի այն օրերը, երբ այնքան հեշտությամբ կարող էր քննադատվել ասենք Վաղարշ  Վաղարշյանը: Իսկ այսօր բոլորն անքննադատելի են, հատկապես նրանք, ովքեր կապված են վերևների հետ և փաստորեն պաշտպանված իրենց մասին սպասվող բացասական գնահատականներից: Եվ քննադատները հեշտությամբ ծանակեցին ու ծակծկեցին տարիքով ու փորձով փոքր դերասաններին, որտեղից էլ առաջացավ մեկ ուրիշ վիհ` արջրպետ դերասանների միջև:

Փորձեմ մի քիչ բացել դերասան-դերասան փոխհարաբերությունների մութ աշխարհը, մանավանդ որ հանդիսատեսի հետ իմ բազում հանդիպումներին ինձ հաճախ են հարցնում. Ինչո՞ւ արվեստագետներդ չեք սիրում իրար: Նախ հենց սկզբից ասեմ, որ ես չսիրողներից չեմ, հետամուտ լինելով` «շունը շան թաթ չի ծամի» ժողովրդական առածին: Եվ քանի որ որոշել ենք անկեղծ լինել, պիտի ասեմ, որ ամենամեծ ախտը բամբասանքն է` բոլորը բոլորից են և ինչե՜ր են ասում: Եվ կարծում եմ, որ նման հարաբերությունները սրում են հենց իրենք ռեժիսորները: Դերասանին դժվար է դիմանալ, երբ աչքիդ առաջ, օրը ցերեկով անտեսվում է լավ դերասանը և առաջին պլան գալիս անշնորհքը: Բոլոր թատրոններում էլ կան ռեժիսորների «լյուբիմբիկներ», որ հեշտ ու հանգիստ, առանց տառապանքի ապրում են, թեև ինչքան էլ բեմ բարձրանան, հանդիսատեսը նրանց չի սիրելու, նրանց ետևից չի գնալու: Բայց դա չի մտահոգում նման դերասաններին, ընդհակառակը նրանք զինվում են ու բոլորից անջրպետվում իրենց մեծությամբ: Եվ տգիտության հետ դաշինք կնքած` այդ մեծամտությունն այսօր ուտում է թատրոնը ժանգի պես: Ռեժիսորը հոր նման պիտի նայի դերասանին, մոր նման պիտի նայի դերասանին և դերաբաշխման ժամանակ շատ տակտով պիտի լինի ու առաքինի: Ուրիշ բան, որ ամեն թատրոն պիտի ունենա իր սյունը, սյուները, որոնց շուրջ պիտի հավաքված լինեն մյուս սյունիկները: Այդ սյուները ցավոք այսօր թատրոնում չկան, վերացվել են, աստեղային հիվանդություն են  համարել ժամանակին ու նրանց չտեսնելու տվել: Իսկ հիմա ամեն դերասան ինքն է իրեն սյուն համարում: Նման հոգեբանությունը կարծեմ գալիս է նրանից, որ ոչ մի դերասանի չեն ասում` քո հնարավորությունները, սիրելիս, ընդամենը այսքան են: Ժամանակին Գուլակյանն ասում էր` դու սա  միայն կարող ես և վերջ: Իրականում էլ այդպես է: Յուրաքանչյուրս ունենք աստծու կողմից տրված այսչափ շնորհք, այսչափ հնարավորություններ, իսկ մնացածը մեր ուժերից վեր է: Ես չեմ կարող Համլետ խաղալ, ոչ էլ Օթելլո կամ Լիր: Սա ես պիտի հասկանամ, գիտակցեմ: Վերջապես ամեն մարդ իրոք ունի իր ամպլուան: Մի օր Աճեմյանը դասի ժամանակ ասաց, որ ամպլուան մարդու տեսակն է, գույնը: Իսկ հիմա կան դերասաններ, որոնց համար խաղ ու պար է դասական դերացանկի որևէ դեր խաղալը…

