Վահագն Խաչատրյան. Կինոն ազատ գոտի է
Ռեժիսոր Վահագն Խաչատրյանն այժմ աշխատում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի վրա: Չինաստանում, Պորտուգալիայում, Հունգարիայում և Բելգիայում սովորելու ընթացքում ռեժիսորը նկարել է կարճամետրաժներ, մասնակցել բազմաթիվ միջազգային կինոփառատոների:
Կորոնավիրուսի մեկուսացման պայմաններում Վահագնի հետ զրուցել ենք կինոյի, ու այն ամենի մասին, ինչը նպաստում կամ խանգարում է լավ կինոյի ստեղծմանը:
Փոփոխություն ամեն ինչում
Դպրոցից հետո մասնագիտական ընտրություն, ինչպես շատերը, արեցի ընտանիքիս խորհրդով: Հայտնվեցի Քաղաքագիտության ֆակուլտետում, որտեղ 1,5 տարի սովորելուց հետո հասկացա, որ ընդհանրապես կապ չունեմ դրա հետ: Բայց, խնդիրը միայն մասնագիտությունը չէր: Շատ էի ուզում մեծ քաղաքում ապրել, այլ միջավայրում լինել: Սկսեցի հետաքրքրվել արտերկրում սովորելու հնարավորությունների մասին ու իմացա, որ մեր պետությունը Չինաստանի հետ միջպետական ծրագիր ունի, որին այն ժամանակ (2008թ.) քչերն էին դիմում: Որոշեցի փորձել ու քննությունները հանձնեցի «ինչ կլինի, կլինի» սկզբունքով: Ստացվեց: Ընդունվեցի Պեկինի ֆիլմակադեմիա՝ հեռուստատեսային կինոարտադրության բաժին: Այն շատ հայտնի կինոդպրոց է Ասիայում: Երբ մեկնում էի, լեզու չգիտեի ու տեղում` մասնագիտական կրթությունից առաջ, 2 տարի չինարեն սովորեցի:
Չինաստանում մոտ 6 տարի ապրեցի, շատ հետաքրքիր էր ու ոչ այնքան բուն ուսումը, որքան շուրջդ եղածը: Շատ հարուստ ինստիտուտ է՝ սեփական 2 կինոթատրոնով, տեսախցիկներով ու կրթության համար անհարժեշտ այլ հնարավորություններով: Կանադայից, Ավստրալիայից մինչև Ֆիջի կղզիներից ուսանողներ կային բուհում:
Ու չնայած կինոարտադրության բաժնում էի սովորում` հասկացա, որ ինձ շատ է դուր գալիս կինոռեժիսուրան: Ավարտելուց առաջ նկարեցի առաջին ամբողջական վավերագրական ֆիլմս` Պեկինում ապրող միգրանտ ընտանիքի մասին: Այդ ֆիլմիս հետ շատ եմ կապված:
Չգիտեմ, Երևանից Չինաստան մեկնելիս վախ կամ գոնե դրան մոտ զգացողություն ընդհանրապես չկար: Շատ մեծ ցանկությամբ ու ոգևորությամբ գնացի: Ճիշտն ասած, մի քիչ էլ հոգնածություն կար՝ արժեհամակարգից, շուրջս եղած հետաքրքրություներից: Նոր աշխարհ բացահայտելու մեծ ցանկություն ունեի, որը մինչև հիմա էլ չի սպառվել:
Մարդկային պատմություններ՝ Կամերունից մինչև Նիգերիա
Չինաստանում սովորելուս ընթացքում ամենափոքր բաներն, ամենաննշան թվացող իրավիճակներն ազդեցություն են թողել ինձ վրա` սկսած առաջին անգամ մենակ ապրելուց: Առաջին անգամ ապրում ես լրիվ օտար մարդու հետ միևնույն սենյակում, կիսում եք կենցաղ՝ լինելով իրարից շատ տարբեր մշակույթների կրողներ: Սկսում ես նոր լեզուներ սովորել, ծանոթանալ գունային նոր զգացողություններին: Եթե հետաքրքրվող, փնտրող մարդ ես, ապա այդ ամենը սպունգի նման կլանում ես:
