2020 թվականի ինքնամեկուսացման երեք ամիսների ընթացքում ֆրանսիացիները, ուղիղ ժամը ութին, պարտաճանաչ բացում էին տան պատուհանների փեղկերը և հնարավորինս բարձր ծափահարում։ Ու՞մ․ բուժաշխատողներին, որոնք իրականություն դարձած այս սարսափ կինոյի գլխավոր դերասաններն ու հերոսներն էին։ Ամիսների ընթացքում ծափահարության ուժը հիվանդների թվի հետ միասին նվազում էր՝ վերջապես լռելով լիովին։ Ֆրանսիան, հաղթահարելով հիվանդության առաջին և հուսանք վերջին ալիքը, դուրս եկավ ինքնամեկուսացման ռեժիմից՝ փորձելով վերադառնալ բնականոն կյանքին։

Վերաբացվում են ուսումնական հաստատությունները, սրճարանները, փոքր թանգարաններն ու ցուցասրահները։ Լսվում են նորից ծափողջյուններ, այս անգամ իր դասական հարթակում՝ Փարիզի հանրահայտ «Շատլե» թատրոնում, որտեղ 1987 թվականից ի վեր անց է կացվում «Մոլիեր» մրցանակաբաշխությունը։ Ֆրանսիացի նշանավոր դրամատուրգի անունը կրող այս կարևոր միջոցառումն ամեն տարի պարգևատրում է թատերական սեզոնի առավել ուշագրավ ներկայացումներն ու, իհարկե, արվեստագետներին: Այս տարի մրցանակաբաշխությունը անց է կացվել եզակի ձևաչափով՝ նկարահանվել նախապես, ապա հեռարձակվել «France 2» հեռուստաալիքով։ Մասնակիցները կատակում են՝ «Թատրոնի դերասանը նախապես ձայնագրվող դերասան չէ»։ Բայց անգամ այս տարօրինակ տարբերակով, կիսադատարկ սրահում ներկա մի քանի տասնյակ արվեստագետները ծափահարում են անկեղծ և սրտաբաց ուրախությամբ։ Ներկաների շարքում է նաև թատրոնի և կինոյի հայազգի դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանը, ում հեղինակած և բեմադրած «Էլեկտրան՝ գետնախորշերից»  պիեսը արժանանում է «Մոլիերի» երեք մրցանակի։

«Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում հաղթող ճանաչված Սիմոն Աբգարյանը սիրով համաձայնեց խոսել մեզ հետ և կիսվել իր նորություններով։

-Պարոն Աբգարյան, ինքնամեկուսացման երկար ամիսների ընթացքում, հոգեբաններն անընդմեջ կրկնում էին «Կյանքն այլևս նույնը չի լինելու»։ Ձեր կյանքը փոխվե՞ց։

-Չեմ կարծում, քանզի ես արդեն գիտեի այն, ինչ պետք է հասկանայի այս ամիսների ընթացքում։ Շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի նկատմամբ սխալ վերաբերմունքի, անիմաստ փողի և գերսպառողականության մասին ես արդեն վաղուց գիտեի։ Կարծում եմ, կյանքի նկատմամբ իմ գիտակցությունն ու աշխարհայացքը պարզապես ստացան ճիշտ լինելու հաստատում։

 –«Էլեկտրան՝ գետնախորշերից»  պիեսը հունական ողբերգության ադապտացիա է։ Ձեզ համար ողբերգությունը միջոց է խոսելու այսօրվա աշխարհի մասին. իսկ ինչպիսի՞ն է այսօրվա աշխարհը։

-Այն խորը ճգնաժամի մեջ է։ Տեսե՛ք, օրինակ, ինչ է կատարվում Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի դիմաց անընդմեջ խոչընդոտներ են ստեղծում։ Սովորաբար, ես հավատում եմ ընդդիմությանը, բայց այս դեպքում այն անառողջ է։ Առհասարակ, ողջ աշխարհում ամենը կապված է փողի երևույթի հետ, ինչը խանգարում է մեզ ապրել նորմալ կյանքով։ Ասում են, իբրև անձնական շահերը կարևոր չեն, բայց և միաժամանակ երկրորդ, երրորդ պլան են մղում մեծամասնության շահերը՝ երբեմն, առհասարակ, չարժանանալով որևիցե կարևորության։