Ուզում եմ հիշել, թե վերջին տարիների դերասանական ո՞ր կերպավորումներ են մնացել հիշողության մեջ: Հեռվից գամ` Սոս Սարգսյանի Մացակ Ավագյանը, Մսրյանի Հերոստրատը և ամենաթարմը` «Սիրելի Ելենա Սերգեևնայի» դերասանական քառյակը, չանտեսելով բնավ Վարդուհի Վարդերեսյանի կերտած կերպարը: Չորս ջահելներ, որ հրաշալի են և կարող են առանձին-առանձին զարդարել ուզածդ թատրոն: Սակայն մեկ տարի է անցել, և այդ դերասաններին ոչ ոք կարծես նոր խաղի մեջ դնելու ցանկություն չունի: Ինչո՞ւ մեկ տարի կորցնել: Ինչո՞ւ «Արվեստը» չի գրում, չի պահանջում, չի բողոքում ստեղծագործական նման պարապուրդի դեմ: Մեր հանդիսատեսն ու ձեր ընթերցողը հոգնած մարդ է և նամակ գրելու վարժություն չունի, նրանից որևէ ահազանգ մի սպասեք: Ամսագիրն ինքը պիտի պահանջի` թատրոնին մշտապես հետևող աչք է պետք: Ցավում եմ, բայց բոլոր այս տարիներին, ինչ ես արվեստում եմ, մեր բեմերում չեմ տեսել բնածին տաղանդով օժտված 20-35 տարեկաների: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը: Նրանք կան գրականության, երաժշտության ասպարեզում, նաև պարարվեստում: Իսկ թատրոնո՞ւմ, չկա՞, չի՞ եղել, թե՞ չենք տեսել: Մեղավորներին հեռվում մի փնտրեք, մեղքի մեծ բաժինը Գեղարվեստա-թատերական ինստիտուտի սարից այն կողմ չտեսնող ռեկտորատինն է` իր դասախոսական կազմով, ապա գալիս են թատրոնների ռեժիսորները և վերջապես` մեր թատերագետները: Ես կարող եմ ասել անուններ, որ ասպարեզ եկան, բայց այդպես էլ չհնչեցին, անհատներ չդարձան, որովհետև ռեկլամ չեղավ նրանց շուրջը, որովհետև ի լուր ամենքի չասացինք, թե այս նոր ծնվող աստղը մերն է և նրան պիտի փայփայել: Իսկ տաղանդավորները, ինչպես գիտենք, նուրբ են ու փխրուն և շուտ են վիրավորվում, ճիշտ է հիմնովին չեն կորչում, բայց շատերը թողնում են մեր ասպարեզը:

Մայր թատրոնի վիճակը այսօր հրաշալի չէ, կասեի` բավարար էլ չէ: Դերասան իրեն լավ չի զգում այնտեղ: Եվ սա ցավով եմ ասում, որովհետև մայր թատրոնի այդ վիճակը անպայման իր ազդեցությունը կթողնի նաև մյուս թատրոնների վրա: Մեր 30 տարեկանների աչքերում արդեն մարել է արվեստին, բեմին ծառայելու հույսը: Կուլիսային խոսակցություններ, բամբասանք, իրարամերժ հարաբերություններ, նույնիսկ ատելություն: Իմ թատրոնում ես էլ եմ վատ զգում: Երեք տարի և ընդամենը մեկ դեր, թեպետ թատրոնում շատերն ինձ կհամարեմ ավելի բախտավոր` իրենք տասը տարում են մեկ դեր խաղացել: Ի դեպ, գերմանացի դատախազի` մեր թատրոնում իմ այդ միակ դերակատարումը, Սողոմոն Թեյլերյանին նվիրված ներկայացման մեջ, շատերին դուր է գալիս, իբր նույնիսկ հարստացնում է իմ դերացանկը: Ստեղծագործելու իմ պահանջը փորձում եմ լրացնել ասենք ասմունքով: Արտասանում եմ, ավելի ճիշտ խաղում եմ բանաստեղծությունը Ազնավուրի երգելու պես, պատմելով բանաստեղծի տառապանքը, հոգսը, նաև ճիչը` իմ ընկալմամբ: Ես դառնում եմ իմ ընտրած բանաստեղծությունների համահեղինակը: Բայց կան և փրկության ուրիշ խարիսխներ` հեռուստատեսություն, կինո: Եվ այդպես դիմադրում ենք «ոգու սովին»: Հիշո՞ւմ եք Իսահակյանի` «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով…»: Այժմ  մեզ կարող է օգնել ղարաբաղյան սուրբ շարժումով օծված մեր հոգեկան զարթոնքը, որ ինչպես ամբողջ ժողովրդին, այնպես էլ արվեստագետներիս հնարավորություն կտա թոթափել հին բեռներ և առաջ նայել, բայց միշտ հիշելով, թե ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և դեպի ո՞ւր ենք գնում: Մեր ստեղծագործողներին այսօր պակասում է սեփական երկրի, հողի, ջրի զգացողությունը: Բանն այնտեղ է հասել, որ նրանք հաճախ, ինչպես դիպուկ նկատել է Հրանտ Մաթևոսյանը` մեր անտառների, ջրերի, լեռների տեղն էլ չգիտեն, անուններն էլ և այդպես կիսագրագետ դեռ ուզում են ապացուցել, թե իրենք արվեստագետ են, հետն էլ` տաղանդավոր:

