Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները  հայտարարել են, որ այն չի անցկացվելու առցանց, սակայն կրճատվելու են  պաշտոնական ծրագրերի ֆիլմերի թիվը։ Միաժամանակ, հիմնական մրցութային ծրագրերի ցուցադրություններն անցկացվելու են անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանումով՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ screendaily.com   -ի հաղորդմամբ, Վենետիկի փառատոնը անցկացվելու է  սեպտեմբերի 2-12-ը՝ Լիդո կղզում։

Վենետիկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո՝ փակված աշխարհում, վենետիկյան կինոստուգատեսը կլինի առաջին խոշոր միջազգային իրադրձությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, առցանց կանցկացվի միայն «Վիրտուալ իրականություն» մրցույթը, որի շրջանակում ներկայացվելու են խառը տեխնիկայով փորձարարական աշխատանքներ՝ եռաչափ պատկերի օգտագործումով: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Լիդո կղզու սրահներում: Կազմակերպիչներն այս տարի որոշել են հրաժարվել  Sconfini-ի արտամրցակցային մասից, իսկ որոշ ծրագրեր էլ կտեղափոխվեն  Բոլոնիա, որտեղ օգոստոսի 25-31-ը ցուցադրություններ կանցկացվեն Բոլոնիայի պատմական սինեմատեկում:

Փառատոնի ամբողջական ծրագիրը կհայտարարվի հուլիսի 28-ին։