-Այսօրվա աշխարհում գնալով մեծ ուժ են ստանում ֆեմինիստական տարբեր տեսակի շարժումները, որոնք խորքում նույն նպատակն են հետապնդում։ Անհնար է չնկատել, որ Ձեր բոլոր պիեսներում դերասանական խմբի հիմնական կորիզը կանայք են։ Ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը։ Կանանց հետ, երևի, ավելի՞ հետաքրքիր է աշխատել։ 

-Այո, կանանց հետ աշխատանքը մշտապես հարստացնող է և հետաքրքիր, քանզի նրանց ստեղծագործելու, մտածելու մեխանիզմը բոլորովին այլ է։ Ես կարիք ունեմ լսելու կանանց տեսակետը, որը հազարավոր տարիների ընթացքում լռության էր մատնված։ Ինձ չափազանց հետաքրքրում է նրանց աշխարհայացքը։ Կարծում եմ՝ տղամարդիկ շատ սխալներ ունեն շտկելու։ Երեք հազար տարի մեզ ներշնչում են, որ կատարյալ արարածը տղամարդն է, անգամ հոգևոր աշխարհում Աստծո և մարդու միջև կանգնած միջնորդը բացառապես տղամարդն է։

-«Տարածքն արական սեռի չէ», ինչպես Դուք ասացիք «Մոլիերի» մրցանակաբաշխության ժամանակ։ Այն հարկավոր է կիսել հավասար։

-Միանշանա՛կ։ Այսօր խոսք անգամ չի կարող գնալ սեռերի անհավասարության մասին. բոլոր հարցերը պետք է բարձրաձայնվեն և լուծվեն։ Կանայք այլևս տղամարդու հալածանքի կամ բռնության տակ ընկնելու իրավունք չունեն։

-Հարցազրույցներից մեկում, Դուք ասացիք, որ թատրոնում ամենահետաքրքիրը Ձեզ համար հունական ողբերգության բեմադրումն է։ Իսկ կինոյու՞մ։

-Կինոյում ինձ նախևառաջ հետաքրքրում է աշխատել կին և տղամարդ ռեժիսորների հետ, ովքեր ունեն հստակ աշխարհայացք և հավատարիմ են դրան։ Ես սիրում եմ աշխատել մարդկության մասին խոսող ֆիլմերում։ Իհարկե,ժամանակ առ ժամանակ նկարահանվում եմ նաև պակաս խորը ծրագրերում, բայց դա մեկ-մեկ թույլ է տալիս շունչ քաշել։ Ֆիլմում ինձ հետաքրքիր է խոսել աշխարհի և մարդկային հատկանիշների մասին, իսկ դա այնքան էլ հեշտ չէ ներկայացնել։ Պետք է գտնել ճիշտ ձևաչափեր, որպեսզի միաժամանակ ճնշող չլինի դիտողի համար, բայց և ամերիկյան ոճով զուտ զվարճանք չլինի։ Պետք է կարողալ հուզել մարդու հոգին և միտքը։

-Նախընտրում եք թատրոնը թե՞ կինոն։

-Չեմ կարող ընտրել հորս կամ մորս միջև։ Թատրոնն ինձ համար մի տարածք է, որը զերծ է դրամական միավորներից։ Ավելի հեշտ է, քանզի աշխատելու համար ֆինանսական խոչընդոտներ չկան։ Այնինչ կինոյում, պետք է անցնել բազմաթիվ փուլերով մինչև որևէ արդյունքի հասնելը, երբեմն կինոն մեծ գումարներ է պահանջում։ Թատրոնը մի աշխարհ է, որտեղ դեռ կարելի է ունենալ արտիստիկ, պոետիկ և մտավոր ազատություն՝ շրջանցելով պարտադիր դարձած ֆինանսական հատվածը։

-Բեմադրող թե՞ դերասան:

-Դերասանի աշխատանքը չափազանց հետաքրքիր է, բայց վերջերս նախընտրում եմ լինել բեմադրողի դերում։

-Այդ դեպքում ի՞նչ կասեք ռեժիսոր լինելու մասին։

-Այս պահին աշխատում եմ սցենարի վրա, որը հուսով եմ կսկսենք նկարահանել մյուս տարվա ամռանը։

-Հայաստանու՞մ։

-Ոչ, բայց Հայաստանի հետ կապված այլ ծրագիր ունեմ, պետք է ուսումնասիրություններ անեմ նոր թատերական ներկայացման համար։ Հույս ունեմ նաև «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսը ներկայացնել հայ հանդիսատեսին։ Դերասանական խումբը ուրախ կլինի բացահայտել Հայաստանը, որի մասին ես այդքան պատմել եմ, և որն իրենք բացահայտել են հայկական երաժշտության միջոցով։

-Ցավոք, թատրոնն այսօր Հայաստանում ծաղկունք չի ապրում։

-Խորհրդային տարիներին այն շատ բարձր մակարդակի էր։ Այդ գեղեցկությունը մնացել է ազգային հիշողության մեջ։ Երկար տարիներ մեր երկիրը գտնվել է այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք իրենց ճանապարհին ստեղծելու փոխարեն, շատ բան ոչնչացրել են։ Հավատում եմ, որ այսօրվա իշխանությունը կկարողանա թատրոնին և արվեստի մյուս ճյուղերին նորեն տալ իրեն հասանելի և արժանի ուժը։ Արվեստագետներին օգնելն այսօրվա քաղաքական դաշտի ցանկության մեջ կա, պարզապես պարոն Փաշինյանն իր թիմակիցների հետ այս պահին զբաղված է առաջնային այլ հարցերով։ Ամեն բան իր հերթին։

-Ձեր ներկայացման գլխավոր հերոսը երաժշտությունն է։ «Howlin Jaws» տրիոն, որոնց անդամներից մեկը Ձեր որդին է՝ Ջիվանը, ներկայացման անբաժան մասնիկն է։ Փաստորեն, անգամ հունական ողբերգության դեպքում, երաժշտությունը Ձեզնից անբաժան է։

-Ողբերգությունն առանց երաժշտության հավասարազոր է վազքին առանց թոքերի, թռիչքին առանց թևերի։ Անհնար է պատմել ողբերգությունն առանց երաժշտության: Հակառակ դեպքում, մենք կհայտնվենք հոգեբանական դրամայում, իսկ այն ինձ ամենևին չի հետաքրքրում։

-Համաձա՞յն եք Շեքսպիրի հետ՝ ողջ աշխարհը թատրո՞ն է։

-Միանշանակ, ցավոք ներգրավված են նաև շատ վատ խաղացող դերասաններ։

-Բարեբախտաբար, Սիմոն Աբգարյանի կյանքի գլխավոր հերոսուհին նաև փայլուն դերասանուհի է։ Ձեր կինը՝ Կատրին Շոբը, նույնպես խաղում է ներկայացման մեջ։

-Կատրինի հետ մենք մի խնձոր ենք՝ երկու կես արած, փոխլրացնում ենք իրար։ Կատրինն ավարտել է Գեղարվետի դպրոցը, նա շատ սուր էսթետիկ աչք ունի, փայլուն տիրապետում  է իր մասնագիտությանը։ Մենք իրար հետ խորհրդակցում ենք բոլոր հարցերում, սա ներդաշնակ համագործակցություն է։ Մարդիկ վուլգար ձևով ասում են՝ յուրաքանչյուր տղամարդու հետևում կանգնած է ուժեղ կին։ Իմ կինը կանգնած է ոչ թե հետևում, այլ իմ կողքին։

-«Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ Դուք ասացիք, որ թատրոնն ու գեղեցկությունը կփրկեն աշխարհը։ Կինոն կունենա՞ իր դերը նույնպես։  

-Իհարկե կունենա։ Արվեստի բոլոր ուղղությունները և բոլոր ներկայացուցիչները կունենան իրենց դերը, այդ թվում՝ կին և տղամարդ ռեժիսորները։ Եվս մեկ անգամ եմ շեշտադրում երկու սեռերի ներկայությունը, քանզի հարկավոր են երկու էներգիաները, երկու աշխարհայացքներն ու տեսակետերը, երկու գիտելիքները։ Ես հավատում եմ, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը․հակառակ դեպքում, ամենը դադարեցնեմ և գնամ պատուհանից նետվելու։ Հավատում եմ, որ բոլոր մարդիկ, որոնք մտորում են ու արարում գեղեցիկի և էսթետիզմի տիրույթում, թույլ չեն տա, որ աշխարհը խավարով պատվի:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020․թ