Մինչև «Արարատի» ասպարեզ գալը մշտապես հնչող այն հարցին, թե մտադի՞ր չէ ֆիլմ նկարահանել Հայոց եղեռնի մասին, Էգոյանը պատասխանել է. «Իմ բոլոր ֆիլմերն էլ եղեռնի մասին են»:
Մի առիթով նա խոստովանել է, որ իր «հայկականությունն օգտագործում է որպես փոխաբերություն», ասել է թե՝ էգոյանական ֆիլմերում շարունակ հոլովվող կորստյան, ցավի, արիության, հատուցման մոտիվները թելադրված են նրա ազգային ինքնության գենետիկական հիշողությամբ:
Ըստ էության, սա է կանխորոշել Էգոյանի գործերի թեմատիկ շրջանակը, եթե անգամ այդ գործերը «Էկզոտիկա»-ի, «Լուսավոր գալիքի» կամ «Ֆելիսիայի ուղևորության» նման արտաքուստ չեն առնչվում սփյուռքաբնակ հայի նրա ինքնագիտակցությանը (Էգոյանը մատնանաշել է, որ նույնիսկ զուտ կանադական այնպիսի ֆիլմում, ինչպիսին է «Ապահովագրական գործակալը», «կարելի է շատ բան հասկանալ, թե ինչ է նշանակում սփյուռքաբնակ լինել, և որն է նման մարդու հոգեվիճակը»): Իսկ այդ ինքնագիտակցության ավելի ուղղակի, անմիջական դրսևորումները կարելի է գտնել Էգոյանի վաղ շրջանի գործերում («Հարազատներ», «Ընտանեկան դիտում», «Ոչինչ որոնելիս», «Օրացույց») և, ինչ ասել կուզի, կանադացի Էգոյանի հայկականության ապոթեոզը դարձած «Արարատ»-ում: Ուսումնառության և նշված վաղ շրջանի մասին խոսելիս Էգոյանը պատմել է. «Ես առաջին անգամ հասկացա, թե ինչպես կարելի է ազգությունդ որպես արդարացում օգտագործել: Կարելի է դեր խաղալ: Ես խաղարկում էի իմ հայկականությունը: Օգտագործեցի դա, որ ինքնություն կերտեմ: Օգտագործեցի անվստահությունս թաքցնելու համար»:
Զավեն Բոյաջյան