Սրանք մեծ շղթայի մասնիկներ են: Դու ծանոթանում ես աշխարհի տարբեր ծայրերից՝ Նիգերիայից, Կամերունից եկած մարդկանց հետ, սկսում ես ուսումնասիրել նրանց մշակույթը, երաժշտությունը, կերակուրները: Լսում ես նրանց մանկության պատմությունները, պատմում քոնը, մի հեքիաթային աշխարհ ես մտնում: Այն տպավորվում է քո մեջ ու արտացոլվում ամբողջ հետագա կյանքումդ՝ ստեղծած արվեստից մինչև կերտած հարաբերությունները: Ինձ թվում է՝ սա շատ կարևոր է: Կուզեի, որ երիտասարդները, հատկապես՝ արվեստով զբաղվողները, ճամփորդելու հնարավորություն ունենան: Իրականում, եթե մարդը ճամփորդելու հետաքրքրություն ունի, պարտադիր չէ, որ հասնի Բուրկինա Ֆասո: Նույնիսկ Հայաստանում կամ տարածաշրջանային երկրներում էլ կարելի է ճամփորդել: Կարևորը նորը բացահայտելու, գտնելու ցանկությունն է:
Բարեբախտաբար, ծնողներս բավականին ազատ են, չէին ընդդիմանում որոշումներիս, կարողանում էին լսել ու միանգամից «չէ» չէր, ինչպես հաճախ ընդունված է մեզանում:
Փառատոնային ֆիլմեր՝ երկու դոլարով
Կինոյի առումով մանկությունից տպավորված ինչ-որ հիշողություն չունեմ՝ չնայած ընտանիքս կինոյի հետ կապված է (հայրը՝ ռեժ. Հարություն Խաչատրյան – հեղ.): Հիմա առաջին բանը, որ մտքիս եկավ երաժշտությունն է. մայրս ու քույրս դաշնակահարուհիներ են, մանկությունս երաժշտության տակ է անցել: Ու հեքիաթները հիշեցի, որ քույրս հաճախ կարդում էր ինձ համար: Եթե անկեղծ, մինչև պատանեկություն կինոյի ոլորտն ինձ համար նույնիսկ ձանձրալի էր թվում: Վերաբերմունքիս փոփոխությունը երևի Պեկինի ֆիլմակադեմիայում եղավ: Բացի այն, որ անընդհատ այդ միջավայրում էի, շուրջս անընդհատ կինո էր, հիշում եմ՝ ինստիտուտի հետևում մի փոքրիկ խանութ կար: Այդ խանութում կես դոլարով վաճառում էին ամբողջ աշխարհի փառատոնային լավագույն ֆիլմերը: Երկու դոլարով կարողանում էիր շատ ֆիլմեր գնել: Երբ նոր էի սովորում լեզուն ու ժամանակ ունեի, անընդհատ այդ ֆիլմերն էի նայում: Ինձ թվում է հենց այդտեղից էլ սկսվեց սերը կինոյի նկատմամբ: Բացի այդ, ես Չարբախում եմ մեծացել ու իմ մանկության, պատանեկության բոլոր հիշողությունները կինոյի են նման: Հետագայում, եթե կարողանում ես քո պատանեկության այդ հիշողությունները վերարտադրել արվեստում, շատ լավ բան կարող ես ստանալ:
«Արևը, լուսինը և հրացանակիրները»
Չինաստանում ֆիլմարտադրություն էի սովորում, բայց ուզում էի զբաղվել հենց ռեժիսուրայով: Երբ ավարտում էի, հունգարացի ընկերուհիս ասաց «DocNomads» ծրագրի մասին, որը 3 երկրում` Պորտուգալիայում, Հունգարիայում և Բելգիայում վավերագրական կինոյի մագիստրատուրա էր: Այդ երկրներից ամեն մեկում անցակցնում էիր 6 ամիս, սովորում տեղի ամենալավ համալսարաններում ու վերջում` երեք երկներից մեկում, նկարում ավարտական ֆիլմ: Ֆիլմի համար ընտրեցի Պորտուգալիան:
Ուսումնասիրությունների, թեմաներ գտնելու համար բավականին երկար ժամանակ ունեինք: Որոշեցի չսահմանափակվել Լիսաբոնով: Ընկերներով մեքենա վարձեցինք ու գնացինք երկրի հյուսիս՝ Իսպանիայի սահմանին գտնվող գյուղաքաղաքները տեսնելու: Դրանցից մեկն ինձ հետաքրքիր թվաց: Շատ կոլորիտային էր և ուներ հետաքրքիր կրոնական ավանդույթներ: Տեղում ծանոթացա մի երաժշտագետի հետ, որը բազմաթիվ արխիվային նյութեր ուներ: Իր մոտ նույնիսկ Կոմիտաս գտա հետո: Երբ առաջին ճամփորդությունից հետո Լիսաբոն վերադարձա, հասկացա, որ պետք է հետ վերադառնամ, շփվեմ այդ մարդու հետ: Արդյունքում այդ գյուղաքաղաքում ապրեցի մոտ մեկ ամիս, դարձա դրա մասնիկներից մեկն ու գյուղի մասին պորտրետ նկարեցի՝ «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը:
Այն, ի զարմանս ինձ (ծիծաղում է-հեղ.), փառատոնային մեծ ճանապարհ անցավ: Ցուցադրվեց Մոսկվայի, Նիոնի, Լայպցիգի, Թայվանի, ընդհանուր առմամբ, 30 միջազգային կինոփառատոներում: Փառատոները կարևոր են, դրանք պլատֆորմ են, որտեղ կարող ես ցուցադրել ֆիլմդ, որտեղ հավաքվում են մարդիկ, որոնք խոսում են մի լեզվով, հասկանում են իրար: Դրան զուգահեռ կա նաև ֆիլմերի շուկա, որը հնարավորություն է տալիս հետագա ֆիլմերիդ համար համագործակցություններ գտնել:
( ֆիլմի գաղտնաբառը (password)՝ sunmoon )
«Հինգ երազողները և ձին»
Հիմա ռեժիսոր Արեն Մալաքյանի հետ մեր նոր ֆիլմի վրա ենք աշխատում, որն արդեն մոնտաժային փուլում է: «Հինգ երազողները և ձին» կինոնախագիծը լիամետրաժ դոկուդրամա է։ Հայ-գերմանական համատեղ արտադրության այս ֆիլմի վրա սկսել ենք աշխատել 3 տարի առաջ և բավականին երկար ու հետաքրքիր ճանապարհ ենք անցել տարբեր լաբորատորիաներով՝ Ուկրաինայից, Հնդկաստանից, Չեխիայից սկսած ու էլի շատ երկրներով: Փորձել ենք հենց այն մեթոդով աշխատել, որն այսօր ընդունված է մեծ ֆիլմ անելու համար՝ լաբորատորիաները, փիչինգը, ֆորումները, համապրոդյուսերներ գտնելը, կինոթատրոններում վաճառքի ապահովումը: Մեծ աշխատանք է տարվել, շատ սիրով ու մեծ ոգևորությամբ ենք անում ամենը, որովհետև երկուսիս համար էլ առաջին լիամետրաժն է:
Ֆիլմի հիմնական թեման երազանքն է. ինչպիսի՞ն է այն տարբեր մարդկանց մոտ. որտեղի՞ց է ծնվում այն, հասնո՞ւմ են այդ երազանքին, երազանքը իրենցն է, թե՞ վերցված է որևէ մեկից: Սոցիալական տարբեր խավերի, տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց ցանկությունների ու երազանքների ճանապարն է, ինչպես են այն անցնում կամ կիսատ թողնում:
Ժամադրություն՝ ֆիլմի կերպարի հետ
Երբ դիմացինի հետ միայնակ ես, ձեր միջև յուրահատուկ էներգետիկա է առաջանում: Կապ չունի դիմացինդ ֆիլմիդ կերպարն է, այլ մարդ է, թե նույնիսկ՝ կենդանի: Համալսարաններից մեկը, որտեղ սովորում էի, ուներ հստակ դրված խնդիր՝ ֆիլմի կերպարի հետ անհատական աշխատանք. կարողանալ կապ հաստատել, ու այդ կապը վերածել պատմության:
Տեսեք, ժամադրության ժամանակ երկու մարդու միջև ինչ-որ հետաքրքրիր տարածություն, ինչ-որ էներգետիկա է ստեղծվում: Այն կա, երբ երկուսով եք ու այլ է, երբ ձեզանից բացի այլ մարդիկ էլ կան կամ ընկերական խմբով եք: Ուզում եմ ասել, երբ դիմացինի հետ մենակ ես, կապը շատ արագ է ստեղծվում:
Առաջին ֆիլմերիս վրա լրիվ մենակ էի աշխատում՝ ձայնը, նկարահանումը, ամեն ինչ ինքս էի անում: Այդ պատճառով հետարտադրական փուլում աշխատանքը կրկնակի էր, որովհետև մասնագետները շտկում էին իմ արած սխալները, ասենք օրինակ՝ ձայնագրման կամ այլ պրոցեսներում: Բայց, ես մտածում եմ, որ դրանք բացթողումներ չեն, ավելի ճիշտ՝ ձեռքբերումներ տվող բացթողումներ են:
Հացի և գույնի հարաբերությունը
«Հայաստանում կինո չկա». երբ այս արտահայտությունը լսում եմ, ինձ մի հարց է հետաքրքրում: Ո՞րն է արտահայտությունն ասող մարդու սիրած կինոն, որը չկա: Մի քանի օր առաջ նկատեցի, որ աշխարհի ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում բաց հասանելիությամբ Փարաջանովի ֆիլմն էին տեղադրել: Հիշում եմ, երբ Բելգիայում էի սովորում, մեզ դասի ժամանակ որպես վավերագրական ֆիլմի օրինակ բերում էին Փելեշյանի «Տարվա եղանակները»: Երբ ֆիլմի գունավորում էինք անցնում, օրինակներ էին բերում Փարաջանովի «Նռան գույնից»: Հիմա, եթե Հայաստանում հասարակության 3 կամ 5 տոկոսն է ճանաչում այս ֆիլմերը, ուրեմն դա կրթության խնդիրն է:
Հնարավոր չէ, որ մարդը ձգտում կամ սեր չունենա արվեստի նկատմամբ, ուղղակի նրան պետք է ծանոթացնել դրան ու անպայման ընտրության հնարավորույթուն տալ: Պետք է դա անել մանկապարտեզից, դպրոցից, համալսարաններում: Եթե մարդն իր շուրջը, ընտանիքում տեսնում է մի բան, նա ընտրելու է նույնը՝ նույն կինոն, նույն երաժշտությունը, հետաքրքրությունները: Ու ստացվում է, եթե այլ բան չի տեսնում, ուրեմն զրկվում է ընտրության հնարավորությունից. եթե մի կերակուր չի կերել, ինչ իմանա՝ համո՞վ է, թե՞ համով չէ:
Չգիտեմ, երևի պատճառն այն է, որ Հայաստանում շատ սոցիալական խնդիրներ կան ու մինչև վերջերս առաջնային է եղել «հացի խնդիրը»: Հետևաբար, հացի խնդիր ունեցողներից շատ քչերին կհետաքրքրի «գույնի խնդիրը»:
Իմ երազանքներից մեկն է, որ այստեղ լինեն հոգևոր կենտրոններ, բուժարաններ: Դրանցում մարդուն կփորձեն հեռացնել իր առօրյայից ու թույլ կտան, որ նա, օրինակ, 20 րոպե կավին ձև տա, կինո նայի կամ վրանով միայնակ մնա սարի գլխին: Այսինքն, վերադառնա նրան, ինչն ինքն է, բայց ինչից հեռացել է կյանքի հանգամանքների բերումով:
«Աշակերտ-ուսուցիչ» սխեման
Ռեժիսորների, հատկապես՝ ավագ ու երիտասարդ սերնդի միջև, պետք է հոգեբանական կապ, ընկերական շփում լինի: Կուզեմ, ինչքանով հնարավոր է, դուրս գանք վատատեսությունից: Ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն, որ օգնությունը, որն իրենք ժամանակին չեն ստացել, հիմա տան երիտասարդներին, փորձով կիսվեն:
Խորհրդային դպրոցից մեզ մոտ շատ արմատացած է «դասախոս-ուսանող» սխեման: Կուզեմ խոսել տարբերություններից, օրինակ՝ իմ դասախոսների, որոնք Պորտուգալիայում կամ Հունգարիայում էին ու պատմությունները, որոնք այստեղ եմ լսում դասախոսների հետ կապված: Խնդիր չպիտի լինի, որ ուսանողը «սիրահարվի» վարպետին ու սկսի վարպետի նման ֆիլմեր անել, ուսանողին պետք է օգնել, խորհուրդներ տալ: Ես ունեի դասախոս, որն իմ ընկերն էր: Մենք շաբաթ օրերին միասին գնում էի գարեջուր խմելու ու այդ ընթացքում զրուցում ֆիլմիս մասին: Ազատ ժամանակ հանգիստ կարող էի գնալ նրա տուն ու շփվել հետը, քննարկել մտքերս: Մինչև հիմա էլ շատ հարցերով խորհրդակցում եմ: Դա մեր իմացած «ուսուցիչ-աշակերտ» ընդունված շփումը չէ, այլ «արվեստագետ-արվեստագետ» շփումն է: Իմ շատ դասախոսներ գալիս էին համալսարան ոչ թե գումարի համար, այլ երիտասարդների թարմ մտքերը լսելու, ինչն իրենց էլ էր օգնում: Շատ դասեր անցկացնում էինք կինոթատրոններում, իսկ կինոյի ուսանողի համար դա իր եկեղեցին է: Թվում է, թե մանրուքներ են, բայց դրանք շատ են ազդում մարդու աշխարհայացքի վրա: Ես շատ կուզեմ, որ այստեղ վերանա «աշակերտ-ուսուցիչ», «դասի չգալ», «բացակա» ստերեոտիպները:
Կինոդպրոցը պետք է լինի ազատ գոտի՝ «duty free»
Ինձ համար շատ կարևոր է, որ մարդու մեջ սեր լինի ինչ-որ բանի նկատմամբ: Օրինակ՝ ինքը եկել, ընդունվել է, ուզում է կինոյով զբաղվի: Այդ մարդուն անընդհատ պետք է թևեր տալ: Մեր սերունդը բավականին կոմպլեքսավորված է, երիտասարդները խնդիրներ ունեն ինքնաարտահայտման, շփման մեջ, շատ այլ հարցերում:
Ստեղծած մի հարթակ ունենք ու այդտեղ հրավիրել էինք Ռուսաստանի կինոոլորտի ամենահետաքրքրի մարդկանցից մեկին՝ Մարիյա Ռազբեժկինային, որպեսզի սեմինար անցկացնի: Այս կինը շփվեց 17-18 տարեկան ուսանողների հետ, որոնք ֆիլմերի սցենարներ, գաղափարներ ունեին ու վերջում մեզ ասաց՝ «ո՞նց կարող է 17-18 տարեկան մարդը սենց կարծրացած մտածի», ինձ շատ վատ զգացի, ոնց որ եռացրած ջուր լցնեին վրաս:
Կինոդպրոցը պետք է լինի ազատ գոտի՝ «duty free», ոչ թե մի տեղ, որտեղ մարդը կսնի իր կոմպլեքսներն ու հետո էլ դրանք կվերարտադրի կինոյի մեջ: Արվեստին կարծրացած մտածելակերպով մոտենալը շատ խնդրահարույց է:
Նույնը վերաբերում է հանդիսատեսին: Նրան պետք է կրթել, պատրաստել փոքրուց: Մտածում ես ու հասնում պարզ, բայց ամենախորը չինական փիլիսոփայությանը՝ «Եթե ծրագիրդ մի տարով է, ցանի՛ր բրինձ: Եթե տասը տարով է, ցանի՛ր ծառ: Եթե հարյուր տարով է, կրթի՛ր երեխաներին»:
Փոքրուց մարդու մտածելակերպը նեղացնելը, սահմանափակելը բերում է նրան, որ կամայական նոր բան, որին ինքը ծանոթ չէ, բայց որը կարող է հետաքրքիր լինել կամ կարող է և չլինել, ընդունվում է որպես «սատանիզմ»:
Այն ամենը, ինչը քո ծնողները կամ ընկերենրը չգիտեն ու նրանց խորթ է, կոչվում է «սատանիզմ» կամ «LGBT քարոզ»: Թվում է այս ամենը ինչից խոսում ենք կապ չունի կինոյի հետ կամ ածանցյալ է․ բայց դա ամբողջական շղթայի մասն է, թե ինչու այսօր Հայաստանում կինոն զարգացած չէ: Եթե դու ֆիլմ ես նկարում մի բանի մասին, որը հանությունը պատրաստ չի նայել… Հասկանում եմ, որ ամեն տեղ կլինեն մարդիկ, որոնք պատրաստ չեն կամ որոնց համար որոշ թեմաներ անընդունելի են, բայց պիտի լինեն նաև մարդիկ, որոնք ընկալում են: Պետք է նրանց համամասնությունը պահպանվի: Չգիտեմ, մի տեսակ ծանր, «թթվի քարային» մտածելակերպ ունենք մենք:
Ինձ համար ամենակարևորը, որ մեզ մոտ մեծ փոփոխության կբերի, այն է, որ որոշում կայացնողների տեղում ճիշտ մարդիկ լինեն: Ճաշակ ունեցող լինեն՝ գունային, երաժշտական, մարդկային: Որպեսզի կարողանան մոբիլիզացնել այլ ճիշտ մարդկանց, ճիշտ տեղերում: Մենք շատ հետաքրքիր արվեստագետներ ունենք, որոնք իրենց տանը փակված աշխատում են: Այդ մարդկանց պոտենցիալն օգտագործել է պետք:
Խորհուրդ է տալիս ռեժիսոր Վահագն Խաչատրյանը
Աբաս Քիարոստամի «Որտե՞ղ է ընկերոջ տունը» («Where Is the Friend’s House?»), Ռոյ Անդերսոնի եռագրությունը, հատկապես՝ «Երգեր երկրորդ հարկից» («Songs from the Second Floor»), Ցայ Մինլյան «Օրեր» («Days»), Արթուր Արիստակիսյան «Տեղ երկրի վրա» («Место на земле»), Սերգեյ Փարաջանով «Մոռացված նախնիների ստվերները», Հարություն Խաչատրյան «Վերադարձ ավետյաց երկիր»։
Յանա Շախրամանյան