Մեր թատրոնն այսօր չի կարողանում արձագանքել իր ժողովրդի հոգեկան խլրտումներին: Մեր թատրոնը պիտի արթնանա քնից և նորից անցնի առաջնորդի իր դերին, քանի որ նա է իր մեջ սինթեզում մյուս բոլոր արվեստները: Թատրոնը ծնվել է եկեղեցուց: Եկեղեցին թատրոնի  մեծ մայրն է: Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ եկեղեցում, պատարագին ունկնդիր, խաչ են հանում իրենց երեսներին, համբուրում դուռը` մտքում իրենց խնդրանքն առ աստված, իսկ այսօր թատրոն են գալիս միայն ժամանցի համար, իրար տեսնելու, հագուստներ ցուցադրելու մղումով: Կորել է հավատը թատրոնի հանդեպ: Մենք էլ, ներսում լինելով, այլևս չենք հավատում, մեր սերն էլ կամաց-կամաց մարում է: Եթե սեր չկա, հավատք չկա, ուրեմն կյանքն էլ այն չէ և արվեստը, մարդկության պատմության մեջ ստեղծված այդ մասմաքուր տարածքը ամենից շուտ է աղտոտվում, կծկվում: Արվեստը չի կարող դիմագրավել հողմերին: Բայց արվեստագետը ծնված է իր ժողովրդի հոգևոր մշակը լինելու համար և պիտի վառ պահի իր հոգու լապտերը, իր սրտի կրակը: Չէ որ ամեն մարդու մեջ չի դրվում նկարչի տաղանդ, երաժշտի տաղանդ, դերասանի տաղանդ և եթե ճիշտ է Թումանյանի ասածը, որ «իր տվածն ենք տալիս իրեն», ուրեմն և սրբությամբ կատարենք մեր մեծ պատվիրանը` ապրենք ու ապրեցնենք:

Ազատ Գասպարյան, Արվեստ, 1990թ․( 3)

Հ․Գ․ Այսօր սիրված դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է. Գասպարյանն այսօր կդառնար 77 տարեկան:  1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի №1 միջն. դպրոցը, 1970թ.`   Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը`   ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.`   Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում: 

Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմում`   «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչու՞» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.) և այլն: Առավել հայտնի և սիրված են Ազատ Գասպարյանի մասնակցությամբ «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերը:

 Նկարահանվել է նաև շուրջ 30 հեռուստաբեմադրությունում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում`   ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ և այլն: Հեղինակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (2000թ.) գիրքը, մի շարք տեսա-ձայնասկավառակներ: Մահացել է 2013 թ. օգոստոսի 2-ին՝ Երևանում:

2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: